Մեր պաշտպանությունը մենք պետք է իրականացնենք. մենք մատաղացու գառ չենք. Արցախցի պատգամավորը հակադարձում է Փաշինյանին

Ամենևին անսպասելի չէր, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո շարունակելու է իր ագրեսիվ գործողություններն Արցախի ու արցախահայությա նկատմամբ։ Նրա ձեռագիրը չի փոխվել ու չի էլ փոխվելու։ Ամենակարևորը՝ ոչ մի դեպքում չի կարելի տեղի տալ Ադրբեջանի շանտաժին, թույլի և պարտվողի դիրքերից հանդես գալը շատ վտանգավոր է, շատ, քանի որ եթե մի պահանջ բավարարեցիր, նոր պահանջներ է առաջ բերելու։ ՀՀ իշխանությունները թույլ, պարտվողական դիրք են բռնել․ դա սխալ է, պետք է արժանապատիվ բանակցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Աժ պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

«Ադրբեջանը ոչ մի դեպքում կանգ չի առնելու։ Եթե զիջեցիր մի բան, ընդառաջեցիր նրա որևէ պահանջին, նոր պահանջներ է դնելու։ Ասում են՝ փակելո՞ւ ենք միջանցքը, փակում են թող փակեն և ամբողջ աշխարհն էլ կտեսնի, թե ոնց է 120 հազար բնիկ հային իր բնօրրանում բայրաքթարներով ոչնչացում։ Այդ ժամանակ ռուս խաղաղապահը կկատարի իր պարտավորությունները, թե՝ ոչ, կերևա։ Պետք է նաև հասկանանք, թե խաղաղապահներն ինչ են պատրաստ անել, հարցերը քննարկել ու հստակ պատասխաններ է պետք ստանալ։ Համենայնդեպս, ոչ մի դեպքում չի կարելի Ադրբեջանի շանտաժին տեղի տալ»,-ասում է Հայրապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր։ Որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո շարունակելու է իր ագրեսիվ քայլերն Արցախի ու արցախահայության նկատմամբ, ըստ Հայրապետյանի, սպասելի էր․

«Հնարավոր զարգացումների մասին՝ այն, ինչ հիմա կատարվում է, բազմիցս բարձրաձայնել ենք թե՛ հանձնաժողովի ձևաչափով, թե՛ կուսակցության։ Նաև կետ առ կետ նշել ենք, թե ինչ պետք է անել, ինչպես կատարելագործել պաշտպանության բանակը, որ պատրաստ լինենք հակահարվածի, բայց լիարժեք չի արվել այն, ինչ պետք էր։ Փորձել ենք նաև ՀՀ իշխանություններին հասու դարձնել, թե ինչ է սպասվում։ Եվ կարելի էր այդ ամենն աչքի առաջ ունենալով՝ հզորացնել բանակը, ոչ թե սպասել՝ հասնենք այն վիճակին, նոր մտածել անելիքների մասին։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեին ու ճիշտ քայլեր անեին՝ օգտագործելով նաև մեր ռազմավարական դաշնակցի ներուժը»։

Կարդացեք նաև

Հայաստանի վարչապետի՝ երեկ Կառավարության նիստի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ ՊԲ ստորաբաժանումները հնարավոր է նաև հետ քաշվեն շփման գծից՝ վերջինիս հսկողությունը հանձնելով խաղաղապահ զորախմբին՝ Սեյրան Հայրապետյանն անիրատեսական է համարում։

«Կարծու՞մ եք 20-25 հազար խաղաղապահ կբերվի Արցա՞խ, ու անվտանգության այնպիսի երաշխիքներ կլինեն, որ պաշտպանության բանակի ուժերը հետ քաշելու տարբերակ կլինի՞։ Իսկ որտեղի՞ց այն երաշխիքը, որ մեկ- երկու տարի հետո խաղաղապահը չի գնալու։ Եթե հնարավոր է այդ խնդրահարույց հարցերը միանշանակ լուծել, անվտանգության բոլոր երաշխիքները ստեղծել, գուցե և ազգովի քննարկվի այդ տարբերակը, բայց, անկեղծ ասած, ես դրան չեմ հավատում։ Կրկնում եմ՝ եթե դու քո պաշտպանությամբ չես զբաղվում, ուրիշը ոք չի զբաղվելու։ Մենք բազմիցս ենք ասել, որ ռուս խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ է, բայց մեր պաշտպանությունը մենք պետք է իրականացնենք»,-ասում է Հայրապետյանը։

Արցախցի պատգամավորը ցավով նկատում է՝ միայն պաշտպանության բանակի ուժերը բավարար չեն պատերազմից հետո երկարած շփման գծի ամբողջ երկայնքով պաշտպանությունն ապահովելու համար, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել, զիջողականություն դրսևորել․ ամենևին։ Հայրապետյանը համոզված է՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժը միավորելու դեպքում հաջորդ պատերազմում մենք ենք հաղթելու։

«Եթե անհապաղ միավորվում ենք, ուրեմն միավորվում ենք, եթե չէ, ապա մեր երեխաներին հանենք այստեղից, մտնենք անտառներն ու անցնենք ինքնապաշտպանության։ Մեր երեխաներն այստեղ՝ Արցախում պետք է ապրեն։ Արցախը չի հանձնվելու։ Մենք մատաղացու գառ չենք։ Ու ես ասում եմ սա ոչ թե որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, այլ՝ Արցախում ապրող շարքային քաղաքացի, ով երկար տարիներ ծառայել է զինված ուժերում։ Ես գիտեմ, թե ինչ հրաշքներ կարող է գործել մեր զինվորը ու գործում է․․․»։

Տեսանյութեր

Լրահոս