Ողեվարձը բարձրացրել են, ավտոբուսները քիչ են, չեն համալրում. մի քանի օր առաջ էլ հանել են Նոր Հաճն-Եղվարդ գիծը, ասել են՝ ձեռնտու չէ. դժգոհում են Կոտայքի բնակիչները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:
Այսպիսով, Հրազդան-Հանքավան փոխադրավարձն արժե 500 դրամ, Կարենիս-Աղվերան՝ 300, Չարենցավան-Բջնի՝ 250 դրամ, Թեղենիք-Նոր Հաճն՝ 250 դրամ, Բուժական-Եղվարդ՝ 300 դրամ, Չարենցավան-Հրազդան՝ 400 դրամ, Աբովյան-Զովաշեն՝ 500 դրամ, Աբովյան-Սևաբերդ՝ 400 դրամ, Աբովյան-Գողթ՝ 500 դրամ, Աբովյան-Նոր Հաճն՝ 200 դրամ, Հրազդան-Աբովյան՝ 500 դրամ, Աբովյան-Նուռնուս՝ 250 դրամ, Զովունի-Աբովյան՝ 400 դրամ, Եղվարդ-Աբովյան՝ 400 դրամ, Աբովյան-Առինջ՝ 200 դրամ, Աբովյան-Գեղաշեն՝ 250 դրամ, Աղավնաձոր-Հրազդան՝ 200 դրամ, Հրազդան-Ծաղկաձոր՝ 200 դրամ, Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Ծաղկաձոր-Երևան՝ 700 դրամ, Եղվարդ-Երևան՝ 300 դրամ, Չարենցավան-Երևան՝ 500 դրամ, Աբովյան-Երևան՝ 300 դրամ:
Նոր սակագներից դժգոհող Կոտայքի մարզի բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են կազմակերպել, հանդիպումներ ունեցել մարզեպետարանում, սակայն, ինչպես իրենք են պնդում՝ դեռևս անարդյունք:
Նրանց փոխանցմամբ՝ նոր ավտոբուսները սկսել են աշխատել մայիսի 1-ից, իսկ մեկ օր անց ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Օրինակ, Աբովյանի Զառ գյուղից մինչև Աբովյան ուղեվարձը 150 դրամ էր, հիմա դարձել է 300 դրամ: Աբովյանից Երևան 200 դրամի փոխարեն՝ հիմա վճարում են 300 դրամ:
«Այս հանրայնացված ուղեվարձը հայտնի է եղել մրցույթի ժամանակ: Չէին կարող չհամաձայնել, որովհետև մեկ հոգի է մասնակցել մրցույթին: Եթե անգամ 3000 դրամ առաջարկեր մասնակիցը՝ կասեին՝ նորմալ է: Մի քանի օր առաջ հանել են Նոր Հաճն-Եղվարդ գիծը՝ ասելով, թե ձեռնտու չէ, ու սա՝ այն դեպքում, որ սեպտեմբեր էր, երեխաները գնում-գալիս էին»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Կոտայքի բնակիչները:
Նրանց փոխանցմամբ՝ ավտոբուսները քիչ են, չեն համալրում՝ պատճառ բերելով ռուս-ուկրաինական պատերազմը, թե՝ խանգարում է, չի հասնում տեղ ՌԴ-ից, սակայն, ըստ նրանց, խնդիրն այլ է:
«Հիմա ուղեվարձը աստղաբաշխական թվերով է, որի արդյունքում բերած ավտոբուսների համար ծախսած գումարն են հանելու, այլև նոր ավտոբուսները հենց այս թանկացման արդյունքում են ձեռք բերելու: Ցանկացած գծի տեր ասում է՝ եթե այդպես է, ես էլ կարող էի իրենց նման անել՝ մի քանի ավտոբուս բերեի ու հետո՝ մյուսները»,- հավելեցին նրանք:
Հավելենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն և հաղթող ճանաչվել։
«Հետք»–ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենն Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել 10 տարի ժամկետով։