Կառավարությունը չի շտապում իրականացնել Սևանի մաքրման աշխատանքները
ՀՀ Կառավարության որոշմամբ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսված 118.2 մլն դրամ գումարից 48.8 մլն դրամ գումարն ուղղվեց նոր՝ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման համար անտառների գույքագրման խորհրդատվական ծառայություններ» միջոցառմանը։ Որոշմանը կցված հիմնավորման համաձայն` այս քայլով ակնկալվում է ձեռք բերել Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքների համար գույքագրման փաստաթղթի փաթեթ, ինչը հիմք կհանդիսանա 2023 թվականին և հետագա տարիներին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունավետ իրականացման համար։ Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում։
Ի՞նչ է ստացվում։ Պետությունը 118.2 մլն դրամ գումարը նախատեսել էր ուղղել Սևանի էկո միջավայրի բարելավմանը, Սևանի մաքրմանը, հետևաբար՝ լճի փրկությանը։ Սակայն ընդունված նոր որոշմամբ այս գումարի 40%-ից ավելին տրամադրվում է միայն գույքագրման խորհրդատվական ծառայություններին։ Ընդ որում, պետությունը նմանօրինակ խորհրդատվական ծառայություններին դիմում է ոչ առաջին անգամ։ 2019թ.-ին աշխատանքների գնահատման և կազմակերպման համար շրջակա միջավայրի նախարարության «Անտառային մոնիթորինգի կենտրոն»-ի կողմից կազմվել էին նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, որոնք նախատեսված էին 2019-2021թթ. համար։
Հիշեցնենք, որ Սևանա լիճն այս ամառ կրկին կանաչել է։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր տարածած մամլո հաղորդագրության մեջ նշել էր, թե Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետև լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով, մինչդեռ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր։ Ի թիվս այլ միջոցառումների, նախարարությունը նշել էր Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժումը, ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքները, աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորումը։ Բայց փաստացի աշխատանքներն անցկացվում են այնքան փոքր ծավալով, որ լճի հետ ծագող խնդիրները պարբերական բնույթ են ունենում։
Պարզից էլ պարզ է, որ այս նոր վերաբաշխման արդյունքում մնացած գումարը ևս բավարար չի լինելու նախանշված աշխատանքներն իրականացնելու համար, ու մեր գեղեցկուհի Սևանը էլի ու էլի չի մաքրվի, մինչդեռ բոլորս էլ գիտակցում ենք, որ օր առաջ պետք է քայլեր ձեռնարկվեն լիճը փրկելու ուղղությամբ։