Արձագանք
Երեկ, օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության օրը, Ռուսաստանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիների կողմից բողոքի հանրահավաք էր կազմակերպվել Ազատության հրապարակում ընդդեմ Ռուսաստանի։ Կազմակերպիչները նախատեսել էին նաև բողոքի երթ դեպի Ռուսասատանի դեսպանատուն։ Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ հավաքի բնականոն ընթացքը, ինչպես նաև արգելեց երթի անցկացումը։
Առանց հիմնավորման ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին հավաքի տասնյակ մասնակիցներ։ Սա Հայաստանի իշխխանությունների կողմից խաղաղ հավաքի իրավունքի խոչընդոտման հերթական դրսևորումն էր։ Այս հավաքի դիտարկման մանրամասները տեղ կգտնեն « Հայաստանի հելսինկյան կոմիտեի» հերթական զեկույցում։ Առանց արդարացնելու ոստիկանական գործողությունները, պետք է նկատել, որ ի տարբերություն նախորդ՝ «Դիմադրության շարժման» հանրահավաքների, ոստիկանությունը, պայմանական ասած, շատ ավելի քաղաքակիրթ էր խոչընդոտում հավաքը և բերման ենթարկում հավաքի մասնակիցներին։Ինչպես նախորդ հավաքների ընթացքում, ոստիկանությունը ասֆալտին չէր փռում հավաքի մասնակիցներին, չէր հայհոյում, մարմնական վնասվածքներ չէր պատճառում, չէր խեղդում և թքում նրանց վրա։ Ավելին, ոստիկանության պատասխանատու սպաներն, իրենց նախաձեռնությամբ, քաղաքավարի կերպով, իրենց «փայլուն» ռուսերենով բացատրական աշխատանք էին տանում, առաջարկելով հավաքի մասնակիցներին շարունակել իրենց ակցիան հրապարակում, առանց երթի։ Ի դեպ, այս մասին հրապարակել է «Առավոտ»-ը։
Հարց․ Ի՞նչն էր սույն հավաքի և երթի արգելման պատճառը։ Կարծում եմ, պատճառը Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի և դրա մեջ ռուսական հետք գտնելու տարաբնույթ մեկնաբանությունների հետ կապված Ռուսաստանի արտգործնախարարության կոշտ հայտարարությունն էր։ Այս հայտարարությունից սարսափած, որ այն կարող է սպառնալ իր իշխանությանը, վարչապետ կոչեցյալը հանձնարարել է ոստիկանապետին արգելել հակառուսական երթի անցկացումը, ինչպես ամեն անգամ, այսպես կոչված արտախորհրդարաանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հանձնարարում է հակառուսական ելույթներ։ Իսկ Ռուսաստանը «հարիֆ» չի և շատ լավ գիտակցում է, որ հակառուսական տրամադրությունները , հիմնականում Հայաստանում խոսքի և կարծիքի ազատության հետ առանձնապես չեն առնչվում, այլ գեներացվում են իշխանության կողմից և հենց այս էր Ռուսաստանի արձագանքի իմաստը։
Ինչևէ, վերոնշյալ հավաքի խոչընդոտման առիթով, Հայաստանի նախկին քաղհասարակության ներկայացուցիչները, որոնց մեջ կան նաև նախկին իրավապաշտպաններ, բավականին խիստ հայտարարություն տարածեցին։
Սույն հայտարարությունը կարելի էր միայն ողջունել, եթե․․․
Եթե․
Հայտարարությունը ստորագրած ՀԿ-ները նախորդ 4, հատկապես 2 տարիների ընթացքում, նույնպես լինեին սկզբունքային և արձագանքեին․
– Ընդդիմադիր գործիչներին վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ ասֆալտին փռելու պրակտիկային։
-Բազմաթիվ քաղաքական հետապնդումներին, այդ թվում ընտրված համայնքապետերին կալանավորելուն։
-Վարչապետ կոչեցյալին ոչ հնազանդ դատավորների նկատմամբ հալածանքներին՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան, Բորիս Բախշիյան, Ռուբեն Վարդազարյան։
-Ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ ոստիկանության բացահայտ բռնություններին՝ ծեծուջարդ, խեղդում, թքել ցուցարարի վրա, հայհոյել, ոստիկանի ցուցմունքով շինծու քրեական գործ թխել և կալանավորել ցուցարարներին։
-Արմեն Գրիգորյանին մեղադրանք առաջադրել մեկ տարի առաջ կատարած հայտարարության համար, իրականում՝ ցույցերին մասնակցելու համար և , այո՛ սպանել։
-Սոնա Մնացականյանի, նույնպես սպանությունը։
Շարքն անվերջ է։
Այս ամենին, որպես կանոն չի հետևել քաղհասարակության անդամների կողմից որևէ հայտարարություն, ավելին նրանցից շատերը արդարացրել են բռնապետիկի գործողությունները, ծաղրել ընդդիմադիրներին, արդարացրել ոստիկանության գործողությունները, դրանք համարելով իրավաչափ և օրինական։
Այսպիսով, վստահաբար կարելի է փաստել, որ քաղհասարակություն իրենց անվանողները շարժվում են ոչ թե իրենց կողմից հռչակված ժողովրդավարական արժեքներով, այլ վարում են հստակ, ընդգծված հակառուսական քաղաքականություն և քարոզչություն։
Հ․Գ․ Կարծում եմ հայտարարության հեղինակները բաց էին թողել մի շատ կարևոր կետ․
-Պահանջում ենք Հայաստանի ոստիկանական ուժերի փոխարինում ՄԱԿ-ի միջազգային ոստիկանական ուժերով։