Բաժիններ՝

54 վերելակ անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ կտրամադրվի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին

Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում քննարկման է ներկայացվելու «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որն ընդունվելու դեպքում  Երևանի քաղաքապետին կթույլատրվի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող  54 վերելակ անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:

Օրինակ, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փող. 191 շենքի դեպքում «Անուշիկ» համատիրությանը կտրամադրվի,  196 շենքի դեպքում՝ «Բաշինջաղյան 198» համատիրությանը, 16 թաղ. 31 շենքը՝ «Հայուղևորտրանս» համատիրությանը:

Ավան վարչական շրջանի  Չարենց թաղամասի  14 շենքը՝ «Չարենց» համատիրությանը, Էրեբունու Խաղաղ Դոնի փողոցի 5 և 19/2 շենքերը՝ «Արգիշտի» համատիրությանը, Քանաքեռ-Զեյթունի Դ.Անհաղթ փող. 6 շենքը՝ «Ապավեն» համատիրությանը, և այլն:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը Քաղաքապետարանը բացատրում է հետևյալ կերպ. «Երևանի քաղաքապետարանի կարիքների համար 10.03.2021թ. հայտարարվել է Երևան համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների (տեղադրումով և սպասարկմամբ) ձեռքբերման բաց մրցույթ: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Նորտեքս Էնջինիրինգ» ՓԲ ընկերությունը: Վերոնշյալ ընկերության հետ 28.06.2021թ. կնքվել է NԵՔ-ԲՄԱՊՁԲ-21/12 ծածկագրով ապրանքի մատակարարման պայմանագիրը, որով ապրանքի երաշխիքային ժամկետ է սահմանվել 24 ամիս/տեղադրումից հետո/, իսկ տեխնիկական սպասարկման համար՝ 12 ամիս /տեղադրումից հետո/: Արդյունքում՝ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում տեղադրվել է  54 վերելակ, որոնց տեղադրման աշխատանքներն ավարտվել են 14.12.2021թ.-ին: Եվ այդ բոլոր վերելակների շահագործումն ու սպասարկումը պատշաճ ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել այդ շենքերի կառավարման մարմիններին, որոնք են՝ 32 համատիրություններ և 6 լիազորագրային կառավարիչներ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս