Մնացյալը ճամարտակություն է

Տևական ժամանակ է՝ որոշ շրջանակներ, ներկան թողած՝  անցյալի  կիսաճշմարտություններ են տարածում տեղեկատվական հարթակներով՝ էլ ավելի մոլորեցնելով հասարակությանը: Միանգամից ասենք՝ դա անօգուտ, անպտուղ աշխատանք է, առավել ևս, որ կիսաճշմարտություններով, որպես կանոն, խնդիր չեն լուծում, այլ ավելի են խորացնում, ավելին՝ կեղծ մեղավորներ և քավության նոխազներ են կարգում՝ նենգափոխելով պատմությունը և հասարակության ուշադրությունը շեղելով ներկայիս մարտահրավերներից և բուն խնդրից:

Մասնավորապես, որոշ շրջանակներ օրնիբուն  Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների արխիվներից որոշ պատառիկներ են մատուցում. մանիպուլյացիայի նպատակը և իրենց եզրահանգումը,  ինչպես միշտ, մեկն է՝ Լևոնը ճիշտ էր, բոլորը սխալ՝ Տիգրան Մեծն էլ էր սխալ…

Այս պահին հասարակության ուշադրությունը սևեռված է դեպի Արցախ, Սյունիք, մասնավորապես՝ Բերձոր (Լաչին), Աղավնո, Սուս… Օգոստոսի 25-ին Լաչինի միջանցքը և Բերձորն ու Աղավնո գյուղը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց հանցավոր գործողությունների շնորհիվ, հազարավոր տղաների և տարածքների կորուստներից հետո, հանձնում են Ադրբեջանին:

Այսօր արդեն շատերն են հասկանում ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի համար այդ խնդրի և նշյալ տարածքների անվտանգային բաղադրիչի  կարևորությունը, կենսական նշանակությունը: Աներկբա է, փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը  իր ոչ կոմպետենտությամբ, իր «զրոյական կետով», բանակցությունները փակուղի տանելով, անպատասխանատու հայտարարություններով, պատերազմ հրահրելով, իր մեղքը նախկինների և բոլորի վրա բարդելով, ստելով, նշաձողեր իջեցնելով՝ ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև բանավոր և այլ  համաձայնություններով Բերձորը (Լաչին), Աղավնոն, Սուսը և այլ կենսական տարածքներ տվել է Ադրբեջանին: Հիմա հրատապ լուծում պահանջող միակ հարցը՝ ի՞նչ անելն է, ինչպե՞ս կանգնեցնել այս աղետալի և նոր սպառնալիքներով հղի գործընթացը:

Իսկ ի՞նչ են ասում վերոնշյալ շրջանակները, անհատները: Նախ, նշում են, որ շուտով՝ օգոստոսի 25-ին, Լաչին քաղաքն ու Աղավնո գյուղն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Չեն ասում՝ գործող քաղաքական ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանն այդ տարածքները հանձնում է Ադրբեջանին, այլ ասում են՝ «տարածքներն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ»: Ապա, ուշադրություն, Նիկոլ Փաշինյանի կործանարար գործողությունների ու ձախողումների համար նրանք մեղադրում են «նախկիններին»: Այս շրջանակների և Փաշինյանի համար «նախկիններ» ասվածը, գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ( ՀՀ առաջին նախագահին միշտ շրջանցում են, բայց դա այլ թեմա է):

Եվ ահա, նույն այդ շրջանակներից առանձին մարդիկ սրտաճմլիկ տոնով հարցազրույցներ են տալիս, ֆեյսբուքներում՝ գրառումներ, հոդվածներ են գրում, հայտարարություններ են անում, թե բա՝ «Աղավնոյի և Բերձորի կորստի մասին այսօր ամենաբարձրը խոսում և մտահոգվում են նրանք, ովքեր 1997 թվականին ղարաբաղյան կարգավորման փուլային ծրագիրը համարեցին անընդունելի, պարտվողական, դավաճանական… որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմը «ծախում են Արցախը»: Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում դա միակ առաջարկն էր, որով հայկական վերահսկողության տակ էր մնում ոչ միայն Լաչին՝ Բերձոր քաղաքը, այլև շրջանն ամբողջությամբ՝ 1835 քառակուսի կիլոմետր»:

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշ շրջանակների համար կուռք է, և նրա հայտարարությունները, որոշումները, անգամ սխալները նրանց համար անքննելի են և որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացվում՝ գիտեինք: Այդպիսիք՝ մոլի երկրպագուներ, միշտ եղել են: Միակ նորությունն այն էր, որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից ու կորուստներից հետո 2018 թվականի հեղափոխությանը սատարող մոլի նիկոլականներն իրենց կուռքի ձախողումներից հիասթափված՝ շատ արագ ճամբարը փոխեցին ու դարձան լևոնականներից էլ մոլի լևոնական:

Այս մարդկանց կողմից ակտիվորեն շրջանառվող կիսաճշմարտությունները,  փաստերի աղավաղումներով պատմական էքսկուրսը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու, «մաքրելու» տքնաջան փորձ՝ աստվածացնելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ որպես հերոսական քայլ ներկայացնելով նրա հրաժարականը՝ մեղքը բարդելով չարչրկված «նախկինների» վրա:

Պատմական այդ էքսկուրսավարներին հիշեցնենք իրենց կողմից մոռացված մի կարևոր դրվագ. դեռևս 1999 թվականի հունվարի 29-ին ՀՀԿ 5-րդ համագումարում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին՝ պատմել է ողջ ճշմարտությունը.

«Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ՝ իր հետ տանելով իր համոզմունքները, թողնելով դաշտը մեզ: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել, և այդ ճամարտակությունները, թե Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրեցին՝ ժամանակավրեպ են և ծիծաղելի: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհեռանար, ոչ ոք նրան չէր հեռացնելու, եթե ինքը ինձ հեռացներ՝ որպես պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունը իր վրա կմնար: Հիմա, ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել ա մեզ վրա: Էստեղ պատասխանատվության խնդիր կա, և ոչ թե՝ մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ եղած մի շարք մարդկանց շուրջ»:

Մնացյալը, ինչպես Սպարապետ Վազգենն էր ասում՝ ճամարտակություններ են:

ՊԱՐԳԵՎ ԼԵՎՈՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս