Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի նավահանգիստների վրա
Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ հակառակորդը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարձակվել է Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, երկուսը խոցել են նավահանգստի ենթակառուցվածքը։
Ըստ ուկրաինական կողմի՝ հակառակորդը նման գործողություններ կատարել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումները վերսկսելու հարցով Ստամբուլում Կիևի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրից մեկ օր անց։
Ուկրաինայի ԱԳՆ–ն էլ հայտնում է, որ Ռուսաստանը Օդեսայի նավահանգստին հարված հասցնելով «թքում է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեսին: Երկրի ԱԳՆ–ն նկատի ունի այն, որ ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ:
«Ռուսաստանի Դաշնությունից 24 ժամից էլ քիչ ժամանակ պահանջվեց Օդեսա քաղաքի վրա հրթիռային հարձակում իրականացնելու համար, որպեսզի կասկածի տակ դնի նախօրեին Ստամբուլում ստորագրված համաձայնագիրն ու ՄԱԿ-ի և Թուրքիայի խոստումները», – հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։
Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քիչ առաջ արձագանքնել է լուրերին, հայտնելով․«Կալիբր» հրթիռները ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքը՝ բարձր ճշգրտության հարված հասցնելով»: