«Եթե «ժողովրդի ընտրյալը» հանրային վայրում քայլում է, ապա պետք է պատրաստ լինի՝ որևէ մեկը կարող է իր մասին կարծիք հայտնել». Լուսինե Ոսկանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Ոսկանյանը հուլիսի 17-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն իրեն սպառնացել են, քանի որ նա Խ. Սուքիասյանին անվանել է թուրք։
«Այսօր 19։30-ի հատվածում, «Ամերիկացի» ֆիլմից տպավորված՝ դուրս էի եկել Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ վերջապես կենդանի հանդիպեցի ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին` 5-6 թիկնապահով շրջապատված։
Որպես ՀՀ քաղաքացի, որպես արցախցի, վերջապես կարողացել եմ հայտնել իմ կարծիքը նրա մասին հենց իր դեմքին։ Գոռացել եմ.
– Թուրք, թուրքի ծնունդ (քանի որ իսկապես այդպես եմ մտածում և զգում ամբողջ սրտով և հոգով)։
Նրա թիկնապահներից մեկն ինձ վիրավորեց և սպառնաց.
– Մի հատ հլը հավաքի քեզ, դու հլը հալդ կտենաս։
Իսկ ժողովրդի մանդատը ստանձնած պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որ տարիներով ծածուկ, իսկ հիմա էլ՝ ժողովրդի մանդատը ստացած, թրքին է վաճառում ոչ միայն իրեն, այլ նաև բոլորիս` ինձ ամոթանք տվեց` թե չե՞մ ամաչում։
Պատասխանում եմ.
– Չէ, չեմ ամաչում։
Այս ամենը հանրայնացնում եմ, քանի որ փաստացի սպառնալիք են հնչեցրել ինձ, և բացի այդ, բավականին երկար զննել են ինձ և ինձ հետ կանգնածներին։
Եթե իմ կամ ընտանիքիս որևէ անդամի հետ ինչ-որ դեպք, պատահար լինի, ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «ժողովրդի ընտրյալ» Խաչատուր Սուքիասյանը»,- գրել էր Լուսինե Ոսկանյանը։
168.am-ի հետ զրույցում Լուսինե Ոսկանյանն ասաց, որ այդ օրվանից հետո իշխանական պատգամավորի կողմից իր դեմ ուղղված որևէ բան տեղի չի ունեցել։
«Միջադեպից հետո, երբ վերլուծում էի, հասկացա, որ բավականին վախեցել էի, որովհետև իմանալով, թե ինչ մարդկանց հետ գործ ունեմ, անհանգստացած էի, դրա համար էլ որոշեցի անպայման հանրայնացնել։ Նրանք շատ ագրեսիվ հայացքով էին նայում ոչ միայն ինձ, այլև ինձ հետ կանգնած մարդկանց»,- շեշտեց Լուսինե Ոսկանյանը։
Նրա կարծիքով՝ միֆ է իշխանության այն հայտարարությունները, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, որովհետև երբ փողոցում, թեկուզ էմոցիոնալ մարդը ինչ-որ բան է ասում՝ անվտանգության 4-5 աշխատակիցներով հարձակվում ու սկսում են վիրավորել մարդուն, անվանել «ոչնչություն», կամ՝ «դու հալդ կտեսնես»։
«Եթե «ժողովրդի ընտրյալը» հանրային վայրում քայլում է, ապա իր այդ հպարտ դեմքով պետք է պատրաստ լինի, որ որևէ մեկը նաև կարող է իր մասին կարծիք արտահայտել։ Այն հայտարարությունները, որոնք նրանք արել են իրենց հանրային խոսքում, դրանցից ես ինձ ստորացված եմ զգացել՝ որպես ՀՀ քաղաքացի։ Այստեղ առհասարակ նշանակություն չունի՝ Արցախի՞ց եմ, թե՞ ոչ, որովհետև արդեն իմ տեսակն ու ինքնությունն է վտանգված իրենց քաղաքականությամբ ու հանրային խոսքով։ Ես ուրիշ ոչինչ չեմ ասել ոչ մի տեղից ազդված՝ զգում եմ, որ այդ մարդը թուրք է, և դա ասել եմ իր դեմքին։
Եթե իրենք այդքան ջատագովն են թուրքի հետ ընկերություն անելուն, ապա ինչո՞ւ են իրենց վատ զգում իմ ասածից»,- շեշտեց մեր զուցակիցը։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իշխանությունն իրեն կարող է կապել նախկին իշխանությունների հետ, Լուսինե Ոսկանյանը պատասխանեց, որ առհասարակ որևէ վախ չունի, քանի որ երբևիցե կուսակցական չի եղել և առհասարակ նման «պիտակներից» չի վախենում, որովհետև դրանք, նրա կարծիքով՝ քաղտեխնոլոգիաներ են, որոնք օգտագործվում են։
«Սա մեթոդ է մարդկանց լռեցնելու, վախեցնելու համար։ Ինքս անձամբ կուսակցական չեմ եղել, պարզապես ՀՀ քաղաքացի եմ։
Հայտարարությունը, թե իրենք մեղավոր չեն Արցախը կորցնելու համար, ինձ որևէ բան չի ասում, քանի որ, բարեբախտաբար, այնքան գիտակցություն ու վերլուծական միտք ունեմ, որ հասկանամ՝ մեղավորն ու պատասխանատուն իրե՞նք են, թե՞ ոչ։ Այդ բառային շահարկումներն ինձ նման մարդկանց վրա չի ազդում, և մենք բավականին մեծ խումբ ենք կազմում։ Ասում են՝ նախկիններն են ամեն ինչ վաճառել, բայց այսօր անձամբ ես, որ աշխատել եմ մշակույթի ոլորտի հետ, հստակ կարող եմ ասել, թե հիմա ինչպիսի գումարներ է կոծկվում, ինչպիսի կոռումպացված մեթոդներով ու գործիքներով են աշխատում։ Մենք համբերատար սպասում էինք, որ գուցե իսկապես ժողովրդավարության մասին գոռացողները ժողովրդավար քայլ կանեն, և ինչպես Ֆրանսիայում նման պարսավանքի արժանացած մարդիկ ստորագրում էին իրենց հրաժարականը և հեռանում, քանի որ ամաչում էին շարունակել լինել պատգամավոր, երբ ամբողջ օրն իրենց վիրավորում էին։ Կարծում էի, այս տարիների ընթացքում գուցե արժանապատիվ կգտնվեն և ժողովրդավար բառն իրենց վերագրելով՝ այդ կանոններով կշարժվեն, բայց ինչպես տեսնում ենք, սպառնում են և թքած են ունենում, թե քաղաքացիներն իրենց մասին ինչ կարծիք են արտահայտում՝ ֆեյքերով ու «գնված մարդկանցով» կոպտում են»,- եզրափակեց Լուսինե Ոսկանյանը։