«Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն դրություն է». ՊՆ խոսնակը՝ Տավուշում իրավիճակի մասին

168.am-ին այսօր Տավուշի մարզից փոխանցեցին, որ Բաղանիս, Ոսկեպար և Ազատամուտ գյուղերի դիրքային հատվածներում,  առաջնագծի երկայնքով զրահամեքենաների և այլ տեխնիկայի շարժ և մեծ կուտակումներ կան, և, որ ադրբեջանական կողմը ցուցադրաբար վախի մթնոլորտ է առաջացնում։

168.am զրույցում Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանն անդրադառնալով մեր ստացած տեղեկատվությանը՝ նշեց, որ նման բան չկա։

«Չկա, ոչ մի բան էլ չկա, գյուղում նորմալ է իրավիճակը։ Եթե տեղաշարժ լինի, ապա թշնամու հատվածում կլինի, հետևաբար՝ այդ ամենն անզեն աչքով հնարավոր չի տեսնել»,- նշեց Ոսկեպարի գյուղապետը։

Բաղանիսի գյուղապետ Գևորգ Սահակյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ զինտեխնիկայի տեղաշարժ կամ այլ տեսակի լարվածություն չի նկատել։

Կարդացեք նաև

«Լարվածություն չկա, իսկ թե մեզ ոչ տեսանելի հատվածում ի՞նչ է կատարվում՝ չեմ կարող ասել, բայց  ամեն դեպքում նման բան չեմ նկատել»,- նշեց Բաղանիսի գյուղապետը։

Ազատամուտի համայնքապետարանից էլ մեզ փոխանցեցին, որ համայնքապետն այս պահին արձակուրդում է։ Այդ պատճառով էլ մենք հարցն ուղղեցինք մեր զանգին պատասխանող աշխատակցին, ով ասաց, որ համայնքապետարանում աշխատում է՝ որպես ավագ մասնագետ։

«Ես այս գյուղի բնակիչ եմ, որևէ նման լարվածություն չեմ նկատել,  նման լուր այստեղ չի շրջանառվում»,- նշեց Ազատամուտի համայնքապետարանի աշխատակիցը։

168.am դիմեց նաև ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին՝ հետաքրքրվելով, ի՞նչ իրավիճակ է վերը նշած գյուղերի հատվածում, ինչին ի պատասխան՝ Արամ Թորոսյանն ասաց.

«Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն դրություն է։ ՀՀ զինված ուժերն իրենց վստահված պետական սահմանի պահպանությունն իրականացնում են պատշաճ և աչալրջորեն»։

Հիշեցնենք, որ մեկ անգամ չէ, երբ ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Հայաստանում, կոնկրետ Տավուշում և Արարատի մարզում կան, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավներ»։

Ի դեպ, վերջին շրջանում, երբ հայտնի դարձավ Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը, Ադրբեջանում մերձիշխանական տարբեր շրջանակներ սկսեցին խոսել Տավուշի մարզի «անկլավների» մասին՝  հայտարարելով, որ այդ հարցն իրենց օրակարգում է։

Տեսանյութեր

Լրահոս