«Ալիևը կանգ չի առնելու, մինչև չլինի մեկը, որը նրան կասի՝ ստոպ». Դավիթ Սահակյանց
Վերջին օրերին ամենաքննարկվող թեման Պաշտպանության նախարարության շրջանառության մեջ դրած նախագիծն է, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ Փոփոխության հիմնավորումն այն է, որ 24 միլիոն դրամով մեկ անձին զինծառայությունից ազատելը հնարավորություն կտա պայմանագրային մեկ զինծառայողի հինգ տարի ամսական վճարել 400 հազար դրամ։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի կարծիքով՝ իշխանության գալու առաջին իսկ օրվանից գործող իշխանությունները թիրախավորել են բանակը:
«Ամեն նոր որոշում կայացնելուց՝ ելակը կենցաղ մտցնելուց մինչև այս վերջին օրենքը կոնկրետ թիրախավորում են բանակը: Մեր բանակը փորձում են մաքսիմալ բերել այն վիճակին, որ չկարողանա լուծել այն խնդիրները, որոնք ունենք և միշտ ունենալու ենք այս ռեգիոնում: Դա նաև պառակտում է մտցնում հասարակության մեջ, այն, ինչի դեմ չորս տարի առաջ գոռգոռում էր վերևում նստածը, այսինքն՝ արդարության, հավասարությունների մասին, կրկին ապացուցում են, որ էլի լինելու է մի էլիտա, որը հնարավորություն կունենա դա վճարել, և ավելի կխորացվի այդ պառակտումը: Եթե նախկինում մարդիկ գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորություն են ունեցել, դա գոնե թաքցնում էին, ամոթ էր հասարակության մեջ այդ մասին ասել: Հիմա դա արդեն ինստիտուցիոնալ է դառնում, և հասարակության մեջ կլինի այդ պառակտումը: Բնականաբար, կծառայեն հենց այն երիտասարդները, ովքեր միգուցե երբևէ չեն ունենալու նման հնարավորություն: Դասակարգային խնդիրներ են ի հայտ գալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ մեր տարածաշրջանում ինքնասպանության հավասար է շատ լուրջ բանակ չունենալը. «Որպես հիմնավորում՝ բերում են, որ մենք խաղաղության դարաշրջան ենք մտնում, և բանակն այլևս պետք չի լինելու, բայց դա այդպես չէ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ իրենց երևակայությունն է, որ ամեն ինչ լավ է լինելու: Էրդողաններ կգան-կգնան, մեր հարևանները տենչում են մեզ ոչնչացնել, և այդ պարագայում չունենալ բանակ, ուղղակի ինքնասպանություն է»:
Դավիթ Սահակյանցը վստահ է՝ հասարակության 90 տոկոսը հստակ գիտակցում է այն վտանգները, որոնք գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից.
«Հասարակության 90 տոկոսը դեռ իր մեջ կրում է այն հիշողությունը, ինֆորմացիան, թե ովքեր են մեր այդ հարևանները: Դրա համար, եթե չեղավ իշխանափոխություն, այդ պրոցեսը կարող է ավելի խորանալ, և 90 տոկոսը կսկսի նվազել, այսինքն՝ այն, ինչի վրա իրենք քանի տարի է՝ աշխատում են: Իրենք հենց սրա համար են եկել իշխանության՝ խաբելով, մեր հասարակության աչքերի մեջ թոզ փչելով: Նրանք գալիս են հենց այդ նպատակին՝ ոչնչացնելու, իմունիտետը վերացնելու, որի շնորհիվ մենք մինչ օրս գոյատևում ենք՝ որպես ազգ, որպես հասարակություն, որպես փոքր պետություն»:
Հարցին՝ բայց այդ իմունիտետը մեծ մասի մոտ վերացած չէ՞, հաշվի առնելով, որ նախորդ տարի գործող իշխանություններն իրենց նույն թեզերով վերընտրվեցին, նա պատասխանեց. «Ցավում եմ, բայց ամենամեծ խնդիրը, որ եղավ, դա այն ալտերնատիվան էր, որ հասարակությունը չէր տեսնում: Կար մի զանգված, որը փրկությունը տեսնում էր Ռոբերտ Քոչարյանի մեջ, կար մի զանգված, որը Սերժ Սարգսյանի մեջ էր տեսնում, բայց դա այն քանակը չէր, այսինքն՝ եթե լիներ ալտերնատիվա, ապա հասարակությունը այլ կերպ կվարվեր: Շատերի աչքերը հիմա բացվել են, այլ հարց է, որ կազմակերպչականն է կաղում, և շատ դժվար է այս իշխանություններից ձերբազատվել: Իշխանությունները ուրիշ տարբերակ չունեն՝ միայն պիտակավորում են բոլորին, նրանք ամեն ինչ անում են և անելու են իշխանության մնալու համար: Եթե սկզբից հույս կար, որ հենց Արցախին կպնեն՝ կթռչեն, բայց այսօր հասկանում ես, որ ոչ, շատ ավելի դժվար է լինելու այդ պայքարը: Այդ դեպքում էլ շատ ավելի կարևոր կլինի մեր հասարակության և պատմության համար՝ վերջապես իրենց վռնդել: Հասարակության այն տոկոսը, որը պատրաստ է պառկել թուրքի տակ, շատ նվազ է: Եթե եղավ ռեալ ուժ, որը կարող է վռնդել սրանց, հասարակության շատ ավելի մեծ զանգված դուրս կգա»:
Դավիթ Սահակյանցը շեշտեց՝ Ալիևը կանգ չի առնելու. «Նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը սկսել է խախտել նոյեմբերի 9-ի փաստաթղթի այն կետը, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ կանգ են առել: Հիմա մենք նրանց տեսնում ենք Վարդենիսում, նույնիսկ՝ Երևանում, այսինքն՝ իրենց ներխուժումը Հայաստան դեռ շարունակվում է և շարունակվելու է: Ալիևը կանգ չի առնելու, մինչև չլինի մեկը, որ իրեն կասի՝ ստոպ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում