«Հայաստանը հիմա արտաքին քաղաքական սկզբունքներ չունի. երբ ժամանակը գա՝ պատին են դեմ տալու». Սուրեն Սարգսյան
Նախորդ տարի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կանխատեսել էր, որ այս տարի՝ 2022 թվականին, հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ կլինեն, և, որ այդ շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: Բայց հաշվի առնելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի տարբեր հայտարարությունները, կարծիքներ կան, որ ԱՄՆ-ը լավ էլ դրական վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ ներկայումս խոսքը ոչ թե իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին է, այլ այն մասին, որ ՀՀ իշխանության տարած քաղաքական գիծն ԱՄՆ շահերից է բխում.
«Ակնհայտ է, որ աջակցությունը կա: Բայց դա դրական վերաբերմունք չի նշանակում, այլ նշանակում է քաղաքական գիծը համապատասխանեցնել Վաշինգտոնի քաղաքական գծին, ինչը, իհարկե, ցանկացած գերտերության համար շատ ցանկալի և ընդունելի պրոցես է»:
Վլադիվոստոկում Փաշինյանը ցույց տվեց, որ ավելի շատ Ռուսաստանի քաղաքական գծին են համապատասխանեցնում ՀՀ արտաքին քաղաքականությունը:
«Հայաստանը արտաքին քաղաքական սկզբունքներ չունի, այսինքն՝ մենք չունենք արտաքին քաղաքական ռազմավարություն, մարտավարություն, սկզբունքային դիրքորոշումներ, քայլերի հաջորդականություն: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում է ամենօրյա գործընթացների հիման վրա, էկլեկտիկ շարժումներով Հայաստանը փորձում է իր արտաքին քաղաքականությունն իրականացնել՝ հաշվի առնելով տարբեր տեղերում բռնկված կրակները: Սա նշանակում է, որ սկզբունքային դիրքորոշում չունենալով՝ դու չես կարող իրականացնել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն՝ առաջնորդվելով կամ հաշվելով ընդամենը մեկ-երկու քայլ: Այդպես չի լինում»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը:
Անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ այցելություններին ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, նա հետևյալն ասաց. «ԱՄՆ-ը ակտիվանում է մեր տարածաշրջանում ամեն անգամ, երբ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկար կա. 94 թվականին Տեր-Պետրոսյանին բարձր մակարդակով ընդունեցին, Քի Վեսթում Քոչարյանին ընդունեցին բարձր մակարդակով, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժ Սարգսյանին ընդունեցին բարձր մակարդակով, հիմա էլ նորից իշխանություններին ընդունում են բարձր մակարդակով, չեմ բացառում, որ մինչև տարվա վերջ նաև Փաշինյանի և Բայդենի հանդիպումը լինի՝ ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու այս տարվա վերջին, ես չեմ բացառում, որ ոչ թե օնլայն հանդիպում լինի, այլ Փաշինյանը մեկնի Վաշինգտոն: Ինչպես և կանխատեսել էի, այս տարին լինելու է շատ ակտիվ»:
Հարցին՝ ինչպիսի՞ լուծում է պատկերացնում ԱՄՆ-ը, օրինակ, Արցախի հարցում, նա պատասխանեց. «ԱՄՆ-ի համար սկզբունքային չէ, թե լուծումն ինչպիսին կլինի: Այսինքն՝ կլինի տարածքային ամբողջականության տրամաբանությա՞ն ներքո, թե՞ ազգերի ինքնորոշման, իր համար կարևոր չէ, կարևորը՝ կողմերը գան ընդհանուր հայտարարի, և խաղաղություն լինի տարածաշրջանում: Դա հետաքրքիր է, որովհետև ԱՄՆ-ի գերնպատակը մեր տարածաշրջանից ՌԴ-ին կամ ամբողջությամբ հանելն է, կամ հակակշռելը: Դրա համար պետք է, որ տարածաշրջանային կոնֆլիկտները լուծված լինեն, որովհետև այդտեղ ՌԴ դերն ու նշանակությունը, նաև՝ ռազմական ներկայությունը կրճատվում են և դառնում անիմաստ: Հիմա այս շանսը հենց տեսնում են՝ ակնհայտ է, որ պետք է ակտիվանան, մեր պաշտոնյաներին տանեն, քաջալերեն, որ գնան այդ ճանապարհով»:
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ ՀՀ իշխանությունները բոլոր կենտրոններին խոստումներ են տալիս, նա ընդգծեց, որ բոլորը գիտեն՝ ՀՀ ներկայիս չգրված քաղաքականությունն է այդպիսին. «Բոլորը հասկանում են, որ երբ գա խոստումն իրականացնելու ժամանակը, շատ լուրջ դեմ են տալու պատին և ասեն՝ պետք է խոստումներդ իրականացնես: Որ կողմն ավելի ուժեղ կլինի, նրան տրված խոստումն էլ կկատարվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում