«Ինձ չի կարելի այդպես վերաբերվել»․ Գեղարքունիքի մարզպետը՝ երկու վթարների մասնակից լինելու մասին
Այսօր տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երեկ՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի է ենթարկվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Սարգսյանը նախ Դիլիջանում է ավտովթարի մասնակից եղել, ապա խփած մեքենայով՝ արդեն Կոտայքի մարզում, դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ:
Ասել է թե՝ «բացառիկության» սինդրոմով տառապող այս իշխանություններն ամեն հարցում են բացառիկ:
168․am-ը կապ հաստատեց Կարեն Սարգսյանի հետ՝ ճշտելու միջադեպի մանրամասները: Մի քանի փորձերից հետո, ի վերջո, կարողացանք կապ հաստատել Գեղարքունիքի մարզպետի հետ:
Մարզպետը, սակայն, սակավախոս էր. վթարների մասին մեր հարցերին ի պատասխան՝ նա միայն արձագանքեց. «Իրականում ինձ չի կարելի այդպես վերաբերվել. էս ի՜նչ է կատարվում: Իրականում վթարի ենթարկվել եմ, բայց էն, ինչ գրվում է, լկտիություն է ընդամենը. այդպես կորակեմ»:
Հարցին՝ երկու անգա՞մ եք վթարի ենթարկվել՝ նա պատասխանեց. «Ոչ»:
Տուժողը Դո՞ւք եք՝ հստակեցմանն ի պատասխան էլ՝ մարզպետը ներողություն խնդրեց և նշեց, որ զբաղված է, ապա անջատեց հեռախոսը:
Մենք չհասցրինք ճշտել, արդյո՞ք այս վթարին իրենց «աջակցությունը» հասցրել են ցույց տալ պարեկները:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ «բարեփոխված» պարեկները, օրինակ, դատախազ Էդգար Պետրոսյանի ոչ սթափ լինելու դեպքում «պատրաստվածության առաջին մակարդակ»-ի էին բերվել. բռնի ուժ կիրառելուց զատ՝ նրանք դատախազի նկատմամբ կիրառել էին արցունքաբեր գազ: