«Խայտառակագույն հայտարարություն է. դրանից թշնամին շատ ավելի սանձարձակ և լկտի է դառնալու». Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ԱԱԾ տնօրենին և ՊԵԿ նախագահին հրահանգել է ապահովել ադրբեջանցիների մուտքը ՀՀ սահմանով Նախիջևան:
«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»,- ընդգծել է Փաշինյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը դժվարացավ մեկնաբանել վերոնշյալ հայտարարությունը՝ այն որակելով «խայտառակագույն».
«Այն պարագայում, երբ Ադրբեջանն իր ռազմական կոնտինգենտն ընդլայնում է, զարգացնում է ռազմական ենթակառուցվածքը, մեծ քանակությամբ ուժեր է տեղակայում ԼՂ և ՀՀ սահմանամերձ հատվածներում, այդ ամենի ֆոնին՝ կրկին զիջելու պատրաստակամություն, կրկին «էստի համեցեք» ասելու պատրաստակամություն: Սա ի՞նչ է նշանակում, Հայաստանի գլխին կախված գոյութենական սպառնալիքին ի պատասխան՝ այսպիսի խայտառակագույն զիջումներ բովանդակող հայտարարությունը կարո՞ղ է խաղաղության երաշխիք լինել, ինքը այսպե՞ս է խաղաղությունը բերում: Ես համոզված եմ, որ որևէ ռացիոնալ մարդ չի կարող ասել, որ այսպիսի ճանապարհով կարելի է խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Ինչքան հայկական կողմը՝ Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը, շարունակի թույլ մնալ, ապամոնտաժել ռազմական ենթակառուցվածքը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները փորձի փոխել զուտ սահմանապահ զորքերով, այնքան Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, հավակնություններն ավելի ու ավելի շատանալու են»:
Նա նկատեց՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ մեղադրանքների սլաքներն ուղղում են դեպի ռուս խաղաղապահները, կարծես Հայաստանի իշխանությունը որևէ կապ չունի այդ ամենի հետ.
«Կրկին իր սովորական գործելակերպն է՝ ցանկացած մեղսակցության հանգամանք իր վրայից մի կողմ նետելու և բոլորին պատասխանատու դարձնելու՝ բացի իրենից: Նա այսօր մի այնպիսի արտահայտություն արեց, որ՝ եթե ռուս խաղաղապահներն ու Ադրբեջանը երաշխավորեն, որ շփման գծում էսկալացիա չի լինի, Արցախում շփման գծում Արցախի ՊԲ ուժեր չեն տեղակայվի: Այսինքն՝ ի՞նչ, առաջարկություն ենք անում Ադրբեջանին ի՞նչ անել՝ հայտարարել, որ ոչինչ չի անի, հաջորդ քայլին էլ Արցախի ՊԲ-ն լուծարե՞նք: Մարդ արդեն չի էլ կարողանում էմոցիաներից դուրս գալ և փորձել ռացիոնալ մեկնաբանություն տալ այն ամենին, ինչ տեղի է ունենում»:
Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ ինչքան հայկական կողմը փորձի իրեն թուլացնել, չունենա բանակ, դրանից խաղաղ չի ապրելու. «Դրանից մենք խաղաղ չենք ապրելու, դրանից թշնամին շատ ավելի սանձարձակ և լկտի է դառնալու, որովհետև թույլին հեշտ է հարվածելը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում