«Ինչքա՜ն ողորմելի է, էլի, մեր իշխանության վիճակը, որ թշնամին իրեն նման բան է թույլ տալիս». Կարինե Նալչաջյան

Հոգեբան, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները հասկանում են՝ այնպիսի բան են արել հայ ազգի հետ, որ վախենալու տեղիք ունեն:

«Մարդիկ շատ էլ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում: Ցնցումային իրադարձությունները շատ են, հասարակությունը չի հասցնում մեկը մարսել, գնահատականներ տալ, մեկ էլ հաջորդն է տեղի ունենում: Այս հարվածների արագությունը լավ մտածված քայլ է. եթե հարվածները շատ արագ են, դու չես հասցնում կողմնորոշվել: Իհարկե, այս իշխանությունների գործողություններում վախի գործոնը կա. Նրանք հասկանում են, որ եթե հնարավոր լինի կոտրել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ապա իրենց համար եղած սպառնալիքները կչեզոքանան: Եթե մենք պատկերացնենք, որ իշխանության մեջ ունենք թուրքերի և ադրբեջանցիների ներկայացուցիչներ, այսինքն՝ եթե իրենց ձեռքին լիներ իշխանությունը, իրենք ի՞նչ էին անելու, ավել բան չէին անելու: Թշնամին միշտ էլ իր համար մեծ սպառնալիք է համարել Սփյուռքի գոյությունը: Դա հայտնի ճշմարտություն է, միշտ էլ խոսել են այդ մասին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հատկապես վերջին շրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արգելվում է տարբեր սփյուռքահայերի մուտքը հայրենիք, օրինակ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական  միության անդամ Սյունե Աբրահամյանի, Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքի արգելքների փաստերը:

Կարինե Նալչաջյանը նկատեց՝ քանի որ հասարակությունն անընդհատ հարվածներ է ստանում ու չի հասցնում ուշքի գալ, կենտրոնանում է իր ես-ի շուրջ. «Մենք այսօր կորցրել ենք մենք-ի զգացողությունը, ավելի շատ մեր հասարակությունը դարձել է եսակենտրոն: Խնդիրներն այնքան շատ են, որ մարդիկ զբաղված են իրենց առօրյա կենցաղը ինչ-որ ձևերով կարգավորելով, և ավելի մեծ խնդիրներ, օրինակ՝ հայրենիքի կորուստը, մարդկանց կարող է տագնապի մեջ դնել, բայց իրենք ռեալ դա չեն զգում, իրենց ավելի մոտ են այս պահի պրոբլեմները: Սա մարդկային է, հասկանալի է, և երբ այդպիսի շշմեցուցիչ հարվածներ են հասցվում, մարդը դադարում է ավելի լայն մտածողություն ունենալ: Բացի այդ, գործադրվում է վախի մեխանիզմը: Հասարակությանը վախեցնում են իսկապես շատ սարսափելի բանով՝ պատերազմով: Մարդիկ ասում են՝ լավ, թեկուզ ամեն ինչ այսպես մնա, միայն թե նոր պատերազմ չլինի, բայց դա չի նշանակում, որ պատերազմ չի լինելու. ընդհակառակը»:

Կարդացեք նաև

Ըստ հոգեբանի՝ եթե նույնիսկ «Դիմադրություն» շարժումն իր վերջնական նպատակին դեռևս չի հասել, բայց մի շատ կարևոր բան է արվել. «Սա արժանապատվության շարժում էր: Մարդիկ թե՛ ներսում, թե՛ դրսում տեսան, որ հայ մարդիկ արժանապատվություն այնուամենայնիվ ունեն, պայքարում են: Մեզ հետ այնքան բան է կատարվել, որ շատ հեշտ չի լինելու դուրս գալ այն փոսից, որի մեջ մենք հայտնվել ենք, այնպես որ, մարդիկ պետք է տրամադրված լինեն երկարատև պայքարի, թեկուզ՝ ինչ-որ փուլերում անհաջողությունների: Եթե ուզում ենք փրկվել, պահել մեր պետությունները, մեր ազգը, ուրեմն՝ պետք է լինել համբերատար և պայքարի մեջ լինել»:

Նրա դիտարկմամբ՝ հասարակությունը տագնապի մեջ է. «Տագնապի մեջ գտնվող մարդը կարող է ոչ ադեկվատ ձևով իրեն պահել, նույնիսկ կարող է թիթեռնիկի պես գնալ դեպի կրակը: Հասարակությունն անորոշության մեջ է, իրեն բոլորովին վերջերս թվացել էր, թե ինքը գործոն է, ամեն մեկը մի վարչապետ են, պետության ղեկավարություն փոխեցին և այլն, հիմա շատ լավ հասկանում են, որ ինչ-որ մի բան այն չի եղել: Մեր հասարակությունը հենց տագնապից դուրս գա և վախենա… Թվում է, թե վատ բան եմ ասում, բայց վախն այն է, երբ դու ռեալ հասկանում ես՝ որն է քո դեմ կանգնած սպառնալիքը, և դու ոչ թե անորոշ շարժումներ ես անում, սկսում ես մտածել խնդրի լուծման մասին՝ ինչպես անել, որ փրկվես այդ սպառնալիքից: Գուցե տարօրինակ թվա, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է ռեալ վախենա իրավիճակից, ոչ թե վախենա ու փախչի, այլ հասկանալ և տեսնել ռեալ վտանգը: Օրինակ՝ մարդիկ ասում են՝ դե, լավ, էլի, թուրքը ինչո՞ւ պետք է հասնի Երևան, մակերեսային մոտեցում է, բայց ինքնապաշտպանական է: Մեր հասարակությունը խարխափում է տագնապի հոգեվիճակում, լավ կլինի, որ մենք հասնենք նրանք, որ հասարակությունը կարողանա ռեալ գնահատել սպառնալիքները»:

Կարինե Նալչաջյանը վտանգավոր է համարում ընդդիմադիր շարժման հանդեպ քննադատությունները և հիասթափությունը. «Պայքարող ուժը, որը կարողացավ այսքան մարդ մոբիլիզացնել, դա քիչ չէ: Այսքան արժանապատիվ մարդիկ, չնայած ծեծուջարդին՝ փողոց  են դուրս գալիս, դա լուրջ բան է: Թույլ չտանք վարկաբեկել ընդդիմադիր շարժումը: Մեր թշնամուն դուր չի գալիս այդ ընդդիմադիր շարժումը, իրենց թույլ են տալիս մեր ներքին գործերին խառնվել, ինչքա՜ն ողորմելի է, էլի, մեր իշխանության վիճակը: Սա նշանակում է, որ այս ընդդիմադիր շարժումն իր մեջ վտանգ է պարունակում թշնամու համար: Այս շարժումն այն կենսական կետն է, որը մեզ վերակենդանացնելու է, մեր մեջքը շտկելու է: Եթե մարդիկ կարծում են, որ ընդդիմության աշխատանքը սխալ է, թող գնան՝ եղբայրաբար ասեն: Ինձ համար միշտ անընդունելի է եղել, երբ գործ չանող մարդը քննադատում է գործ անող մարդու թեկուզ սխալը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս