Տասանորդ տալու պատվիրանը
Տասանորդ բառը Հին Կտակարանի եբրայերեն բնագրում հանդիպում է «מַעֲשֵׂר» բառով, հունարենի Յոթանասնից թարգմանությունում՝ «δεκάτην», անգլերենում՝ «tithes»: «Տասանորդ տալ» նշանակում է բերքի կամ մաքուր եկամտի տասներորդ մասը տալ: Կան մարդիկ, որ չեն լսել տասանորդ տալու աստվածաշնչական պատվիրանի մասին։ Երկրորդ խմբի մարդիկ լսել են, բայց որպեսզի չգործադրեն, փորձում են իրենք իրենց արդարացնել որոշ անհիմն պատճառաբանություններով։ Երրորդ խմբի մարդիկ լսում և գործադրում են՝ ամենայն սիրով, ուրախությամբ և բծախնդրությամբ: Այս հոդվածի նպատակն է տասանորդ տալու պատվիրանին նայել ոչ միայն աստվածաշնչական և հայրաբանական մոտեցումներով, այլ նաև տրամաբանական, որովհետև կան մարդիկ, որ պատրաստ են գործադրել Աստծու պատվիրանները, եթե համոզվեն դրանց տրամաբանական լինելու մեջ:
Տասանորդ տալը աստվածաշնչական մոտեցումով
Տասանորդը նախահայրերի կյանքում: Տասանորդ տալու առաջին դեպքը տեսնում ենք Աբրամի կյանքում, երբ Սոդոմում բնակվող նրա գերեվարված եղբորորդուն՝ Ղովտին, ազատելու համար հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին (տան ծառայի կամ աղախնի զավակ), գիշերով հարվածեց բռնագրավողներին, հետ վերցրեց սոդոմացիների ունեցվածքը և ազատեց Ղովտին, ինչպես նաև կանանց ու ժողովրդին։ Սաղեմի՝ «Երուսաղեմի» արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց և օրհնեց Աբրամին, իսկ վերջինս ավարի տասանորդը տվեց նրան։ Հայր Աբրահամի թոռը՝ Հակոբը, Բեթելում ուխտեց Աստծուն՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, ինձ ողջ-առողջ վերադարձնի իմ հոր տունը, ուրեմն թող Տերը լինի իմ Աստվածը, իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ» (Ծննդ. 28:20-22):
Տասանորդի գրավոր պատվիրանը: Աստված Ղևիի ցեղը ընտրեց քահանայության համար. «Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում» (Թվեր 18:6), և նրանց տվեց ժողովրդից տասանորդ ստանալու իրավունքը, որովհետև չստացան ժառանգություն՝ հողատարածք, մյուս ցեղերի նման. «Իսրայելի որդիների տասանորդները, որ հատկացնելու են Տիրոջն իբրև տուրք, տվեցի ղևտացիներին՝ որպես ժառանգություն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգություն չպիտի ունենան Իսրայելի որդիների մեջ» (Թվեր 18:24): Ղևիի քահանայական ցեղն ինքը միայն իրավունք ուներ այգիների բերքից, անասնապահների անասուններից և վաճառականների եկամտի շահից տասանորդ ստանալու (Ղևվտ. 27:30, 32), ուստի որևէ անձ կամ աղանդ իրավունք չունի աստվածաշնական մոտեցումով ժողովրդից տասանորդ հավաքել՝ որպես պատվիրանի գործադրություն, որովհետև տասանորդը Աստծու իրավունքն է, այսինքն՝ պատկանում է Նրա տաճարին, Նրա քահանաներին, աղքատներին:
Քահանաները ևս պետք է տասանորդ տան: Աստված նաև պատվիրեց Ղևիի ցեղի քահանաներին, որ ժողովրդից ստացած տասանորդի տասանորդը տան. «Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր ղևտացիների հետ ու ասա՛ նրանց. եթե Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես ձեզ եմ տվել, դուք էլ դրանից պետք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մեկ տասներորդը։ Ձեր տուրքը պիտի համապատասխանի կալից ընծայված ցորենին և հնձանից ընծայված պտուղին» (Թվեր 18:25-27):
Տասանորդ տալ ուրախությամբ: Աստված պատվիրում է ժողովրդին, որ տասանորդը տա ոչ թե պարտադրաբար կամ տրտմությամբ, այլ ուրախությամբ. «Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս և ուրախությա՛մբ ընծայիր տասանորդը» (Սիրաք 32:11):
Տասանորդ տալը նվազագույնն է: Ճիշտ չէ համարել, թե տասանորդ տալու արարքը նշանակում է, որ Աստված ստացավ Իր իրավունքը, և մարդու խիղճը հանգիստ է պատվիրանի գործադրությամբ, որովհետև տասանորդ տալը մտնում է հրեական օրենքի մեջ և ոչ թե քրիստոնեական: Սուրբ Գիրքը ասում է. «Ով քեզնից խնդրում է, տո՛ւր, և ով քեզնից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու» (Մատթ. 5: 42), «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են, այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում. որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6:19-21):
Տասանորդ տալ նունիսկ աղքատության ժամանակ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս գովաբանեց այն այրի կնոջը, որ նույնիսկ իր չքավոր վիճակում տաճարի գանձանակի մեջ գցեց իր ամբողջ ունեցածը՝ երկու լուման (Ղուկ. 21:1-4):
Տասանորդ չտալը Աստծուն խաբել է: Կարդում ենք «Մաղաքիայի գրքում». «Արդյո՞ք մարդ Աստծուն կխաբի, որովհետև դուք խաբեցիք ինձ և ասացիք. Ինչո՞վ խաբեցինք քեզ։ Քանի որ տասանորդներն ու պտուղները ձեզ մոտ են, և ամբողջությամբ նախանձում և խաբում եք ինձ…» (Մաղ. 3:8-9):
Տասանորդ տալը հայրաբանական մոտեցումով
Հայրերը՝ լինեն ընդհանրական եկեղեցու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ քույր ուղղափառ եկեղեցիների, իրենց հոգևոր գրականության մեջ անդրադարձել են տասանորդ տալու, ուխտ կատարելու և ողորմություն անելու մասին:
Սուրբ Երանոսը բացատրում է, որ մարդ պարտավոր է իր տասանորդը տալ, որպեսզի դրա միջոցով հայտնի Աստծու կողմից իրեն պարգևած բարիքների երախտագիտությունը: Սուրբ Հովհան Մանդակունի հայրապետը նվերների և ողորմության մասին ասում է. «Եթե վատորակները պիտի նվիրենք Աստծուն, ի՞նչ տեսակի ներում պիտի ստանանք, որովհետև Աստված ասում է. «Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան» (Առակ․ 3:9): Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Շենուդա Գ Պատրիարքը խոսում է տասանորդ տալու և փոխարենը Աստծու կողմից օրհնություն ստանալու մասին՝ ասելով. «Իննսուն տոկոսը Աստծու օրհնության հետ միասին ավելի շատ է, քան հարյուր տոկոսը առանց Նրա օրհնության»:
Տասանորդ տալը տրամաբանական մոտեցումով
Նույնիսկ եթե տասանորդ տալու պատվիրանը ենթարկենք մեր բանականությանը և փորձենք քննել այն տրամաբանական մոտեցումով, պիտի տեսնենք, որ՝
1․ Տասանորդ տալը սիրո պատվիրան է: Աստված, որ երկնքի և երկրի Ստեղծիչն է, և ամեն ստեղծագործություն Իրեն է պատկանում, Իր անսահման սիրով մարդկանց թողնում է 90%, և Ինքը ստանում է միայն 10%: Կարծես Աստված Իր հայրական անսահման սիրով ասում է. «Ո՛վ մարդ, քեզ թողնում եմ 90 տոկոս քո բերքից և եկամտի շահից, ուրախությամբ կեր և ծախսիր, սակայն մի՛ մոռացիր Իմ տասը տոկոսանոց բաժինը»:
2․ Տասանորդ տալը որդիական պատվիրան է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր հոգևոր մայրն է, որովհետև մենք հոգեպես ծնվեցինք նրա արգանդից՝ մկրտարանում, Սուրբ Մկրտության Խորհուրդի ժամանակ: Մենք կոչված ենք ոչ միայն խոսքով սիրելու մեր եկեղեցին, այլև գործով՝ վերանորոգելով խոնարհված եկեղեցիները և մատուռները, ծաղկեցնելով եկեղեցու հողատարածքը, տասանորդը հանձնելով եկեղեցու գանձանակին կամ դրա սպասավորին՝ քահանային, և այլն:
3․ Տասանորդ տալը արդար պատվիրան է: Ճիշտ է, որ եկեղեցին մեր հոգևոր տունն է, բայց այն, իհարկե, ունի իր բազմատեսակ ծախսերը՝ սոցիալական ծառայությունները, գրական հրատարակությունները, կոմունալ ծախսերը և այլն:
4․ Տասանորդ տալը այժմեական պատվիրան է: Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ համացանցի, հեռուստացույցի, ռադիոյի, գրքերի, գրքույկների և թերթերի միջոցով փոխանցվում են բազմաթիվ կործանիչ, սոսկալի և ահավոր սխալ ուսուցումներ: Դրանք ոչ միայն կարող են մարդուն հեռացնել իր ընտանիքից, դպրոցից, ազգից և եկեղեցուց, այլև հասցնել անաստվածության և անմարդկայնության: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր տասանորդի և նվիրատվությունների կարիքն ունի, որպեսզի իր զավակների մտային, ֆիզիկական և հոգևոր առողջության համար միշտ ծրագրեր մշակի, օրինակ՝ դասախոսություններ ներկայացնի, օժանդակություններ կատարի, համագումարներ և ուխտագնացություններ կազմակերպի: Եկեղեցին մի կողմից արդիական միջոցներով ուղղափառ վարդապետությունն է փոխանցում բոլորին՝ մանուկներին, պատանիներին, չափահասներին և ծերերին, և մյուս կողմից զգուշացնում է աղանդավորների մարդակործան, եկեղեցակործան և ազգակործան խավարային ծրագրերի մասին:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր