«Հետո ի՞նչ, որ Արցախի ճանաչումը բարդ է, բայց դա անհնար չէ. Ալիևն էր 2016թ․ ասում, թե ստիպում են ճանաչել Արցախը». Դավիթ Բաբայան

«Եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի պնդմանը, թե Արցախի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել:

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նախօրեին Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ նախորդ տարիներին պետությունը ձախողվել է՝ չկարողանալով հասնել Արցախի անկախության։ Ըստ նրա՝ այդ գաղափարն ինքնախաբեություն է եղել․ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։

Ըստ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։

Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է տարանջատենք զգացմունքները և ռեալ քաղաքականությունը ու այս ամենը դիտարկենք ժամանակի մեջ:

Նա հիշեցրեց, որպեսզի շատերի համար պարզ լինի՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունն աշխարհի բարդագույն հակամարտություններից մեկն է և իր բարդությամբ երևի թե հավասար է միմիայն իսրայելապաղեստինյան հակամարտությանը:

Բաբայանի խոսքով, Արցախյան հիմնախնդիրն ընդհանրապես երկու փուլ է ունեցել կամ երկու հարթությունում:

«Առաջին փուլը եղել է վերամիավորման գաղափարը, այսինքն՝ երբ Ղարաբաղն առհասարակ բռնակցվել է Ադրբեջանին, մասնատվել է տարածքը, այսինքն՝ ԼՂԻՄ-ը ստեղծվել է միայն պատմական Ղարաբաղի մեկ վեցերորդ մասի վրա և ԼՂ-ի մեկ երրորդի, նույնիսկ մեկ չորրորդի վրա, մեծ մասը մնացել է ինքնավար մարզի տարածքից դուրս: Այնուհետև պարզ է դարձել, որ ուղիղ վերամիավորմամբ շատ բարդ է լինելու, որովհետև Ադրբեջանը հմտորեն օգտագործել է դա և ներկայացրել՝ որպես տարածքային վեճ, և այլն: Սա ավելի բարդ է եղել: Ուստի որդեգրվել է ազգերի ինքնորոշման գաղափարն անկախ պետություն կառուցելու միջոցով: Այստեղ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը նախկին ԼՂԻՄ-ը չէ, դա նախկին ԼՂԻՄ գումարած Շահումյանի ու Գետաշենի շրջաններն էին, այդպես է եղել: Այդպիսով սկսվել է նոր փուլ, որն առ այսօր շարունակվում է:

Այսինքն՝ մենք պայքարում ենք Արցախի ինքնորոշման-ճանաչման ուղղությամբ, որովհետև ինքնորոշվել ենք բազմաթիվ անգամ՝ 1991 թվականին, երբ հռչակվել է Արցախի Հանրապետություն, և վերջերս նշում էինք 31-րդ տարեդարձը, այնուհետև՝ դեկտեմբերի 10-ի առաջին հանրաքվեն 1991 թվականին, դրանից հետո սահմանադրական, և այլն»,- պատմական կարճ ակնարկ արեց Բաբայանը:

Այնուհետև նա նշեց, որ ճանաչման գործընթացը, իհարկե, շատ բարդ է ու կախված աշխարհաքաղաքական միտումներից, որտեղ, դժբախտաբար, իրավական ու բարոյական նորմեր գոյություն ունեն, բայց իրենց տեղը զիջում են աշխարհաքաղաքական միտումներին:

«Դա է պատճառը, որ որոշ տեղերում ավելի հեշտ են ճանաչում ստացել, անկախ այն հանգամանքից՝ արժանի՞ են, թե՞ ոչ, առա՞ջ են անցել մեզնից, թե՞ ոչ: Հարցը դրա մեջ չէ, յուրաքանչյուր հակամարտություն իր յուրահատկությունն ունի, և մենք իրավունք չունենք համեմատել՝ ասել, թե մենք ավելի լավն ենք, այլք՝ վատն են: Ոչ, բոլորն էլ ունեն միևնույն իրավունքները:

Հետևաբար՝ բարդ է, սակայն գործընթացը շարունակվում է, և ես չեմ կարծում, որ հնարավոր չէ: Շատ բարդ է, բայց դա ամենևին չի նշանակում, թե հնարավոր չէ: Ո՞վ է իմանում, թե վաղն ինչ կլինի, ինչպես կփոխվի աշխարհը: Շատ բան կախված է մեր ճիշտ աշխատանքից, սա ևս չպետք է մոռանանք: Կամ, ասենք թե՝ ճանաչումը բարդ է, ու մենք դեռևս չենք հասել մեր վերջնանպատակին, և՞… հարցի էությունը դա չէ, մեզ համար կարևորն Արցախի փրկությունն է, դե ֆակտո փրկությունը:

Երբ առաջին, երկրորդ պատերազմներում մենք հաղթել ենք՝ ջախջախելով թշնամուն, մենք կարողացել ենք փրկել Արցախն Ադրբեջանի կողմից ոչնչացումից, հետո՞ ինչ, որ բարդ է ճանաչումը: Ինքը՝ Ալիևն էր 2016 թվականին ասում, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը, այսինքն՝ խնդիրը նրանում է, որ պետք է տարանջատենք ճանաչման գործընթացը և դե ֆակտո անջատված ապրելու կարևորությունը, Արցախի լինելիությունը՝ որպես այդպիսին»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, որ գործընթացը երկար է, բարդ է, ոչ թե անհնարին:

Խնդիրը, ըստ նրա, նաև այն է, որ պետք է հետամուտ լինենք դրան:

«Տարբեր ազգեր գնում են այդ պայքարով, և ամենակարևորն այն է, որ դե ֆակտո մենք լինենք ապահով: Իսկ ճանաչումը ժամանակի խնդիր է ու մեր աշխատանքի արդյունք»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Նա չցանկացավ կոնկրետ գնահատակալ տալ Արսեն Թորոսյանի և ՀՀ իշխանության այլ ներկայացուցիչների՝ նմանօրինակ ձևակերպումներ անելու շարժառիթներին: Բաբայանը կրկին նշեց՝ Արցախը պետք է սրբություն լինի բոլորի համար: «Արցախակենտրոն լինելը հիմա մեր ժողովրդի առաջ կանգնած ամենակարևոր խնդիրն է: Համազգային համար մեկ խնդիրն է ու պետք է լինի, քանի որ, եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի, Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակները շատ պարզ ու հստակ են: Ես չեմ ասում, որ չպետք է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնենք, իհարկե, պետք է և անհրաժեշտ է, ավելի քան անհրաժեշտ է, բայց պետք է հասկանանք, որ երբեք ոչ մի տեղ իդեալական խաղաղություն չի լինում:

Խաղաղությունը բալանս է՝ ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական, միայն այդ ձևով մենք կարող ենք կայունություն և խաղաղություն պահպանել, իսկ դրա համար պետք է նաև լինել ուժեղ, շատ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել, ներքաղաքական հարցերը կարողանալ լուծել ճիշտ, հանրությունը չլինի երկպառակտված: Մենք պետք է խոսենք ամենանուրբ թեմաներից և ճիշտ պատկերացնենք դրանք, որոշումներ կայացնենք՝ մեր ազգային շահերից ելնելով: Խնդիրը ոչ միայն Արցախի անկախությունն է, խնդիրն այն է, որ փրկենք Արցախը, կլինի դա ճանաչման միջոցով, թե դե ֆակտո ուժեղ պետականության վերականգնմամբ, սա է խնդիրը»,- ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս