Աշխատատեղերի «պատմական ռեկորդներն» ու գործազրկության աճը

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թվեր է հրապարակում աշխատատեղերի վերաբերյալ և հայտարարում, որ հերթական պատմական ռեկորդն է գրանցվել։ Վերջին անգամ նման հայտարարություն նա արել է հունիսի 23-ին կառավարության նիստում։

«Մայիս ամսին բացարձակ ռեկորդ է սահմանվել բոլոր ամիսների համար։ Մայիսին ՀՀ-ում արձանագրվել է 673 224 վճարովի գրանցված աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Աշխատատեղերի «բացարձակ ռեկորդների» հետ կապված այսպիսի հայտարարություններ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հնչեցնում։ Նրանից հետ չի մնում նաև էկոնոմիկայի նախարարը, երբեմն նույնիսկ առաջ է ընկնում՝ շտապելով հայտնել աշխատատեղերի հերթական ռեկորդի մասին։

Սակայն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ էկոնոմիկայի նախարարը խուսափում են նույնպիսի էնտուզիազմով հրապարակել զբաղվածության և գործազրկության ցուցանիշները։ Սրանք այն ցուցանիշներն են, որոնք ցույց են տալիս աշխատանքի շուկայի իրական վիճակը։

Կարդացեք նաև

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանը հայտարարում են հայտարարագրված աշխատատեղերի վերաբերյալ, այդ շուկայի ընդամենը մի մասն է։ Աշխատանքի շուկան շատ ավելի լայն հասկացություն է, որը շատ հաճախ անգամ պետական պաշտոնյաները շփոթում կամ հատուկ խառնում են հայտարարագրվող աշխատատեղերի հետ։

Աշխատանքի շուկայի վերաբերյալ պատկերացում կազմելու համար կարևոր են ոչ այնքան գրանցված աշխատատեղերը, որքան զբաղվածությունը։ Պաշտոնական վիճակագրությունը դրա հիման վրա է տալիս աշխատանքի շուկայի բնութագիրը։

Աշխատանքի շուկայի վերաբերյալ հրապարակված վերջին ցուցանիշներն առաջին եռամսյակով են։ Կարելի է ասել, դրանք ինչ-որ տեղ արդեն «հնացած են», բայց թույլ են տալիս պատկերացում կազմել աշխատատեղերի «պատմական ռեկորդների» վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարությունների ու իրական զբաղվածության միջև տարբերությունը։

Այդքան խոսվում է այս տարի գրանցվող աշխատատեղերի ռեկորդների մասին։ Բայց արի ու տես, որ պաշտոնական վիճակագրությունը տարեսկզբին աշխատանքի շուկայի վատթարացում է արձանագրել։ Կրճատվել է զբաղվածությունը։

Տարվա առաջին եռամսյակում մեր երկրում ավելի քիչ մարդ է զբաղված եղել, քան եղել էր անցած տարվա վերջին եռամսյակում։ Ավելացել է նաև գործազուրկների քանակը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված է եղել 1 մլն 70 հազար մարդ։ Ավելի շատ, քան այն գրանցված աշխատատեղերն են, որոնց մասին պարբերաբար հայտարարում են Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանը։

Զբաղված 1 մլն 70 հազարի մեջ մտնում են նաև գյուղացիները կամ գյուղացիական տնտեսություն վարողները, որոնք թեև գրանցված չեն, բայց համարվում են զբաղված։

Հողի սեփականատեր լինելը նրանց դասակարգել է զբաղված քաղաքացիների շարքում։ Չնայած դա բավարար պայման չէ, որպեսզի նրանք համարվեն աշխատանք ունեցող։

Ցածր արտադրողականության հետևանքով բազմաթիվ գյուղացիներ հրաժարվում են մշակել իրենց հողատարածքները։ Բայց դա չի խանգարում, որպեսզի պետությունը նրանց դասի զբաղվածների շարքում։

Զբաղվածների քանակը մեր երկրում տարեսկզբի առաջին 3 ամիսներին կրճատվել է գրեթե 23 հազարով։ Դա կապ չունի գյուղացիական տնտեսությունների հետ։ Զբաղվածները պակասել են աշխատանքը կորցնելու հետևանքով, ինչն ուղեկցվել է գործազրկության խորացմամբ։

Զբաղվածների մի մասը համալրել է գործազուրկների շարքերը, մի մասն էլ հավանաբար հեռացել է երկրից։ Ամեն դեպքում, կրճատվել է աշխատուժի առաջարկը, որի գլխավոր պատճառներից մեկն արտագաղթն է։

Ավելացել է գործազրկությունը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 186 հազար մարդ։ Սա կազմում է աշխատունակ բնակչության 14,8 տոկոսը։

Նախորդ տարվա վերջի համեմատ գործազուրկների քանակն այս տարվա սկզբին ավելացել է 4,6 հազարով, իսկ մենք պարբերաբար լսում ենք աշխատատեղերի ռեկորդների, այն էլ՝ բացարձակ ռեկորդների մասին։

Բացարձակ ռեկորդները ռեկորդներից տարբերվում են նրանով, որ դրանք գերազանցում են ոչ միայն նախորդ տարվա, այլև ընդհանրապես բոլոր ժամանակների ցուցանիշները։ Բայց ինչպես տեսնում ենք, դրանից գործազրկության ու զբաղվածության իրավիճակը միշտ չէ, որ բարելավվում է։ Երբեմն նույնիսկ վատանում է։ Այնպես, ինչպես եղել է տարեսկզբին։

Զբաղվածության կրճատումն ու գործազրկության ավելացումը տարեսկզբին տեղի է ունեցել բարձր գնաճի պայմաններում։ Շատ հաճախ, երբ խոսվում է գնաճի ու դրա հետևանքների մասին, մոռացվում է, որ մեր երկրում բավական մեծ թվով գործազուրկներ կան։ Մարդիկ, որոնք ոչ մի տեղ չեն աշխատում ու եկամուտ չեն ստանում։ Չաշխատելու պատճառն աշխատատեղ չլինելն է։

Այդպիսի քաղաքացիների թիվը տարեսկզբին մեր երկրում եղել է 186 հազարից ավելի։

Աշխատունակ բնակչության գրեթե 15 տոկոսն աշխատանք չունի, ու դա լուրջ խնդիր է, հատկապես այսպիսի բարձր գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։ Եթե աշխատանք ունեցողներն են եկամուտ ստանալով աղքատանում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում են գտնվում նրանք, ովքեր համալրում են գործազուրկների շարքերը։

Առաջին հայացքից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության իրավիճակը մեր երկրում բարելավվել է։ Պաշտոնական վիճակագրությունն անցած տարվա առաջին եռամսյակում մեր երկրում արձանագրել էր 207 հազարի հասնող գործազուրկների թիվ։ Այս տարվա առաջին եռամսյակում 21 հազարով պակաս։ Բայց դրան Վիճակագրական կոմիտեն հասել է նախորդ տարվա որոշ ցուցանիշներ վերանայելու և փոփոխելու, կամ, ինչպես իրենք են ասում, ճշգրտելու արդյունքում։

Հիշեցնենք նաև, որ հրապարակված ամենաթարմ տվյալներով, մեր երկրում աշխատուժի առաջարկը հասնում է 1 մլն 257 հազարի։ Մինչդեռ մայիսին հայտարարագրված է եղել և աշխատավարձ ստացել՝ 673 224, իսկ հունիսին՝ 681,050 աշխատող։ Մնացած գրեթե կեսը  գործազուրկ է կամ աշխատավարձ չի ստանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս