Ի՞նչ սպասել տարբեր ուժային կենտրոնների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների այցերից և «Թեհրան 22»-ից. պարզաբանում է Վիգեն Հակոբյանը
Վերջին տասն օրում Հայաստան ժամանեցին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Ինչի՞ մասին են վկայում այս այցերը, և ի՞նչ նոր գործընթացների ականատես կլինենք՝ հարցադրումների պատասխանները 168.am-ը լսել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից:
«Խոսքը բավականին լուրջ պրոցեսների մասին է, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Այժմ մենք ականատեսն ենք նոր աշխարհակարգի ձևավորման, նոր խաղի կանոնների հաստատման, ինչի մասին խոսվում էր դեռևս ուկրաինական ճգնաժամից առաջ:
Կարծում եմ՝ աշխարհի հիմնական ուժային կենտրոններն աստիճանաբար դուրս են գալիս այդ գործընթացների օպերատիվ փուլին. Կա՛մ քաղաքական որոշումներ են կայացվելու, կա՛մ դրանք արդեն ուրվագծված են, իսկ հիմա ճշտումներ են արվում նաև հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով»,- այս այցերի ենթատեքստերին անդրադառնալով՝ նշեց քաղտեխնոլոգը:
Նա, ի դեպ, չի բացառում, որ Հայաստան այցելած լինեն նաև նույն պրոֆիլի այլ պաշտոնյաներ ևս, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի համար այս «ռանգի» հատուկ ծառայությունների ղեկավարների իրար հաջորդող այցերը վերլուծաբանը գնահատում է բացառիկ՝ նկատելով, որ դրանք առնչվում են նաև Թեհրանում սպասվող Պուտին-Էրդողան-Ռայիսի հանդիպմանը:
«Ես չեմ հավատում, որ այս հետախուզության ղեկավարների այցը Հայաստան պայմանավորված էր զուտ Նիկոլ Փաշինյանին և առավել ևս՝ ԱԽ քարտուղարին հանդիպելու իրենց ցանկությամբ (բավականին անլուրջ կլիներ այդպես մտածելը), չեմ բացառում, որ այստեղ տարբեր ռանգի այլ հանդիպումներ են եղել, և Հայաստանն ուղղակի հարթակ է եղել՝ զուտ իր աշխարհագրական դիրքից ելնելով, մոտ լինելով Կովկասի և Մերձավոր Արևելքի թատերաբեմին:
Չեմ բացառում, որ այդ բարձր պաշտոնյաները հետախուզական համայնքի հանդիպումներ են ունեցել այլ ուժային կենտրոնների ներկայացուցիչների հետ,- շեշտեց Վիգեն Հակոբյանը, ապա արձագանքելով դիտարկմանը, թե ստացվում է՝ Հայաստանն ուղղակի պլատֆորմ է եղել այդ ուժային կենտրոնների ներկայացուցիչների հանդիպման համար, արձագանքեց,- Գլոբալ առումով, իհարկե, զուտ պլատֆորմ է եղել, բայց քանի որ Հայաստանը գտնվում է Միջին Արևելքի և Կովկասի պրոցեսներում որպես օբյեկտ, կարծում եմ, նաև այդ պատճառով»:
Նա այս համատեքստում հիշեցրեց, որ ՀՀ-ն ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, ձգտում է ԱՄՆ գործընկերությանը, Իրանի հետ սահման ունի և լինելով ՀԱՊԿ անդամ՝ ուզում է սահման բացել ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի հետ:
Հարցին, թե Հայաստանին առնչվող ի՞նչ լուծումներ պետք է սպասել այս գործընթացներից, օրինակ, սպասե՞լ «միջանցքի» հարցին առնչվող հստակ լուծումների, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ ամեն բան պարզ կլինի թեհրանյան՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հանդիպումից հետո:
«Պատկերավոր ասված՝ սա Թեհրան 22-ն է (Թեհրան 43-ի նմանությամբ): Այդ հանդիպումով պայմանավորված կլինեն հետագա պրոցեսները, որովհետև «միջանցքներին», ազդեցություններին, ԶՈՒ տեղաբաշխմանն առնչվող հարցերը ևս քննարկվելու են»,- հավելեց վերլուծաբանը:
Այս գլոբալ իրողությունների և ներքաղաքական զարգացումների համատեքստում ինչպե՞ս պետք է դիրքավորվի հայրենի ընդդիմությունը՝ կոնկերտ արդյունքներ ունենալու, ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենալու համար՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Վիգեն Հակոբյանը նկատեց.
«Որպեսզի ընդդիմությունը կարողանա որևէ լուրջ ազդեցություն ունենալ այս պրոցեսների վրա, պետք է ունենա համապատասխան լուրջ ռեսուրսներ: Դա նախ ներքին հենարանն է՝ հանրության և էլիտաների աջակցությունը, ապա նաև՝ արտաքին հենարանները՝ արտաքին քաղաքական դաշնակիցները, կամ այն վեկտորի մեջ հանդես գալը, որը թրենդային է արտաքին քաղաքականության մեջ:
Կարծում եմ՝ ընդդիմության Դիմադրության շարժումը որոշակի ռեբրենդինգի խնդիր ունի, այդ թվում նաև՝ արտաքին քաղաքական վեկտորները հստակեցնելու առումով: Եթե ընդդիմությունը ձգտում է իշխանության, պետք է հասկանա համաշխարհային թրենդները, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Ներքին քաղաքական ասպարեզում պետք է վարի գուցե ավելի էմոցիոնալ քաղաքականություն, մինչդեռ արտաքին քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս պրագմատիկ և պրակտիկ՝ համահունչ արտաքին խաղացողների քաղաքականությանը, որպեսզի հնչեցված կարգախոսները հասկանալի լինեն նաև արտաքին խաղացողներին»:
Քաղտեխնոլոգը հավելեց, որ այս իրավիճակում ընդդիմության շարժումը պետք է դառնա ինստիտուցիոնալ՝ հաշվի առնելով պայքարի միջնաժամկետ հեռանկարը, պետք է ընդլայնի աշխարհագրությունը և սոցիալական հենարանը:
«Ընդդիմությունը չպետք է հենվի միայն, պայմանական ասված, լաոյի վրա, որին կարողացել է արթնացնել ազգային օրակարգով և անվտանգության շուրջ մեսիջներով, այլ պետք է կարողանա երկխոսել հանրության այն շերտերի հետ, որոնց գուցե հետաքրքրում են դոլարի կուրսը, սոցիալական խնդիրները, մշակութային ինչ-ինչ հարցեր: Այսինքն՝ ցանկացած խավի հետ պետք է կարողանալ լեզու գտնել, որպեսզի ընդլայնի հենարանը, և տասնյակ-հազարավորներին դարձնի հարյուր-հազարավոր»,- եզրափակեց նա: