«Եթե պետք է ես հանրահավաք անեմ, այս կամ այն մարդուն քննադատեմ և լուծումների մասին չխոսեմ՝ դա կարող է նաև տատիկս աներ». Սեյրան Հայրապետյան

Այսօր երեկոյան Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակում Արցախի Հանրապետության Անվտանգության նախկին  քարտուղար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հրավիրում է  հանրահավաքի՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և ճանապարհներ մատնանշելու նպատակով։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն անդրադառնալով նախատեսված հանրահավաքին, նշեց, որ ստեղծված իրավիճակում ժողովուրդը կարիք ունի հարցերի պարզաբանումներ լսել, լսել այդ վիճակից դուրս գալու տեսլականների մասին, այսինքն՝ նման հանդիպում անցկացնելու համար հանրային պահանջ կա։

«Բազմիցս համոզվել են, որ Սամվել Բաբայանը մի քանի քայլ առաջ է տեսնում, նրա ասածներին ժամանակին ականջալուր լինելու դեպքում կարելի էր այսպիսի բարդ իրավիճակում չհայտնվել։ Այս համատեքստում այս անգամ նա նման ֆորմատով կհանդիպի մարդկանց հետ»,- նշեց Սեյրան Հայրապետյանը։

Հարցին՝ վերջին շրջանում Ստեփանակերտում հանրահավաքներ են անցկացնում խորհրդարանական խմբակցությունները, քաղաքական ուժերը, հնարավո՞ր է, բոլոր ուժերը միախմբվեն հենց Արցախի հարցի շուրջ, Սեյրան Հայրապետյանը պատասխանեց, որ Արցախի քաղաքական ուժերն առանձին հանրահավաքներ չեն կազմակերպել։ Այն հանրահավաքները, որոնք տեղի են ունեցել Արցախի անկախության օրվա կապակցությամբ և այլ առիթներով՝ եղել է բոլոր քաղաքական ուժերի, հանրության ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է  վերջին հանրահավաքներին, որ տեղի ունեցան Ստեփանակերտի հրապարակում, դրան ներկա են գտնվել արտախորհրդարանական ուժերի մի մասը։ Հայաստանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների, իշխանությունների հայտարարությունների համատեքստում Արցախի ժողովուրդն ինքնաբուխ, ինքնակազմակերպված դուրս է եկել հավաքի, և տեղի քաղաքական ուժերը նույնպես ժողովրդի հետ միասին ներկա են գտնվել այդ հանրահավաքին»,- հավելեց Ս. Հայրապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ էլ այսօր հանրահավաքին կխոսի Սամվել Բաբայանը, սկսած անվտանգային հարցերից՝ մինչև համախմբման ու ճիշտ աշխատելու վերաբերյալ։

«Արցախում ժողովուրդն ընդդիմանում է ստեղծված իրավիճակի և օրեցօր վատթարացող պայմանների համար։ Կարևորն այն է, թե այդ հանրահավաքի ժամանակ տարբեր հարցերի վերաբերյալ ինչ տեսակետներ կներկայացվեն, ինչ-որ լուծումներ առաջարկո՞ւմ են, թե՞ չէ։ Եթե պետք է ես հանրահավաք անեմ, այս կամ այն մարդուն քննադատեմ և լուծումների մասին չխոսեմ՝ դա կարող է նաև տատիկս աներ։ Հիմա Սամվել Բաբայանի հանդիպումն այն տրամաբանության մեջ է, որ փորձենք ստեղծված իրավիճակից համախմբված, ազգովի դուրս գանք։ Մնացածն արդեն հանդիպման ընթացքում պարզ կլինի»,- եզրափակեց Սեյրան Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս