«Հայկական կողմից, չգիտես ինչու, չի խոսվում ՌԴ տանող ավելի կարճ ճանապարհի մասին. ծիծաղելի կլինի որևէ վստահություն ունենալ Ադրբեջանի բարի նպատակների վրա». Աշոտ Մելքոնյան

Օգոստոսի 8-ին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սպառնալիքների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ։

«Այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին, ուզում եմ հստակ լինի․ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- ասել է նա և հավելել, որ դրա վերաբերյալ առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին։

«Որ պահին Ադրբեջանը ընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը։ Հավաստիացնում եմ՝ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։ Ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիայի համար էլ։ Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, այ դա սպառնալիք է»,- ընդգծել է Փաշինյանը։

Իրականում ճանապարհի բացումը Հայաստանի համար անվտանգության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ է տալիս, որի մասին չբարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, առհասարակ ո՞վ է երաշխավորում ՀՀ քաղաքացու կյանքի անվտանգությունը, եթե այդ ճանապարհները բացվեն։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով վերը նշված հարցին՝ նշեց, որ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս գործողություններն ու հայտարարությունները՝ անվտանգության որևէ երաշխիք չի կարող լինել։

«Ամբողջ խնդիրն այն է, որ միայն խոսվում է Սյունիքով, այսպես կոչված, «միջանցքի» մասին, չի խոսվում առհասարակ բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասին։ Առավել ևս հայկական կողմից, չգիտես ինչու, չի խոսվում դեպի Ռուսաստան տանող ավելի կարճ ճանապարհի մասին, որը Երևան-Հրազդան-Իջևան ճանապարհն է, այն կառուցվել է խորհրդային տարիներին։ Այսինքն՝ Նախիջևանով գնալ պտտվել և դուրս գալ Բաքվով դեպի Դաղստան՝ ավելի երկար ճանապարհ է, քան Իջևանից անմիջապես Ղազախով դուրս գան դեպի Ռուսաստան։ Այ, երբ խոսեն առհասարակ բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասին, և այս կեղծ «միջանցքի» խնդիրը դուրս գա օրակարգից և կիրառվի որպես սովորական մի ճանապարհ՝ միջազգային օրենքներով նախատեսված, որն անցնելուց առաջ պետք է մաքսային ծառայություններ անցնեն, ապա այդ դեպքում միայն կարելի է խոսել անվտանգության մասին։

Սակայն այսօր, երբ Ադրբեջանը խոսում է «միջանցքի» մասին այնպես, կարծես թե Բերձորի միջանցքի ճանապարհի մասին համահավասար է և որևէ կերպ փաստորեն չի ցանկանում ենթարկվել միջազգային օրենքներին և հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, ապա նման պայմաններում, բնականաբար, հնարավոր չէ խոսել անվտանգության մասին»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Ըստ նրա, երբ Հայաստանը համոզվի, որ ադրբեջանական կողմը կհայտարարի, որ դրանք սովորական ճանապարհներ են լինելու, այդ ժամանակ գուցե հնարավոր լինի խոսել անվտանգության մասին։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խոսել «միջանցքի» մասին, որի վերաբերյալ տառ անգամ չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրի մեջ, հետևաբար՝ վստահության մթնոլորտի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։

«Այսօր, երբ Ադրբեջանը խոսում է, իբր Սյունիքը, Գեղարքունիքը և Երևանն ադրբեջանական են, ծիծաղելի կլինի որևէ վստահություն ունենալ Ադրբեջանի բարի նպատակների վրա։ Դրա մասին վաղ է խոսել, գուցե ամեն ինչ մնում է  ցանկությունների մակարդակում, գուցե հեռանկարում սպասվելի դրական երևույթ լինի, բայց ոչ այս պահին։ Ադրբեջանի ներկայիս հռետորաբանության, ամենօրյա լկտի ու ցինիկ հայտարարությունների պայմաններում հնարավոր չէ ապասել, որ նրանք կերաշխավորեն հայի կյանքի անվտանգությունը, որպեսզի նա Ադրբեջանով հասնի Ռուսաստան»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս