
ՀՀ-ում չի կարող լինել խմած երթևեկող մարզպետ. Դանիել Իոաննիսյանը՝ Պարեկային ծառայության, պարեկների IQ թեստերի, աշխատավարձերի ու խմած երթևեկող պաշտոնյաների մասին

Երկու օր առաջ Հայաստանում պարեկային ծառայության ներդրման նախաձեռնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ավարտվել է Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելությունը: Ներկայացրել էր բավականին ծավալուն թվային վերլուծություն այդ մրցույթի վերաբերյալ, նշել, որ, օրինակ, ֆիզպատրաստվածության անցողիկ շեմը եղել է 8 միավոր (20-ից), իսկ IQ թեստինը՝ 15 (55-ից):
Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Դանիել Իոաննիսյանի հետ, ով նաև մրցութային հանձնաժողովի անդամ է եղել, և մեր զրույցն առհասարակ պարեկային ծառայության վերաբերյալ սկսել ենք հենց թեստերի անցողիկ շեմից:
– IQ թեստերի անցողիկ շեմն առանց այդ էլ ցածր է, բայց նույնիսկ այդքան ցածր շեմն է ըստ ամենայնի եղել դժվար հաղթահարելի: Ովքե՞ր են սահմանել ընդհանուր և անցողիկ շեմերը, և առհասարակ ովքե՞ր են պատասխանատու թեստերի համար:
– 15-ը անցողիկ շեմն է, բայց դա չի նշանակում, որ 15 միավոր հավաքած անձինք հաղթահարել են մրցույթը: Թեստերի պատասխանատուներն են Ոստիկանությունը և մրցութային հանձնաժողովը:
– Ովքե՞ր են ընդգրկված ընդունող հանձնաժողովի մեջ:
– Հանձնաժողովի մեջ ես եմ ընդգրկված, նախագահն այս անգամ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանն է, նախորդ անգամ, օրինակ, Անդրանիկ Քոչարյանն էր (ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր,- Գ.Ս.):
– Իսկ կարո՞ղ ենք ծանոթանալ թեստերի բովանդակությանը կամ գոնե թեստերի մեկ նմուշ ունենալ:
– Դրանք հիմնականում ստանդարտ IQ թեստեր են, որոնք տեղայնացված ու, բնականաբար, հայաֆիկացված են, ու այդ թեստերով մի քանի բան է բացահայտվում՝ ընդհանուր տեղեկացվածություն, հոգեբանական պատրաստվածություն: Հոգեբանների ներառած հարցերը նպատակ ունեն բացահայտելու դիմորդների ազնվությունը, ագրեսիայի հակվածությունը: Հարցերը բավականին շատ են: Թեստը հանձնելու տևողությունը 3-4 ժամ է: Թեստերի համար դիմեք ոստիկանության կրթահամալիր: Վստահ չեմ, որ կտրամադրեն, որովհետև ընդունելությունից ընդունելություն այդ թեստերը չեն փոխվում: Դրանք փոխելը բավականին դժվար գործ է: Դիմորդները չպետք է պարապեն այդ թեստերով, որ նախապես ծանոթանան դրանց: Դա մասնագիտական պատրաստվածության ստուգում չէ: Պարապելու բան չկա: Ընդհանուր հարցեր են: Օրինակ, կարող է հարցնեն որևէ երկրի մայրաքաղաքի անուն ու նման բաներ:
– Դուք ի՞նչ տպավորություն ունեք մրցույթի արդյունքներից, որովհետև նաև այս ծառայության ներդրման ակունքներում եք կանգնած:
– Այս ընթացքում ծառայությունը ներդրվել է Երևանում, Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Արագածոտնում: Ընդունելության մասով, բացի Գեղարքունիքի մարզից, արդյունքները մնացած բոլոր մարզերում բավականին տպավորիչ էին՝ հաշվի առնելով միջին ֆոնը: Իհարկե, մենք կուզենայինք ամենագրագետ, ֆիզիկապես ամենաառողջ, ամենապատրաստված պարեկներն ունենալ, բայց ամեն դեպքում պատկերը բավականին լավն է: Իսկ ամենալավ պատկերն ունենք Արագածոտնի մարզում: Այնտեղ անցողիկ միավորը եղել է 40 բալը, նույնիսկ ավելի բարձր, քան Երևանում:
– Բացի թեստերից, կա նաև հարցազրույցի փուլ: Ովքե՞ր են անցկացնում հարցազրույցը:
– Հարցազրույցն անցկացնում են հարցազրույցի հանձնաժողովները: Կա ընդունող կենտրոնական հանձնաժողով, որի ստորադասությամբ գործում են տարբեր մարմիններ ու հանձնաժողովներ: Օրինակ, պարզ է, որ ֆիզպատրաստության հանձնաժողովում ոչ ես, ոչ Ֆիդանյանը վայրկենաչափով չենք կարող ստուգել՝ դիմորդն ինչքան վազեց: Դա մի հանձնաժողով է, համակարգչային թեստավորման հանձնաժողովն ուրիշ է, իսկ հարցազրույցի փուլինը՝ այլ: Բայց բոլոր հանձնաժողովներում ներկայացված է նաև քաղաքացիական հասարակությունը: Երկուսում մենք ենք, երեքում՝ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ղեկավար՝ Արթուր Սաքունց,- Գ.Ս.): Հարցազրույցն անցկացվում է ստուգարքի սկզբունքով՝ կամ հանձնեց, կամ չհանձնեց, գնահատական չի դրվում:
– Հինգամսյա դասընթացներն իրենց արդարացնո՞ւմ են:
– Տեսեք, մենք Երևանի օրինակով, Շիրակում ու Լոռիում տեսանք՝ ինչ բացեր կան, հիմա այս 4 մարզերում արդեն իսկ Շիրակ-Լոռիի փորձը հաշվի առնելով՝ դասընթացի ծրագիրը թարմացվել է, փոխվել: Հիմնականում պակասում են տեսական գիտելիքներն ու ավելացվում գործնական պարապմունքները: Օրինակ, Երևանն առաջինն էր, պրակտիկա անցնելու հնարավորություն չկար, բայց Լոռի-Շիրակը նաև պրակտիկա է անցել Երևանի գնդում, 4 մարզերն էլ, բնականաբար, երկշաբաթյա պրակտիկա են անցնելու, ապա նոր անցնեն ծառայության:
– Մասնակիցների միջև նախապատվությունը տրվում է տվյալ մարզից դիմորդների՞ն:
– Նման նախապատվություն չկա: Դիմորդը դիմելիս ասում է՝ որ մարզում է ցանկանում ծառայել: Պատճառները մեր գործը չեն: Բայց պարեկն ինքն ազատ չի լինելու այն հարցում, թե մարզի ո՞ր հատվածում է ծառայելու: Օրինակ, արթիկցիներ Արթիկի դասակում գրեթե չկան, որպեսզի փոքր բնակավայրերում պարեկները կաշկանդված չլինեն:
– Իսկ կանանց ինչո՞ւ է տրվում նախապատվություն:
– Կա կանանց քվոտա 30%-ի չափով, որը, մեղմ ասած, ցավոք սրտի, չի լրացվում, դրա համար կանայք մրցակցությունից դուրս են: Նվազագույն շեմը հաղթահարողներն ընդունվում են, միայն թե չկտրվեն: Իրականում հավատացած ենք, որ եթե կանայք պարեկայինում շատ լինեն, դրանից բոլորը միայն կշահեն: Կանայք ավելի կազմակերպված են, ոչ միայն կարող են ավելի լավ ծառայել, այլև տարբեր իրավիճակներում կանայք ավելի քիչ են հակված կոնֆլիկտի գնալու: Պարեկը պետք է կարողանա հասարակությանը ծառայել առանց ուժի դիմելու և պետք է ուժի դիմի, երբ այլ տարբերակ չկա: Եվ այդ առումով կանայք ավելի լավ են: Բայց ունենք տխուր պատկեր: Օրինակ, Գեղարքունիքի մարզում կա ընդամենը մեկ կին պարեկ: Երևանում կանայք մոտ 7% են, Շիրակ-Լոռիում՝ 6:
– Իսկ ոստիկան և քաղաքացիական դիմորդների միջև հավասարության նշա՞ն է դրված:
– Լրիվ հավասար են: Կա մի տարբերություն. ոստիկանները կարող են դիմել՝ մինչև 45, իսկ քաղաքացիները՝ մինչև 35 տարեկանը լրանալը: Ոչ մի այլ տարբերություն չկա՝ դիմորդը գործող ոստիկա՞ն է, թե՞ քաղաքացիական անձ: Քաղաքացիական անձինք ընդունվելուց հետո կրթաթոշակ ստանում են 68.000 դրամի չափով, իսկ ոստիկանների դեպքում պահպանվում է իրենց՝ մինչև պարեկային դիմելը ստացած աշխատավարձը:
– Աշխատավարձերի ի՞նչ շեմ է սահմանված պարեկների համար:
– Մաքուր աշխատավարձը սկսվում է 230.000 դրամից: Կախված ստաժից, ուսադիրներից ու պաշտոնից՝ աշխատավարձն աճում է: Իսկ իրենց պաշտոնը կախված է միայն իրենց ավարտական քննությունների արդյունքներից: Անձը կլինի կրտսեր պարեկ, պարեկ, թե ավագ պարեկ, կախված է միայն քննությունների արդյունքներից: Այստեղ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունք,- Գ.Ս.) չկա ու չի կարող լինել: Ցուցակները հրապարակվում են, իսկ ավարտական քննությունների նկատմամբ տարբեր մարմինների հսկողությունը շատ մեծ է: Այս կերպ մարդիկ մոտիվացված են ավելի լավ սովորել, որովհետև ինչքան լավ սովորեն, այնքան բարձր պաշտոն կունենան ու բարձր աշխատավարձ կստանան:
– Ընդհանուր առմամբ հիմա հանրապետությունում քանի՞ պարեկ կա:
– Այս պահին երկրում կա մոտ 1300 պարեկ: Այս 4 մարզերի արդյունքներով մոտ 700 էլ ավելանալու են, կլինի մոտ 2000 պարեկ: Եթե հետագայում հաշվենք նաև Արմավիր, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պարեկներին, կլինեն մոտ 2500: Պարեկայինի ստեղծմամբ՝ ոստիկանության ընդհանուր թվաքանակը պակասում է:
– Դե, բնականաբար, աշխատավարձն ավելի բարձր է, ոստիկանությունից գալիս են դեպի պարեկային ծառայություն:
– Հարցը դա չէ: Ոստիկանությունում հաստիքների քանակն է պակասում, որովհետև նախկին Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գործառույթները միավորված են Պարեկային ծառայության մեջ: Պարեկը մուլտիֆունկցիոնալ բան է: Աշխատավարձը, իհարկե, նշանակություն ունի, բայց իմ ասածն այն է, որ երկրում ոստիկանների թիվը պակասում է, արդյունավետությունը՝ ավելանում: Մենք Երևանում տաք հետքերով հանցագործությունների բացահայտման կրկնակի աճ ունենք, 6 անգամ աճել է հետախուզվող հանցագործների բացահայտումը: Մինչև պարեկայինը մենք երկրում ունեինք վիճակ, երբ հանցագործության համար հետախուզվող անձը կարող էր նստել մեքենայի ղեկին, ճանապարհին ոստիկանը կանգնեցներ, օրինակ, չամրակապվելու համար, տուգաներ ու բաց թողներ: Իսկ պարեկը ստուգում է: Պարեկի հետ առնչվող մարդու պարագայում առաջին բանը, որ ստուգվում է, այն է, թե արդյո՞ք նա հետախուզվում է:
– Կա՞ նման գործիքակազմ:
– Այո, տվյալների բազայով: Տեխնիկական սարքավորումները հագեցած են նման հնարավորությամբ:
– Պարեկներն իրենց ծառայությունն իրականացնում են զույգերով, իսկ աշխատանքը հերթափոխայի՞ն է:
– Այո, պարեկները ծառայում են զույգերով ու աշխատում հերթափոխով: Ի սկզբանե նախատեսվում էր 12-ժամյա գրաֆիկ, հետո ժամանակավորապես անցում կատարվեց 6-ժամյա գրաֆիկի: Հիմա էքսկլյուզիվ բան եմ ասելու: Հայաստանի համար վերջերս աննախադեպ որոշում կայացվեց՝ պարեկների շրջանում հարցում անցկացնել ու ըստ այդմ որոշել՝ ի՞նչ ժամաքանակով ծառայել: Ծառայության տեսակետից պետության համար տարբերություն չկա, դրա համար թող պարեկները որոշեն: Դեռ հարցումը չի ավարտվել: Ենթադրում եմ՝ կորոշեն 12 ժամ աշխատել:
– Դուք դատախազ Էդգար Պետրոսյանի դեպքին անդրադարձել էիք մի քանի գրառմամբ, դատախազությանը մեղադրել էիք հովանավորչության մեջ, Դուք Ձեզ համար պարզեցի՞ք՝ ի՞նչ է կատարվել, պարեկներն իրականում սխալ եղե՞լ են, թե՞ ոչ, որովհետև արդեն իսկ հաստատված է, որ պարեկը գործել է միայնակ, այնինչ պետք է զույգով լինեին:
– Ես ուզում եմ ներկայացնել այդ պատմությունը: Պարեկները կանգնած են եղել: Նրանցից մեկը մտել է խանութ, մյուսը եղել է փողոցում, սպասել իր գործընկերոջը: Եվ տեսնում է, որ մեկը, հոծ գիծ խախտելով, երթևեկում է: Բարձրախոսով ասում է՝ կանգնիր: Դատախազը գալիս-հավասարվում է պարեկի մեքենային, պատուհանն իջեցնում է ու ասում՝ դու ո՞վ դարձար, որ ինձ կանգնեցնես: Պարեկը ստիպված էլ չի սպասում՝ ընկերը խանութից գա, որոշում է հետապնդում իրականացնել ու կանգնեցնել:
– Իսկ արցունքաբեր գազ կիրառելը նո՞ւյնպես պարեկի իրավաչափ գործողություն է եղել տվյալ դեպքում:
– Արցունքաբեր գազ կիրառել է, որովհետև դատախազն ըստ էության չի ենթարկվել: Դատախազը երթևեկության մի շարք կանոններ է խախտած եղել, չի ենթարկվել և նորմայի առավելագույն շեմից մի քանի անգամ ավել խմած է եղել: Այո, ուներ իրավունք կիրառելու արցունքաբեր գազ: Ընդ որում, ես հետո պատահաբար իմացա, որ դա այն պարեկն է, ով մի անգամ ինձ է տուգանել: Եթե չի կարելի, չի կարելի արգելված վայրում կանգնել նաև ինձ՝ պարեկայինի ընդունող հանձաժողովի անդամին: Ու դրա համար է այդ նույն պարեկն ինձ տուգանել: Եթե չի կարելի խմած քշել, ուրեմն չի կարելի, ուզում ես՝ դատախազ եղիր:
– Իսկ Գեղարքունիքի մարզպետին կարելի՞ է: Դուք Կարեն Սարգսյանի հետ կապված դեպքին արձագանքե՞լ եք:
– Տեղյակ չեմ, իսկ ի՞նչ դեպք է:
– Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ըստ ԶԼՄ-ների, խմած Վարդավառի օրը երկու անգամ վթարի է ենթարկվել Դիլիջանում և ապա Կոտայքի մարզում: Դարձյալ չի ենթարկվել ոստիկանների պահանջին, չի կանգնել: Ինքն էլ չի հերքել վթարի փաստը, այլ մանրամասներ չի հայտնել ու 168.am-ի հետ զրույցի պահին անջատել է հեռախոսը:
– Ես ճիշտն ասած, տեղյակ չեմ:
– Ամբողջ լրահոսը դա էր հաջորդ օրը, չե՞ք տեսել:
– Միգուցե իմ մեղքն է, չեմ հասցրել հետևել: Բայց եթե դեպքը տեղի է ունեցել ձեր նշած վայրերում, ուրեմն խնդիրը պարեկային ծառայությանը չէ, այլ Ճանապարհային ոստիկանությանը: Եթե պարեկայինով լիներ, ես կասեի, որ պրոբլեմ է, որ չեն կարողացել կանգնեցնել, որ Դիլիջանից եկել-հասել է Կոտայք: Վատ է արել մարզպետը: Եթե հանցակազմ կա, պիտի դատվի, եթե չկա հանցակազմ, պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց նաև քաղաքական պատասխանատվություն պետք է հետևի: Չի կարող մարզպետը խմած ղեկին նստել: Ես չգիտեմ՝ եղե՞լ է, թե՞ ոչ նման դեպք, ես հիմա Ձեզնից եմ լսում, բայց առհասարակ ՀՀ-ում չի կարող լինել մարզպետ, ով խմած երթևեկում է: Վթար ամեն մեկի հետ կարող է լինել, բայց առհասարակ չպետք է լինի պաշտոնյա, ով խմած քշում է, և առավել ևս նման երևույթ, ինչը Դուք նկարագրեցիք, ոչ միայն պաշտոնյայի, այլև որևէ մեկի դեպքում չպետք է լինի: