ՀՀ տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք․ Փաշինյան
Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների։ Այս մասին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սպառնալիքների մասին հարցին, ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին, ուզում եմ հստակ լինի․ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանց որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- ասել է նա։
Փաշինյանը նշեց, որ այս մասով առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին։
«Որ պահին Ադրբեջանը ընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը։ Հավաստիացնում եմ՝ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։ Ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիար համար էլ։ Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ, այ դա սպառնալիք է»,- նշել է Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ շատ է ցանկանում հասնել ճանապարհների բացմանը։
«Սպառնալիք ուրիշ բանի մեջ կա, միջազգային հարթակներում հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց երբ օգտագործում է «Արևելայն Զանգեզուր» արտահայտությունը, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։