Առաջիկա ընտրություններից առաջ այս տխուր վիճակագրությանը ՔՊ-ականները, անշուշտ, չեն անդրադառնա։ Փոխարենը՝ հավանաբար կասեն, որ անցած տարի, 2024թ. համեմատ, գործազրկությունը նվազել է։ 2024թ. 13.1 տոկոսից 2025թ. դարձել է 12.8 տոկոս։ Բայց բնականաբար չեն ասի, որ դա տեղի է ունեցել 2024թ. իրավիճակի կտրուկ վատացումից հետո, երբ գործազրկության մակարդակը 12.6-ից բարձրացավ 13.1 տոկոսի։ Ու հիմա չնայած մի փոքր նվազել է, այնուհանդերձ դեռ չի հասել 2 տարի առաջվա մակարդակին։ Երկու տարի առաջ գործազրկությունն ավելի ցածր էր, իսկ զբաղված քաղաքացիների քանակը՝ ավելի շատ։
Առաջին հայացքից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության իրավիճակը մեր երկրում բարելավվել է։ Պաշտոնական վիճակագրությունն անցած տարվա առաջին եռամսյակում մեր երկրում արձանագրել էր 207 հազարի հասնող գործազուրկների թիվ։ Այս տարվա առաջին եռամսյակում 21 հազարով պակաս։ Բայց դրան Վիճակագրական կոմիտեն հասել է նախորդ տարվա որոշ ցուցանիշներ վերանայելու և փոփոխելու, կամ, ինչպես իրենք են ասում, ճշգրտելու արդյունքում։