Տնտեսության փոխարեն բանկերին են հարստացնում. ո՞ւր է գնացել 240-250 մլն դոլարը

Տպավորություն է, որ իշխանության ներսում բանկային համակարգի նկատմամբ մի տեսակ թաքնված լոբբինգ է իրականացվում։ Հաճախ տնտեսությանն օժանդակելու անվան տակ քայլեր են անում, որոնք ավելի շատ ծառայում են ոչ թե տնտեսությանը, այլ բանկերի հարստացմանը։

Այդպիսի իրավիճակի բախվեցինք հատկապես Քովիդի ժամանակ, երբ կառավարությունը պետական միջոցների հաշվին տարբեր ծրագրեր փորձեց իրականացնել բանկային համակարգի միջոցով։ Բայց դրանից ավելի շատ շահեցին բանկերը՝ հնարավորություն ստանալով շրջանառության մեջ դնել իրենց գումարները և ապահովագրված եկամուտներ ստանալ բյուջեի կողմից կիրառվող սուբսիդավորման հաշվին։

Իսկ թե ի՞նչ ստացավ տնտեսությունը, տեսանք արձանագրված անկման տեսքով։

Բանկային վարկերի սուբսիդավորումը, որը բավական լուրջ ֆինանսական միջոցներ է տանում պետական բյուջեից, միշտ էլ խնդրահարույց է եղել. այն ավելի շատ օժանդակություն է բանկերին, քան տնտեսությանը։ Բայց դա չի խանգարում, որ կառավարությունը շարունակի առաջնորդվել նույն սկզբունքով։

Կարդացեք նաև

Ընդհանրապես բանկերը մեր երկրում միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունքի են արժանացել իշխանությունների կողմից։ Երկրի ֆինանսական կայունության ապահովման առումով, դա գուցե անհրաժեշտություն է, բայց երբեմն այդ «անհրաժեշտությունը» չափազանցված է։

«Շան գլուխն» ամեն տեղ երևում է։ Դա տեսանք նաև վերջերս գործողության մեջ մտած կանխիկի սահմանափակման վերաբերյալ պահանջների կիրառման տեսքով։ Թվում է, թե նպատակը պիտի լիներ մարդկանց կյանքը հեշտացնելն ու տնտեսության ծախսերը կրճատելը։ Բայց հակառակն է։ Փոխարենը՝ կրկին շահողն առևտրային բանկերն են։

Կանխիկի սահմանափակումը նրանց համար լրացուցիչ շահույթներ ստանալու հնարավորություն է։ Ավելանում են բանկերում շրջանառվող գումարները, որոնք եկամուտներ են բերում։

Բանկերը շահում են նաև փոխանցումների միջնորդավճարների տեսքով։ Տուժողը տնտեսությունն է ու քաղաքացիները։

Բանկային համակարգի նկատմամբ նման առատաձեռնությունից, անշուշտ, իր շահն ունի նաև կառավարությունը։ Այդ շահը երևում է կենսաթոշակների հետվճարման համաֆինանսավորման շրջանակներում։ Բանկերն իրենց գրպանի հաշվին չէ, որ պատրաստվում են համաֆինանսավորել կենսաթոշակառուների անկանխիկ գնումների ժամանակ ծախսված միջոցների մի մասի հետվերադարձը։ Ֆինանսավորելու են հենց այն լրացուցիչ եկամուտների հաշվին, որոնք ստանալու են քաղաքացիներից ու տնտեսությունից՝ անկանխիկի շրջանառություններն արհեստականորեն ավելացնելով և բարձր միջնորդավճարներ գանձելով։

Վերջին ամիսներին էլ սկսել են տրամաբանությունից դուրս պահումներ անել՝ տարադրամի փոխանցումների և կանխիկացման ժամանակ։ Էապես մեծացրել են արտարժույթի փոխարկման մարժան։ Երբեմն գնման ու վաճառքի այնպիսի մեծ տարբերություն են սահմանում, որ ապշել կարելի է։

Տարադրամի փոխարկման ժամանակ գնման ու վաճառքի փոխարժեքների սահմանման սահմանափակում Հայաստանում չկա, բայց դա չի նշանակում, թե կարելի է օգտվել առիթից ու վաշխառությամբ զբաղվել։ Չասենք, որ տարածված տեղեկատվության համաձայն, «Զվարթնոց» օդանավակայանի արժույթի փոխանակման կետերից մեկը դոլարի գնման գինը սահմանել էր՝ 300, վաճառքինը՝ 620 դրամ, եվրոյի գնմանը՝ 300, վաճառքինը՝ 650 դրամ, ռուբլու գնմանը՝ 3, վաճառքինը՝ 7,6 դրամ։ Սա բացահայտ ծաղր է ֆինանսական շուկայի մասնակիցների նկատմամբ։

Հասկանալի է, որ բանկային համակարգում վերջին ամիսներին ռիսկերը մեծացել են՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ու ի հայտ եկած անորոշությունների պատճառով։ Ավելացել է տարադրամի կանխիկացման պահանջարկը և կա արտահոսքի վտանգ։ Այդ և այլ վտանգներն անհրաժեշտ է զսպել, բայց ոչ այդպիսի կոպիտ միջամտություններով։

Արտարժույթի հետ կապված բանկային միջնորդավճարներն այնքան են բարձրացել, որ դարձել են այդ կառույցների համար եկամուտներ բերող հիմնական գործառնություններից մեկը։ Դա արդեն տեսնում ենք բանկային համակարգի կողմից այս տարի գեներացվող շահույթների տեսքով։

Տարվա առաջին կեսին բանկային համակարգն աննախադեպ բարձր շահութաբերությամբ է աշխատել։

Գործող 17 առևտրային բանկերը 6 ամսում 111 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել։ Դա համարժեք է առնվազն 240-250 մլն դոլարի։

Շահույթները նախորդ տարվա համեմատ ավելացել են գրեթե 3 անգամով։

Զարմանալի չէ, որ դրանց մեջ մեծ կշիռ ունեն արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները։ Առանձին բանկերի դեպքում այդ եկամուտներն անգամներով են աճել։ Օրինակ՝ «Արդշինբանկը», որն անցած տարի արտարժույթի հետ կապված գործառնություններից ստացել էր 0,9 մլրդ դրամի եկամուտ, այս տարի ստացել է 4,6 միլիարդի եկամուտ. 5,1 անգամով ավելի շատ, քան անցած տարի։

Մեկ այլ՝ «Ամերիաբանկի» պարագայում արտարժութային գործառնությունների եկամուտները կազմել են 9,3 մլրդ դրամ։ Նախորդ տարի եղել էր 2,4 միլիարդ։

Եկամտային այսպիսի անոմալիաները կապված են ոչ միայն ֆինանսական հոսքերի աճի, այլև հենց բարձր միջնորդավճարների կիրառման հետ։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո էապես ավելացել են Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարները։ Դա տեսնում ենք նաև մասնավոր տրանսֆերտների շարժերում, թեև շատ դեպքերում դրանք ուղղակի տրանսֆերտներ չեն և Հայաստան են գալիս այլ նպատակներով։

Ֆինանսական հոսքերի ակտիվացումը Ռուսաստանից որոշակի ռիսկեր է առաջացրել Հայաստանի ֆինանսական շուկայի համար։ Դրանք կանխելու նպատակով էլ որոշել են բարձրացնել միջնորդության ծառայությունների գները։ Սակայն պետք է գիտակցել, որ այդ հարվածի տակ ընկնում են նաև մեր այն քաղաքացիները, որոնք դրսում աշխատում են ու իրենց աշխատած գումարները բանկային համակարգի միջոցով փոխանցում Հայաստանում գտնվող իրենց հարազատներին։ Եթե նախկինում դրա համար չնչին գումար էին վճարում կամ ընդհանրապես չէին վճարում, հիմա բավական շոշափելի կորուստներ են ունենում։

Ընդ որում, ոչ միայն միջնորդավճարների, այլև կանխիկացման ժամանակ։

Հասկանալի է, որ այսպիսի պայմաններում շատերը փորձելու են իրենց գումարները Հայաստան տեղափոխել այլ ճանապարհներով և ոչ թե՝ բանկային փոխանցումների միջոցով։ Այն, ինչ կատարվում է բանկային համակարգում, ի շահ բանկերի սեփականատերերի է, ովքեր հարստանում են տնտեսության ու քաղաքացիների հաշվին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս