«Մեր պայքարը շարունակելու ենք՝ ազգերի ինքնորոշման իրավունքն իրացնելով». Արցախի ԱԺ պատգամավոր

Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետության Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից տեղեկացրել էին, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Ադրբեջանի սադրիչ գործողությունների համատեքստում ինչպե՞ս է հնարավոր խաղաղ ապրելը և Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը, այս համատեքստում ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Արթուր Հարությունյանի խոսքով՝ հուլիսի 28-ի կրակոցներն ադրբեջանական հերթական սադրանքն էր։

«Այն հայտարարություններն ադրբեջանցիների հետ համակեցության կամ խաղաղ ապրելու վերաբերյալ, այս ամենը դրա վառ ապացույցն են, որ նման բան չի կարող լինել։ Ադրբեջանի կողմից նման սադրանքները մենք նախկինում էլ ենք տեսել և ևս մեկ անգամ համոզվում ենք, որ բոլոր այդ հայտարարություններն անիմաստ են՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ»,- նշեց Արթուր Հարությունյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Արցախի ապագայի ու ճակատագրի մասին արդեն բազմիցս խոսել են՝ Արցախի ապագան պատկերացնում են ինքնորոշման իրավունքի սկզբունքն իրացնելով։

«Մենք 1991 թվականին բոլոր այդ գործընթացներն իրականացրել ենք՝ անկախության հռչակագիրն ու հանրաքվեն եղել են։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք այդ պայքարն ենք առաջ տարել։ Մեր այդ պայքարը շարունակելու ենք՝ ազգերի ինքնորոշման իրավունքն իրացնելով։ Այսինքն՝ ցանկացած կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվեն տեղի է ունեցել 1991 թ. դեկտեմբերի 10-ին։

Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108 736-ը (82,2 %), անկախությանը կողմ է քվեարկել՝ 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը), դեմ՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակվեց անկախ հանրապետություն։

Տեսանյութեր

Լրահոս