
5 տարեկան երեխան, ինչպես նաև նրա հղի մայրն անհետ կորած են. ԱԻ նախարար

Մենք ամբողջ գիշեր աշխատելու ենք։ Ինչպես տեսնում եք, լուսավորություն կա, որպեսզի աշխատենք։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Ըստ նրա` կա երկու վտանգ. մեկը, որ փլատակների տակ կարող են լինել կենդանի մարդիկ, որոնց պետք է դուրս բերել, և մյուսը` նոր հրդեհի հավանականությունը, քանի որ թեպետ հրդեհն ընդհանուր առմամբ մարված է, քամին որոշակի հրդեհային իրավիճակ առաջացնում է։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա ԱԻ նախարարն ասաց` 3 զոհ կա այս պահին` 2 կին և մեկ տղամարդ։
«Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխան, ինչպես նաև նրա հղի մայրը անհետ կորած են։ Եղել են այցելու»,-ասաց նախարարը` հավելելով, որ ֆիքսված 20 քաղաքացուց ունեն ահազանգ, որ փլատակների տակ են։ Արմեն Փամբուխչյանը նաև նշեց, որ 7 փրկարար է ծխահարվել, որոնցից 5-ն արդեն վերադարձել են ծառայության, 2-ը գտնվում են հիվանդանոցում, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Փրկարարները աշխատում են 4 հատվածներում։ Ինչ վերաբերում է պայթյունի պատճառին, ԱԻ նախարարն ասաց` 8-9 ժամը բավարար ժամանակ չէ պատճառը վերլուծելու համար։ «Ոչ ոք չի կարողանում մոտենալ դեպքի վայրին, քանի որ կա փլուզման վտանգ Այդ իսկ պատճառով պետք է մի փոքր սպասենք, և արդեն իրավապահ մարմինները կասեն մանրամասներ դեպքի պատճառի հետ կապված»,-ասաց նախարարը։
Վերջինս նշեց նաև` նոր պայթյունի հավանականություն չկա։ Կարող են լինել մանր օջախներ, որոնք արագ չեզոքացվում են։
Մանրամասները` տեսանյութում։