Բաժիններ՝

Գազերը տարածվելու հատկություն ունեն. Մասնագետները՝ «Սուրմալու»-ի պայթյունից օդի աղտոտվածության, վտանգների մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները,-այս մասին տեղեկացրել է Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։ Օգոստոսի 15-16-ը Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։ Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն HMC ՊՈԱԿ-ի մասնագետները նշում են, որ Շենգավիթի, Արշակունյացի հատվածում ստացված տվյալներից հասկանալի է դարձել, որ աղտոտվածությունը բարձր է:

Փոշին կարող է ազդել մարդու շնչառական ուղիների վրա, հանգեցնել թոքային, մաշկային հիվանդությունների:

Կարդացեք նաև

Բնապահպան, «Հայաստանի Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով՝ փնջային արտանետում է եղել:

«Ծծմբի օքսիդներից ոչ պակաս վտանգավոր են նաև ազոտի օքսիդները: Դա ցրվում է և, կախված մթնոլորտային պայմաններից, օրինակ, քամիների ուղղությունից, ամեն տեղ կարող է տարածվել: Երբ «Նաիրիտն» աշխատում էր, անալիտիկ ուսումնասիրությունները քլորոպրեն ցույց տվեցին Արագած լեռան լանջերին և կատարին: Գազերը տարածվելու հատկություն ունեն, դա բնական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Սանասարյանը:

ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Քրիստինա Վարդանյանն էլ աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով ֆեյսբուքյան իր էջում թվարկել է մի քանի քայլ, որոնք կարելի է կատարել:

Պետք է խուսափել վաղ առավոտյան դրսում լինելուց, քանի որ օրվա այս ժամին օդում սմոգի (մթնոլորտի խիստ աղտոտվածությունը) առավելագույն քանակն է։

Եթե պետք է դուրս գալ փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։ Չպետք է բացել պատուհանները՝ հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում անհրաժեշտ է օգտագործել օդորակման և օդի մաքրման համակարգեր:

Պատուհաններին պետք է կախել խոնավ շորեր և պարբերաբար փոխել:

Բնակելի և աշխատատանքային տարածքներում կարելի է կատարել խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։ Անհրաժեշտ է ողողել քիթը և կոկորդը, օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունել:

Տեսանյութեր

Լրահոս