Ինչպե՞ս և ի՞նչ հրաշքով Սերգեյ Մարաբյանի անունը Գագիկ Ջհանգիրյանի օրոք կարող էր ներառվել առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հուլիսի 22-ին բավականին ուշագրավ որոշում է ընդունել, որով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Սերգեյ Մարաբյանի թեկնածությունն առաջադրել է Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնի թափուր տեղում՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
Սերգեյ Մարաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, 2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
Օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստի ժամանակ՝ որպես Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, լուրջ ու բավականին հիմնավոր միջնորդությամբ հանդես եկավ:
Սերգեյ Մարաբյանը անկախ դատավորի, լավ դատավարագետի համարում ունի, համակարգում համարվում է այն դատավորներից, որոնց հնարավոր չէ պատվեր տալ:
Այս ամենն ու ԲԴԽ որոշումը, հաշվի առնելով, որ գագիկջհանգիրյանական ժամանակներում դատավորների ընտրություններն առաջխաղացման ցուցակներով ցույց են տվել, որ միայն իրենց հարմար դատավորներն էին առաջխաղացում ունենում, բոլորովին իրար չեն բռնում, ու հարցեր են առաջացնում:
Ուրեմն ինչո՞ւ է ԲԴԽ-ն առաջադրել Սերգեյ Մարաբյանի թեկնածությունը, այն Մարաբյանի, ում վերաբերյալ կարգապահական վարույթ է քննել:
Միգուցե հիմա տպավորություն ստեղծվի, թե ԲԴԽ-ն հիմա ավելի անկաշկանդ է գործում, քանի որ Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի ղեկավարում Խորհուրդը, և դրա համար է բարձր վարկանիշ ունեցող դատավորն առաջադրվել, բայց այստեղ մի նրբություն կա. Սերգեյ Մարաբյանի անունն առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակ է մտել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակ, և հուլիսի 22-ի որոշումը զուտ դրա իրավական ամրագրումն է: Այլ տարբերակ, ըստ ամենայնի, չկար: Ուրեմն ինչպե՞ս, ո՞ւմ հետ և ի՞նչ պայմանավորվածության արդյունքում կարող էր Մարաբյանի անունը մտած լինել առաջխաղացման ցուցակ:
Հուսանք՝ հարցն ընդամենը հռետորական է ու իրականում չունի պատասխան, սակայն Հայաստանի ներկայիս այլասերված դատական իշխանության պայմաններում դրան հավատալը թերևս բարդ է:
Օգոստոսի 1-ին, ամենայն հավանականությամբ, ԲԴԽ-ն նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ կընտրի: Կարծիք կա, որ 1 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Տիգրան Սահակյանից հետո այն կզբաղեցնի նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
Պետք է հասկանալ, որ Սերգեյ Մարաբյանի առաջխաղացման հարցը և Մխիթար Պապոյանի հնարավոր նշանակումն իրականում տարբեր նպատակներ են հետապնդում ու էլ ավելի տարբեր բովանդակություն ունեն:
Եթե ԲԴԽ-ն որոշի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նշանակել Մխիթար Պապոյանին, դրանով փորձ կանի իր վարկաբեկված հեղինակությունը փոքր-ինչ ռեաբիլիտացնելու՝ ցույց տալով, որ համակարգի համար դրական նշանակում է կատարում, իսկ Սերգեյ Մարաբյանի հարցն այլ է: Ինչպես նշեցինք, նա ցուցակ էր մտել Գագիկ Ջհանգիրյանի օրոք և, բնականաբար, Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ:
Մնում է հուսալ, որ այդ համաձայնության պահին Գագիկ Ջհանգիրյանի մոտ ինչ-որ հրաշքով շատ կարճ ժամանակով գլուխ է բարձրացրել երբեմնի իրավաբան-գիտնականը: