Ո՞վ կդառնա Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածո՞ւն, թե՞ ԲԴԽ-ում իրավիճակ է փոխվել

Հուլիսի 18-ին դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ տարիքը լրանալու հիմքով:

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի լիազորությունները համարել դադարած»,- գրված է Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ:

Տիգրան Սահակյանը ԲԴԽ նախագահ դարձավ 2021թ. հուլիսի 7-ին: Հուլիսի 6-ին 168.am-ն արդեն իսկ գրել էր, որ ԲԴԽ նախագահի նախկին ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի համար կյանքի ու մահու հարց էր Վազգեն Ռշտունուց հետո Վերաքննիչն իր ձեռքը վերցնելը:

Գագիկ Ջհանգիրյանը դա արեց, ու Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվեց Տիգրան Սահակյանը, ում պաշտոնավարման մեկ տարին աչքի ընկավ տարատեսակ սկանդալային պատմություններով՝ սկսած էլեկտրոնային մակագրումների համակարգի սերվերների առգրավմամբ ու շուրջ 10 ամիս պահելով, այդ ընթացքում ձեռքով կամայական մակագրություններով մինչև Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ներսում եղած սկանդալները՝ գործի չհաճախող, բայց աշխատավարձ ու պարգևավճարներ ստացող յուրայիններ, աղմկահարույց ազատումներ և այլն:

Կարդացեք նաև

Մինչ իր խայտառակ հեռացումը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից` Գագիկ Ջհանգիրյանը, իհարկե, ուներ համապատասխան թեկնածու Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի աթոռի համար:

Սևակ Համբարձումյանի թեկնածությունն ըստ էության արդեն որոշված էր, իսկ Գագիկ Ջհանգիրյանի համար՝ հաստատված, սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Գագիկ Ջհանգիրյանն այլևս ԲԴԽ նախագահի ժ/պ չէ, և Սևակ Համբարձումյանի նախագահությունը Վերաքննիչ քրեական դատարանում խիստ մշուշոտ է:

Ավելին, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա քննարկվում է նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի թեկնածությունը, ով համակարգում անաչառ ու հեղինակություն վայելող դատավորի համարում ունի:

Վաղը ԲԴԽ-ն Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է ընտրելու, և չի բացառվում նաև, որ քվեարկություն լինի նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրելու համար, քանի որ արդեն ժամանակն է:

Ո՞ւմ կտա նախապատվությունը ԲԴԽ-ն, կտեսնենք առաջիկայում: Կշարունակվե՞ն Գագիկ Ջհանգիրյանի սերմանած ու առաջ մղած ավանդույթները դատական համակարգում, թե՞ այնուամենայնիվ, ԲԴԽ-ն նախանձախնդիր կլինի ապահովել Վերաքննիչ քրեական դատարանի բնականոն գործունեությունն առանց քաղաքական հրահանգների, պարզ կլինի շուտով:

Մի բան հստակ է. գնդակը ԲԴԽ դաշտում է, և հիմա ԲԴԽ-ն շատ լավ հնարավորություն ունի ապացուցելու, որ ինքը հեղինակություն ունեցող կառույց է, այլ ոչ թե Ջհանգիրյանի ասած՝ «Էս ինչ մի … կառույցս է, որ…»:

Տեսանյութեր

Լրահոս