«Եթե ես Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ այս դահլիճում, ո՞ւմ է դա պատիվ բերելու. Ինքնաբացարկի հիմքերը երկաթյա են, ականջալուր եղեք այդ հիմքերին». Ավետիք Չալաբյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Ավետիք Չալաբյանն առաջին անգամ նիստին մասնակցում էր ոչ կալանավորված անձի կարգավիճակում:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված Չալաբյանի առողջական խնդրով: Պաշտպանական թիմը բժշկական կենտրոնից տեղեկանք էր ներկայացրել, ըստ որի՝ վերջինս ուներ արյան զարկերակային բարձր ճնշման տատանում:

Ավետիք Չալաբյանին աջակցելու էին եկել նրա ընկերները՝ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, «Այբ» կրթահամալիրի հիմնադիրներ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, Արամ Փախչանյանը, Սփյուռքի նախկին փոխնախարար Վարդան Մարաշլյանը, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու համանուն խմբակցության նախկին անդամ Աննա Կոստանյանը, այլ գործիչներ:

Նիստի ընթացքում պաշտպանական թիմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ վկայակոչելով վերջինիս կողմից Ավետիք Չալաբյանի իրավունքների խախտման հիմքեր: Մասնավորապես, վկայակոչվեց արդար դատաքննության իրավունքի խախտումը, ինչպես նաև դատավորին գործի մակագրման կարգը:

Մյուս պաշտպանները և Ավետիք Չալաբյանը միացան միջնորդությանը:

«Եթե ես Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ այս դահլիճում, ո՞ւմ է դա պատիվ բերելու, ո՞ւմ է դա ձեռնտու: Ինքնաբացարկի հիմքերը երկաթյա են: Ականջալուր եղեք այդ հիմքերին: Իմ գործով Դուք չեք կարող անաչառ լինել, ուստի մի մտեք այդ մեղքի տակ»,- ասաց Ավետիք Չալաբյանը:

Ավելի ուշ դատավորը հրապարակեց իր որոշումը. Ավետիք Չալաբյանի գործով Մնացական Մարտիրոսյանն ինքնաբացարկ չի հայտնի: Դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը ու կշարունակի քննել գործը:

Տեսանյութեր

Լրահոս