
750 միլիոն դրամ․ Էկոնոմիկայի նախարարության աստղաբաշխական դրամաշնորհը՝ իր համակարգում գործող կազմակերպությանը

Էկոնոմիկայի նախարարությունն իր համակարգում գործող «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացրել է աստղաբաշխական դրամաշնորհ։ Դեկտեմբերի 6-ին կնքված՝ պետության կողմից ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի գինը 750 միլիոն դրամ է, պայմանագրի առարկան՝ «Որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացումն» է։
Ի դեպ, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին բյուջեից դրամաշնորհի հատկացման որոշումը կայացվել էր ավելի վաղ՝ կառավարության նոյեմբերի 7-ի որոշմամբ։
Նշվում էր՝ այդ գումարով նախատեսվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայանների սարքավորումների չափագիտական սպասարկման կարողությունների, խաղալիքների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման, կշռաստուգաչափման շարժական լաբորատորիայի, ստանդարտների ազգային ֆոնդի պահպանման գրադարանի արդիականացում և վերազինում։
Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտի 25-ին գործող իշխանությունները նախաձեռնեցին «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման պետական գրանցումը` միաձուլման կարգով․ նշված կազմակերպությունների գործունեությունը դադարեցվեց, որպես իրավահաջորդ կազմակերպություն` ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: