Վախ չկա, մենք վճարել ենք ամենաթանկը մեր կյանքում… Մեր տղերքի կտորն ենք և չենք թուլանալու, հայրենիք ենք կորցնում. զոհվածների և անհետ կորածների ծնողների բացահայտումները

«Պրեսսինգ» հաղորդաշարի նկարահանող խումբն այցելել էր Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում գտնվող Վահրամաբերդ գյուղ, որն անվանակոչվել է ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։

Նկարահանումը տեղի ունեցավ Վահրամաբերդի մշակույթի տանը, որի նախասրահում է գտնվում Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը:

Սաթիկ Սեյրանյանի հետ զրուցում էին 44-օրյա նահատակված և անհետ կորած զինծառայողների ծնողները:  Նրանց շարքերում էր նաև հուլիսյան մարտերում՝ Տավուշում նահատակված զինվորներից մեկի հայրը:

Կարդացեք նաև

Քննարկմանը ներկա էին՝

44-օրյա պատերազմում Մարտակերտում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը: Քննարկմանը ներկա էր նաև Հակոբի մայրը:

44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էր նաև Հայկազի մայրը: Հայկազ Մկրտչյանին հոկտեմբերի 14-ին տեղափոխել են Արցախ, վիրավորում է ստացել հոկտեմբերի 29-ին, դեպի Կարմիր Շուկա տանող ճանապարհին, 12 օր պայքարել է կյանքի համար, մահացել է նոյեմբերի 9-ին։

44-օրյա պատերազմում՝ Հադրութում հոկտեմբերի 1-ին նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Մխիթարը ծառայել էր Հադրութում, զոհվել է՝ փրկելով ընկերոջ կյանքը:

44-օրյա պատերազմում՝ Իշխանաձորում հոկտեմբերի 22-ին նահատակված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը: Որդին զոհվել է նահանջ կրկնակի հրամանների արդյունքում:

44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 15-ին նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը: Որդու որոշ մասունքներ պատերազմից 9 ամիս անց գտել է Աբովյանի դիահերձարանի նկուղում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ գետնին գցած:

44-օրյա պատերազմում  նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում նահատակված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը:

44-օրյա պատերազմում՝ Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում հոկտեմբերի 14-ին նահատակված զինծառայող Կառլեն Մուրադյանի մայրը՝ Աննա Մուրադյանը: Պատերազմից 9 ամիս անց գտել են տղայի մասունքները:

44-օրյա պատերազմում՝ Կարմիր Շուկայի մոտ հոկտեմբերի 28-ին  նահատակված Լևոն Նաջարյանի հայրը՝ Սպարտակ Նաջարյանը: Որդու մարմինը գտել են հունվարի 16-ին:

44-օրյա պատերազմում՝ Ջրականում հոկտեմբերի 15-ին նահատակված Արամայիս Մուրադյանի հայրը՝ Գուրգեն Մուրադյանը:

44-օրյա պատերազմի մասնակից, Հադրութից անհետ կորած զինծառայող Վոլոդյա Պողոսյանի հայրը՝ Հովիկ Պողոսյանը, և մայրը՝ Արմինե Ավետիսյանը:

44-օրյա պատերազմում՝ Մարտունի 2-րդ-ում հոկտեմբերի 31-ին նահատակված Խաչատուր Խաչատրյանի հայրը՝ Հարություն Խաչատրյանը:

2020թ․ հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշում  նահատակված կապիտան Սոս Էլբակյանի հայրը՝ Փայլակ Էլբակյանը:

Նահատակված և անհետ կորած տղաների ծնողները քննարկման ընթացքում նշել են.

  • Վստահ չէինք, որ իրավապահ մարմիններն անելու են ամեն ինչ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
  • Ճիշտ երկրում, արժանապատիվ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին կձերբակալեր:
  • Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ «Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում, մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարներն ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն՝ հստակ, երբեմն՝ դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի. այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»:
  • Էս երկրում ամենավատ մարդիկ մե՞նք ենք, թե՞ մեր տղերքն էին, որ տարաք սպանեցիք… Վախենալու բան չկա, մենք արդեն վճարել ենք ամենաթանկը մեր կյանքում…
  • ԱԱԾ-ն միայն մեր տղաների գործը չի քննելու, սա ազգի հարցն է, ազգը վերանում է, իշխանությունները քանդում են երկիրը:
  • Ինչպես մեր տղաները պատերազմի դաշտում, դիրքերում, անկախ նրանից՝ ով որտեղի ծնունդ է, իրար կողքի կանգնած պաշտպանել են հայրենիքը, այնպես էլ մենք՝ ծնողներս, պետք է դուրս գանք մոլորությունից, համախմբվենք ու պաշտպանենք հայրենիքը: Մենք երկիր ենք կորցնում:
  • Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումը հիասթափեցնող ու զայրացնող էր: Մեր բոլոր հարցերին պատասխան չտվեց, խոսեց միայն էն մասին, ինչի մասին ինքն էր ուզում խոսել, իրեն շատ վատ պահեց, հետո մի պահի սենյակից դուրս եկավ՝ տղամարդկանց հետ հաշիվ պարզելու… Ու մենք դուրս եկանք Քյարամյանի հանդիպումից՝ առանց ոչնչի:
  • Գյուղ առ գյուղ գնալու ենք, մեր այցերը շարունակական են լինելու: Մենք մեր տղերքի կտորն ենք և չենք թուլանալու, մենք նաև էն ծնողներին ենք համախմբելու, որոնք այսօր դեռ ոտքի չեն կանգնել:
  • Ես պայքարող տեսակ եմ, 9 ամիս պայքարել եմ, որ գտնեմ որդուս դիակը…
  • Նիկոլ Փաշինյանի հետ 60 ծնողների հանդիպման ընթացքում մի տհաճ միջադեպ եղավ, երբ Արսեն Թորոսյանի հետ վեճի բռնվեցինք՝ տղերքի մասունքները պարկերում պահելու հարցով, Փաշինյանը զայրացավ ու ծնողների վրա մատ թափ տալով դուրս եկավ սենյակից՝ հայտարարելով՝ «տեսեք՝ ձեր վերջն ինչ է լինելու, որ իմ ներկայությամբ ձեզ հարիր չեք պահում»…
  • Գերեվարվածների տվյալները ճիշտ չեն ասում, և Ալիևը, և Փաշինյանը նույն թվերն են ասում: Մինչդեռ Հադրութում մեր տղաները և 21 քաղաքացիական անձ միասին գերեվարվել են: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 81 հոգու մասին տեղեկություն ունի: Ադրբեջանական կողմը չի ընդունում: Իսկ երբ ԱԺ-ի մոտ էինք հավաքվել՝ Ալեն Սիմոնյանը մեզ հետ հանդիպեց ու հայտարարեց, թե մենք գերիներ չունենք…
  • Ես հիշում եմ Փաշինյանի ավելի վաղ ասված խոսքը, կրկնում եմ, նա ասաց, թե «անհետ կորածները համարվում են գերիներ», բայց մինչև հիմա ոչ մի ինֆորմացիա չկա: Ստացվում է, որ մեր իշխանությունը չի կարողանում լուծել գերիների հարցը: Մինչդեռ ադրբեջանցիների գերիներին, իբրև թե մոլորված, վերադարձնում են, գոնե փոխանակեին մեր գերիների հետ, բարի կամք դրսևորեին…
  • Երևի մեր տղաների գերության մեջ գտնվելն օգուտ է տալիս Նիկոլին, թեկուզ այն պատճառով, որ ինքը ոչինչ չի անում: Մեր տեղեկություններով՝ մեր տղաներին դիտավորյալ են հանձնել թուրքին:
  • Կառավարությունն ավելի շատ տեղեկություն մեզանից է ստանում, քան մեզ է հայտնում:
  • Ինչո՞ւ զոհերի իրական թիվը չեն ասում. կա երկու տարբերակ՝ կամ ժողովրդին վախի մթնոլորտում պահելու համար, թե նորից պատերազմ կարող է լինել, կամ, որ մտածեն, թե զոհերն ավելի շատ են, ու լռեն, համակերպվեն:
  • Մենք ծնողներով շատ հեշտությամբ կարող ենք պարզել իրական պատկերը, զոհերի իրական քանակը, այ այսպես, գյուղեգյուղ գնալով: Մեր այցերի նպատակը նաև սա է: Այսինքն՝ ծնողները նաև փաստահավաք աշխատանք են կատարում:
  • Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն ուներ Ալիևի հետ, եթե պայմանավորվածություն չլիներ, այդ դեպքում սեպտեմբերի 26-ին ինչո՞ւ էին զորախմբի պերեսմենկա անում և ոչ անցնում պաշտպանության, ոչ էլ… մանավանդ, որ Փաշինյանը խորհրդարանում մեկ անգամ հայտարարեց, որ նախապես իմացել են, որ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում: Պատերազմից երկու օր առաջ իմացել են: Մենք միանշանակ համոզված ենք, մեր երեխեքին դավաճանել են:
  • Ես պատրաստ եմ կանգնել այն ուժի կողքին, որը կփրկի հայրենիքը, իսկ հետո միասին կբացահայտենք մեղավորներին ու պատասխանատվության կենթարկենք:

Տեսանյութեր

Լրահոս