Բաժիններ՝

Ցանկացած քաղաքացի պետք է իմանա, որ իր պետության մեջ հանգիստ կարող է բնակարան ձեռք բերել, որովհետև այս պետությանը զինվոր է տալիս, հարկ է վճարում. անշարժ գույքի գործակալ

Հուլիսի 28-ին վարձով տուն փնտրող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության մոտ: Նրանց խոսքով՝ վարձով բնակարանների գները հասել են աբսուրդային թվերի։

«Ինքս անչափահաս երեխաների մայր եմ և այսօր կանգնած եմ փաստի առջև, չեմ կարողանում գտնել վարձով բնակարան խայտառակ բարձր գների պատճառով։ 150․000 դրամից պակաս նորմալ պայմաններով 2 սենյականոց բնակարան գտնելն անհնար է: Հնարավոր չէ և՛ վարձավճար տալ, և՛ ապրել»,- նշել է քաղաքացիներից մեկը:

«Հոգեբանական և սոցիալական բռնության տխուր պահ է, երբ 75․000 դրամից տան վարձավճարը միանգամից բարձրացնում են 140.000, կամ էլ տալիս են 10 օր ժամանակ»,- հավելել է մյուս քաղաքացին:

«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ բնակարանների գները բարձրացել են, քանի որ պահանջարկը մեծ է, բացի դա՝ կապված է նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված ռուս, ուկրաինացի և բելառուս քաղաքացիների մեծ թվի հետ:

Կարդացեք նաև

«Պետությունը գները վերահսկելու լծակներ չունի, որովհետև դա սեփականություն է: Սակայն, եթե մարդիկ սկսեն չվարձել՝ սեփականատերերը նվազեցնելու են տների գները, բայց նման միտում դեռևս չկա: Այլ հարց է, երբ մարդն արդեն իսկ պայմանագիր ունի և ապրում է այդ բնակարանում, սակայն սեփականատերն անակնկալ գալիս ու ասում է՝ դուրս արի, թանկ գնով ուզող կա: Այդ դեպքում պետք է նորմեր լինեն. Օրինակ՝ այն, թե սեփականատերն ինչքա՞ն ժամանակ շուտ իրավունք ունի վարձակալին հանելու, կամ հստակ չափանիշ պետք է լինի, թե քանի՞ տարին մեկ, ինչքա՞ն տոկոսով կարող է տան վարձի գինը բարձրացնել:

Օրինակ, եվրոպական երկրներում կա այսպիսի օրենք. երբ քո վարձակալին ուզում ես ժամանակից շուտ հանել, պետք է նույն պայմաններով, նույն գնի սահմաններում ինքդ բնակարան գտնես, նրա տեղափոխությունն ապահովես, ինքն այդ տունը վարձի, նոր քո բնակարանից դուրս գա: Այլապես, հենց այնպես չես կարող քաղաքացուն դուրս հանել ու թողնել բախտի քմահաճույքին: Այսինքն, պետությունն այդ հարցով մտածել է, այնտեղ քաղաքացին արժեք ունի՝ ի տարբերություն մեր երկրի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը:

Հարցին, որ պահանջ կա, ի վերջո, հարկային դաշտ տեղափոխել բնակարանները վարձակալությամբ հանձնողներին, հետևաբար՝ ինչո՞ւ այս առումով քայլ չի արվում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այդ ուղղությամբ մի քանի խնդիր ունենք: Առաջինը մեր ժողովրդի մենթալիտետն է. երբ մարդիկ իրար վստահում են բառերով, պայմանագրի դաշտ չեն ուզում գնալ, կամ, երբ նույնիսկ պայմանագիրը լինում է՝ համակերպվում են, որ դա կարող է Կադաստրով չարվի, չգրանցվի, որպեսզի հարկեր չվճարեն: Երբ բնակարանը վարձակալության են հանձնում՝ սեփականատերը 10 տոկոս հարկ պետք է վճարի, ու եթե վարձակալության արժեքը 100.000 դրամ էր, այս դեպքում 110.000 դրամով է տալու, և դա անդրադառնալու է վարձակալի գրպանին: Սակայն ճիշտն այն է, որ բնակարանները ստանան նոտարացում, որպեսզի ամեն ինչ օրենքով լինի: Բայց այս դեպքում մի քիչ քաշքշուկներ կան: Սեփականատերը պարտադիր պետք է Հայաստանում լինի, միասնական տեղեկանք պետք է հանեն, նոտարի մոտ գնան, վճարումներ կատարեն, հետո գնան Կադաստր՝ գրանցեն, եռամսյակը մեկ կամ տարվա կտրվածքով գնան, հարկեր մուծեն պետությանը:

Սա պետք է մի քիչ պարզեցվի, որպեսզի մարդիկ չխուսափեն: Եվ, հետո, պետք է մոտիվացիա լինի. ով այդկերպ է վարձով տալիս բնակարանը, պետք է արտոնություն ստանա: Տեսեք, բողոքի ակցիա արել են ՀՀ քաղաքացները, իսկ օտարերկրացիները որ գալիս են Հայաստան՝ բնակվելու, ունեն բարձր եկամուտներ: Մեզ մոտ միջին աշխատավարձը 10-20 անգամ զիջում է օտարերկրացիների աշխատավարձին, և մեր քաղաքացիները հնարավորություն չունեն նման գներով բնակարաններ վարձակալել»:

Անդրանիկ Հարությունովն ընդգծեց՝ պետք է սոցիալական ծրագիր լինի, որ ՀՀ քաղաքացին շատ մատչելի պայմաններով կարողանա բնակարան ձեռք բերել:

«Եթե մարդն ամեն ամիս վճարում է, օրինակ, 150.000 դրամ վարձ, պետությունը շենք սարքեց, քաղաքացուն կարող են այդտեղ բնակարան տալ, ու եթե նա այդ 150.000 դրամը 10-15 տարի վճարի՝ բնակարանը նրանը կդառնա: Պետք չէ, որ բնակարանը քաղաքացիների համար երազանք լինի: Ցանկացած քաղաքացի պետք է իմանա, որ իր պետության մեջ հանգիստ կարող է բնակարան ձեռք բերել, սեփականատեր դառնալ, որովհետև այս պետությանը զինվոր է տալիս, հարկ է վճարում, աշխատում, բարիք է ստեղծում: Եթե մարդն ուսուցիչ է, ստանում է 150.000 դրամ ու ուզում է բնակարան ձեռք բերել, սակայն գները բարձր են, նա ընկճվելու է, չի ուզելու Հայաստանում ապրել: Մեր պետության սյուն հանդիսացող քաղաքացիները պետք է տուն գնելու հնարավորություն ունենան, որ ոչ թե վաղը գան, ասեն՝ դուրս արի: Դա ահավոր սթրես է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս