«Տավրոսը եկել էր Արագածավան՝ հաշիվներ պարզելու․ Արագածավանի բնակչի ձայնը չի՛ վաճառվում, Սափեյան Տավրո՛ս, այստեղ խաղեր չտա՛ք․»․ ահազանգ բնակիչներից
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի տասնյակ բնակիչներ, որպես բողոքի նշան, պատրաստվում են սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանի դեմ ակցիա իրականացնել։ 168.am-ին դիմած քաղաքացիներից մեկն ասաց՝ ինչ Արագածավանը որոշել են ներառել Թալին խոշորացված համայնքի կազմում, Արագածավանում իրավիճակը լարվել է, մի բան, որ երբեք չէր եղել։
«Մեծ-փոքր, ահել-ջահել, սաղ խառնված են իրար, ոչ մեկը չեն ուզում, որ Տավրոսը մտնի էս համայնք։ Դեռ համայնքապետ չի ընտրվել, իր քրեաենթամշակութային բարքերը բերել է, որ ընտրվի պատկերացնում ենք, թե ինչ է սպասվում մեզ։
Տավրոսն այնքան է լկտիացել, որ մտածում է՝ կարող է իր Թալինի բարքերը նաև Արագածավան բերել։ Ես՝ որպես Արագածավանի բնակիչ, որպես մայր, որպես հայ կին, դե՛մ եմ, որ նրա նմանները ոտք դնեն իմ համայնք, իմ գյուղ, ու մեր անդորրը փչացնեն։ Իբր իր կարոտը շատ էինք քաշում, հիմա էլ ստիպված ենք իր նկարները հանդուրժել, տնից դուրս եմ գալիս՝ դրա պատկերը սյուներին փակցված է։ Արագածավանի ամբողջ կենտրոնական փողոցները՝ ամեն 20 մետրը, 50 մետրը մեկ, Տավրոսի նախընտրական պաստառներն են փակցված․․․»։
Ճշտող հարցին՝ ի՞նչ ձևով է դրսևորվում այդ քրեաենթամշակութային բարքերը, որոնց մասին դուք խոսում եք, Արագածավանի բնակիչը պատասխանեց․
«Ինքը շատ լավ գիտի, որ Արագածավանի բնակիչների մեծ մասն անցած տարի ձայն են տվել ՔՊ-ին, ավելի ճիշտ՝ Նիկոլին։ Գյուղում հիմա էլ լիքը ջահելներ կան, որ աջակցում են Նիկոլին, բայց իրեն դեմ են։ Գյուղամիջին խոսել են ջահելներով, ասել, որ ավելի լավ է՝ դաշնակներին, ընդդիմադիր մյուս ուժերին ձայն տան, քան թե Տավրոսին, այդ խոսակցությունը հասել էր նաև լրատվականներին, ու հրապարակումից հետո Տավրոսը օգոստոսի 25-ին եկել էր Արագածավան՝ հաշիվներ պարզելու, թե ո՞վ է համարձակվել իր դեմ նման արշավ իրականացնել։ Իմացա, որ մի քանի տղերքի վրա են կասկածել, փորձել են վախեցնել, բայց էդ մարդիկ, էն, որ բանից անտեղյակ են եղել․․․»։
Արագածավանի բնակչուհին ասաց, որ ՔՊ-ի՝ Թալինի համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանը պառակտում է մտցրել իրենց գյուղում, մեկին պաշտոն է խոստացել, մյուսին՝ այլ բան, այդկերպ մարդկանց իրար դեմ հանել։
«Անգամ երկար տարիների ընկերներին իրար դեմ է հանել, պաշտոն է խոստացել, դա էլ ինչ լինում՝ գնում խաբար է տալիս, մի քանի բան էլ ուռճացնում է՝ մտածելով, թե ավելի բարձր պաշտոն կտան, բայց չի հասկանում, որ հետևից ասում են՝ անգրագետ է, սրան ի՞նչ պաշտոն տանք։ Մեկ ուրիշն էլ, որ ընդամենը 1 տարի առաջ ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Հայաստան» դաշինքի համար էր աշխատում՝ ձայներ ապահովում, այսօր հայտնվել է Տավրոսի կողքին։ Մի խոսքով՝ «բաժանիր, որ տիրես» կարգախոսով է առաջնորդվում, ուղղակի տվյալ պարագայում՝ պառակտիր, որ հաղթես․․․
Տավրո՛ս, դու չես կարող իմ համայնքապետը լինել, քո խոստացած ապագան կպնի քո ու Նիկոլիդ գլխին, էսքանից հետո, ո՞նց եք էդ նույն կարգախոսով մտել ժողովրդի մեջ, ձեր խոստացած ու բերած ապագան միայն ցավ է տվել, ուրիշ ոչինչ, կորչե՛ք գրողի ծոցը՝ ձեր ՔՊ-ի հետ միասին։ Մեր համբերության բաժակը լցվել է, սպասեք արժանի հարվածի։ Ու մի բան էլ, չփորձե՛ս քո մանկլավիկների միջոցով ինձ բաներ հասցնել, վախեցնել, դա քեզ չի՛ հաջողվելու, ես ինքնասիրություն ունեմ, իմ ձայնը չի՛ վաճառվում, Արագածավանի բնակչի ձայնը չի՛ վաճառվում, Սափեյան Տավրո՛ս, այստեղ խաղեր չտա՛ք»,- ասաց Արագածավանի բնակիչը՝ չպարզաբանելով, թե ի՞նչ նկատի ունի՝ բնակչի ձայնը չի վաճառվում ասելով։
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 17 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։
Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել են 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:
Հիշեցնենք, որ Արագածոտնի Թալին խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվել էին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս 3 ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» և «Մեր համայնքը», կոալիցիա էին կազմել և մեծամասնություն դարձել։