
Ո՞ւր և ո՞ւմ թեթև ձեռքով են անհետացել ոստիկանության բաժնի տեսաձայնագրությունները. նոր զարգացումներ՝ դատախազ Պետրոսյանի գործով

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» կայքը, ինչպես նաև մերձիշխանական այլ լրատվամիջոցներ, իրար հերթ չտալով՝ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել է։
168.am-նանդրադարձել էր թե՛ դեպքին, թե՛ դրան հաջորդող իրադարձություններին ու դրանց արձագանքներին:
Հրապարակել էինք տեսանյութ, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միայնակ պարեկն Էդգար Պետրոսյանի սեփականություն հանդիսացող տարածքից, առանձնատան բակից տառացիորեն առևանգում է վերջինիս:
Այս պատմությունը շարունակություն էր ունեցել նաև ոստիկանական բաժանմունքում, ուր բերման էր ենթարկվել դատախազ Պետրոսյանը, և իրավապահ մարմինների ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները շարունակվել են արդեն այնտեղ:
Ամեն դեպքում Ոստիկանության աշխատակիցները Էդգար Պետրոսյանին խոշտանգելու վերաբերյալ իրենց մեղսակցությունը կարող էին հերքել համապատասխան տեսագրություններով:
Բայց, ավա՜ղ, ոստիկանությունն այդ հնարավորությունը չունի. Դատախազության և Քննչական կոմիտեի՝ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի այդ օրվա տեսաձայնագրություններն անհետացել են:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում կարող է լինել դեպք, որ ոստիկանության բաժնի տեսախցիկների ձայնագրությունները ջնջվեն, այնինչ դրանք շա՜տ հետաքրքիր բացահայտումներ էին խոստանում թե նախաքննական մարմնին, թե հսկող մարմնին, և թե հատկապես պարեկային ծառայության ջատագովներին ու մանավանդ իրավապաշտպաններին:
Էդգար Պետրոսյանի՝ ոստիկանական բաժնում եղած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերյալ ԶԼՄ-ներում բավականին ուշագրավ տեղեկություններ են եղել: Ենթադրաբար քրեական գործի նկատմամբ վերհսկողություն սահմանող դատախազը պետք է որ նախանձախնդիր լիներ տեսաձայնագրության պահպանման հարցում, հատկապես, երբ խոսքը գնում է ոստիկանական բաժնում բերման ենթարկված անձին հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկելուն:
Իհարկե, քրեական վարույթն ընթանում է, բոլոր քննչական գործողություններն ընթանում են, և հուսով ենք՝ տեսախցիկների ձայնագրությունների առեղծվածային անհետացման հարցը նույնպես ինչ-որ փուլում քննության առարկա կդառնա:
Մինչ այդ նշենք, որ Քննչական կոմիտեի մեր աղբյուրները նշում են, որ պաշտոնական վարկածն այն է, թե տեխնիկական խնդիրների պատճառով տվյալ ժամանակահատվածում տեսախցիկները ձայնագրությունը կատարել են օնլայն ռեժիմում: Այսինքն՝ չեն ձայնագրել, նկարել են միայն օնլայն ռեժիմով:
168.am-ի տեղեկություններով՝ սրա մասին տեղեկացված են թե ոստիկանության, թե Քննչական կոմիտեի, և թե դատախազության ղեկավար կազմերը:
Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք՝ նպատակ չունենք որևէ մեկին արդարացնելու, սակայն յուրաքանչյուր օրինազանց պետք է պատրաստ լինի պատասխան տալ իր կատարած գործողությունների կամ անգործության համար՝ լինի դա գինովցած ղեկին նստած դատախազ թե օրենքներին չտիրապետող պարեկ կամ խոշտանգող ոստիկան: