Հայաստանում չեն մեռել գիտելիք ունեցող մարդիկ, մի բան է ափսոս՝ մարդիկ գնում են Հայաստանից. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
Տիգրան Թորոսյանը նշել է.
- Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ իշխանությունների ապաշնորհ կառավարման և կապիտուլյացիայի հետևանք է. նման դեպքերում իշխանությունները պետք է հեռանան:
- Եթե չկան լուրջ քայլեր՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան շարունակվելու է. սա աշխարհում ընդունված սկզբունք է:
- Քանի դեռ իշխանության ղեկին այս քաղաքական ուժն է՝ ամեն աղետալի բան հնարավոր է:
- Իշխանության են եկել մարդիկ, որոնք ոչինչ չեն կարող անել, մանր-մունր կենցաղային գործերով են զբաղված և իրենց պահում են այնպես, կարծես մի համատիրության ղեկավար լինեն:
- Նման ողբերգությունները (Սուրմալուի առևտրի կենտրոնի պայթյունը,- հեղ.) շեղում են մարդկանց ուշադրությունը:
- Այս մարդիկ չեն կարող պետություն ղեկավարել, անգամ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգությունից հետո արձագանքը փնթի էր, ուշացած: Ինչպե՞ս կարելի է ողբերգությունից օրեր անց միայն սուգ հայտարարել, այն էլ՝ հասարակության անդամների հուշելուց հետո, այն դեպքում, երբ տարբեր երկրներից ցավակցություններ են հայտնում: Սա մի բան է վկայում, որ իշխանություններն այսպես կարծես փորձում էին մարդկանց ուշադրությունից դուրս մղել կատարվածը: Պարզամիտ, պարզունակ, տգետ պահվածք, այլ կերպ գնահատել հնարավոր չէ:
- Այն, ինչ ուզում է Ալիևը ՀՀ իշխանություններից՝ անմիջապես տալիս են, և որևէ մեկը չի կարող ասել, որ վաղն ուրիշ բան չեն տալու:
- Ալիևը քայլ առ քայլ անում է այն, ինչ ուզում է:
- Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե ինչ-որ բան են անում, հայտարարում էին, թե դիմել են արդարադատության միջազգային դատարանին, այնինչ դիմումը վերաբերում է միայն գերիներին, Արցախի խնդրի հետ որևէ կապ չունի, պատերազմական հանցագործությունների առնչությամբ ոչ մի քայլ չի կատարվում: Որևէ երկիր նման առիթը բաց չէր թողնի, հատկապես ադրբեջանաթուրքական ագրեսիայի պարագայում: Դա այն կռվանն է, որ կարող էինք օգտագործել Արցախի հարցի արագ լուծման օգտին:
- Եթե այս իշխանություններն այսպես շարունակեն աշխատել՝ Արցախն էլ, Հայաստանն էլ ձեռքից կգնա:
- Այսպես պետություն ղեկավարել հնարավոր չէ, այսպես պետությունը կարելի է կործանել, միակ ահազանգը, որ պետք է տրվի Հայաստանի բնակչությանը, դա այն է, որ մարդիկ պետք է լրջորեն մտածեն:
- Կան փաստեր և փաստաթղթեր: Փաստ է, որ մինչև 2007 թվականը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին, որևէ փաստաթղթում չի եղել Արցախի ինքնորոշման իրավունքը:
- 2007-ին Մադրիդում Արցախի ինքնորոշման իրավունքն արձանագրվել է փաստաթղթերում. 1998-2007 թվականներ՝ 9 տարվա ծանր աշխատանքի արդյունք էր:
- 2007-ին Արցախի ինքնորոշման հիման վրա հիմք դրվեց նոր որակի բանակցությունների:
- 2020-ին դեռ բանակցությունների սեղանին դրված էր մի փաստաթուղթ, որով նախատեսվում էր 5 շրջանների վերադարձ՝ առանց Քարվաճառի և Լաչինի, հետո պետք է լիներ ԼՂ կարգավիճակի, անկախության հանրաքվե:
- Լեգիտիմություն՝ նշանակում է սահմանադրականություն. ոչ 2018-ին, ոչ 2021-ին Ազգային ժողովի ընտրություններն ու դրանց արդյունքները լեգիտիմ չեն եղել:
- 2018-ին մարդկանց ԱԺ շենքի մոտ հավաքելով՝ պատգամավորներին պարտադրեցին քվեարկել Փաշինյանի օգտին. նման ձևով լեգիտիմ իշխանություն չեն ձևավորում, այդպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում: Ուկրաինայում Յուշչենկոյին իշխանության բերեցին՝ ընտրությունների երրորդ փուլ անցկացնելով, դա հակասահմանադրական էր:
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթուղթն իրավաչափ չէ: Հայաստանի ղեկավարությունը ոչ մի կապ չուներ Արցախի խնդիրների հետ, որ ստորագրեց փաստաթուղթը: Ո՞վ է Հայաստանի իշխանությունը, որ պետք է որոշի, թե Քելբաջարը, այս կամ այն գյուղը պետք է հանձնել. սա միջազգային իրավունքի խախտում է: Դժբախտաբար, Արցախի իշխանություններն էլ հլու-հնազանդ ծառայողներ դարձան Հայաստանի այս իշխանություններին:
- Ընդդիմությունը պետք է ընդունի, որ երրորդ փորձն էլ չհաջողեց, ընդունեն, որ ձախողել են, և փորձեն հասկանալ պատճառները:
- Եթե ճիշտ քայլեր չանենք՝ երկիրը ձեռքից կգնա:
- Հայաստանում չեն մեռել գիտելիք ունեցող մարդիկ: Մի բան է ափսոս, որ մարդիկ գնում են Հայաստանից: Ես չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, բայց Հայաստանից գնացողները պետք է հասկանան, որ ունեն միայն մեկ հայրենիք՝ Հայաստան: Հեռվից հայրենիք չեն սիրում: