«ԵՄ-ն այլևս կոշտ ընտրության առջև չի կանգնեցնում». Ինչո՞ւ են Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Հայաստանը հրավիրված է մասնակցելու հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Մասնավորապես՝ The Guardian-ի համաձայն՝ քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր մայիսին առաջարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գաղափարը, որը ներառելու է մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները, այդ թվում՝ Ուկրաինան ու ԵՄ անդամության հավակնորդներին Արևմտյան Բալկաններում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ կասկած չունի՝ Մեծ Բրիտանիան ևս հրավիրվելու է գագաթնաժողովին՝ չնայած Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված բարդություններին։

Թուրքիայի մասնակցության հարցը դեռևս վիճելի է, քանի որ Հունաստանը և Կիպրոսը, որոնք ներքաշված են Անկարայի հետ երկարատև վեճերի մեջ, դեմ են այս երկրի ներկայացուցիչներին հրավիրելուն։ Թուրքիան մնում է ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու, թեև բանակցությունները տարիներ շարունակ փակուղում են։ Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն կառույցը պետք է համոզված լինի, «որ աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»: Նշվում է, որ հրավիրվել են նաև Նորվեգիան ու Շվեյցարիան, ինչպես նաև ԵՄ անդամակցության սպասող 9 երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանն ու Արևմտյան Բալկանների 6 երկիր, ինչպես նաև ոչ թեկնածուներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ԵՄ այս որոշումից զարմանալ պետք չէ, քանի որ ԵՄ-ն հետսովետական տարածքում մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի դեմ, ըստ նրա, ակտիվ գործիքներից մեկը, որն այս փուլում կարող է օգտագործվել, դա նույն այդ տարածքում ձևավորված Արևելյան գործընկերության գոտին է և այդ ծրագիրը ներառող երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ԵՄ անդամակցության հայտ չեն ներկայացրել, սակայն այդ ծրագրում են:

«Այստեղ հետաքրքրական հանգամանքն այն է, որ այս դեպքում և աշխարհաքաղաքական այս իրավիճակում ԵՄ-ն ԱլԳ երկրներից չի պահանջում հստակ ընտրություն կատարել, այդ մասին հայտարարել։ Հակառակը՝ իր քաղաքականությունն է վարում, քանի որ դա հարկավոր է ԵՄ-ին, ինտեգրված է ռեգիոնում և ռեգիոնի խնդիրների կարգավորմամբ է զբաղվում, սերտացնում է համագործակցությունը, նույնիսկ ընկալելով, հասկանալով որոշ իրողություններ և այն, որ, օրինակ, Ադրբեջանը չի հայտարարում, որ ունի եվրոպական ինտեգրման ցանկություն, սակայն մի քանի տարի առաջ իրավիճակը լիովին տարբեր էր ԵՄ քաղաքականության շրջանակում, պահանջվում էր հստակ կողմնորոշում, հայտարարություններ, իսկ հիմա այդպես չէ: Այնուամենայնիվ, ԵՄ-ն գուցե գիտի, որ մերժում չի ստանալու: Ավելին ասեմ, դեռ հայտնի չէ, թե երբ են անդամակցելու Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, թեև ԵՄ անդամ երկրների մի շարք պաշտոնյաներ պայքարում են նրանց անդամակցության համար, ինչպես Շոլցը, ով օրերս նշել էր, որ մոտ ապագայում դա պետք է տեղի ունենա: Սակայն ուկրաինական պատերազմի ընթացքում ևս դա անորոշ մի հարց է և այդպես էլ կմնա, իսկ առջևում ԵՄ-ին ավելի մեծ փորձություններ են սպասվում, և հայտնի չէ, թե ինչպես ԵՄ ժողովուրդները կհաղթահարեն դրանք և ինչպիսի մոտեցում այդ ամենի արդյունքում կունենան ընդլայնման հարցի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ԱլԳ մյուս երկրներին, ապա նրանց վերաբերյալ անորոշությունը շատ ավելի մեծ է, սակայն Բելառուսի դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք նաև հակամարտություն ունեն և ունեն համագործակցություն ԵՄ-ի հետ, կարող են հրավիրվել, սակայն կարծում եմ՝ անդամակցության հեռանկարից խոսելն ավելորդ է, դա ներկայումս պետք չէ ո՛չ այս երկրներին, ո՛չ ԵՄ-ին, որն ընդլայնման մեծ գործընթացի ռեսուրս չունի, բայց կարող է նման միջոցառումներով ստեղծել նման քարոզչական ազդեցություն: ԵՄ-ն փորձում է սրանով իր ազդեցությունը տարածել, միջնորդությունը հարավկովկասյան խնդիրների կարգավորման հարցում դարձնել անխոչընդոտ, այս երկրներին դարձնելով ԵՄ-ին լոյալ գործընկերներ: Սակայն, թե ռեալ ինչ կարող է ԵՄ-ն առաջարկել Հարավային Կովկասի երկրներին, բացի ֆինանսական որոշ ներարկումներից՝ բարդ է պատկերացնելը: Նկատի ունեմ ռեգիոնի խնդիրների պրակտիկ լուծման հարցում, որտեղ ՌԴ-ն շատ ավելի մեծ լծակներ ու ազդեցություն ունի»,- մեկնաբանեց վերլուծաբանը:

Փորձագետի կարծիքով, ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի հիմնական քննարկումները միանշանակ վերաբերելու են պատերազմին Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ քաղաքական ուղենիշներին:

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը գտնում է, որ քննարկումների սպեկտորը շատ ավելի լայն է լինելու՝ Ուկրաինայի պատերազմի վրա հատուկ ուշադրությամբ, որը նոր իրավիճակ է աշխարհի ու եվրոպական մայրցամաքի ու եվրոպական անվտանգային համակարգի համար:

«Հրավիրվում են նրանք, որոնք այս փուլում կարևոր են եվրոպական քաղաքականության համար: Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանն ԱլԳ երկրներ են, այսօր ինտենսիվ համագործակցում են ԵՄ-ի հետ՝ որպես միջնորդ, և շատ տրամաբանական է նրանց մասնակցությունը մի կառույցի գագաթնաժողովին, որի հետ ունեն համագործակցություն այս ճգնաժամի իրավիճակում»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ ՌԴ-ն կանդրադառնա ԵՄ այս քայլին դիվանագիտական հայտարարությամբ և երկկողմ մակարդակում ընթացող քննարկումների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս