Ադրբեջանը ռազմական բյուջեն մեծացնում է՝ վախենալով հայ «ռևանշիստների՞ց»

CBC TV Azerbaijan-ի հետ զրույցում ադրբեջանցի գեներալ Էլբրուս Օրուջևը խոսելով երկրի պաշտպանական բյուջեի ավելացման մասին, նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հասկացել են՝ պետք է գնել ժամանակակից սպառազինություն:

«Ղարաբաղում պատերազմի փորձը ցույց տվեց՝ բոլոր զենքերը չէ, որը գնել էինք և կիրառեցինք՝ «ազատագրելու օկուպացված տարածքները», համապատասխանում են այսօրվա խնդիրներին, որոնք երկրի ղեկավարության կողմից դրվել են բանակի առջև: Ավելին, վերջին պատերազմի ընթացքում բարձրլեռնային հատվածներում ծավալված մարտերը ևս ցույց տվեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն պետք է մոդեռնիզացվեն, այլև ձեռք բերեն ժամանակակից սպառազինություն, որն ի զորու կլինի հենց բարդ լեռնային հատվածներում ոչնչացնել ստորաբաժանումները, որոնք կփորձեն խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա՝ արդյունավետ համարելով իսրայելական և թուրքական ԱԹՍ-ները, միաժամանակ անհրաժեշտ համարելով գերճշգրիտ և հեռահար սպառազինության ձեռքբերումը, որը, ըստ նրա, թույլ է տալու փոքր ուժերով խոր էշելոնացված ստորաբաժանումներին հարված հասցնել:

Ադրբեջանցի գեներալը չի անտեսել 90-ականների «դառը փորձը», թե՝ եթե ուզում ես ապրել խաղաղ, միշտ պատրաստ պիտի լինել պատերազմի:

«Հաճախ հարց են տալիս՝ ինչի՞ է պետք այդքան մեծ ռազմական բյուջե, երբ խնդիրն արդեն լուծել ենք, ո՛չ, մենք այնպիսի գոտում ենք գտնվում, որտեղ ունենք ոչ բարեկամական հարևաններ, որոնք մշտապես ռևանշիստական հայտարարություններ են անում: Եվ այդ ֆոնին, իհարկե, Ադրբեջանը պետք է գնի այնպիսի զենք, որը համապատասխանի այսօրվա չափանիշներին»,- եզրափակել է Օրուջևը:

Նշենք, որ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռամիլ Մամեդլին բարձր էր գնահատել պատերազմի ժամանակ հայկական հրետանու «աշխատանքը»:

Նա նշել էր, որ պատերազմից հետո բոլոր ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերում վերանայումներ են կատարվել, երկրի ղեկավարությանը զեկուցվել են պատերազմի ընթացքում ի հայտ եկած բացերն ու թերությունները:

Տեսանյութեր

Լրահոս