«Փոքր Մխիթարիս ունեցել ենք, որ ծուխս չմարի»․ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի նորածին եղբայրն արդեն տանն է
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի նորածին եղբայրը՝ կրտսեր Մխիթարը, և նրա մայրը՝ Աստղ Գալեյանը, այսօր դուրս գրվեցին բժշկական կենտրոնից։
Տիկին Աստղը 168.am-ի հետ զրույցում կիսվեց իր զգացողություններով, ասաց՝ դրանք աննկարագրելի են, 22 տարի անց կրկին մայր դառնալ․
«Փոքրիկ Մխիթարս կարող էր լինել իմ թոռնիկը, բայց նորից մայրացա, նորից Մխիթար։ Չգիտենք՝ ուրախանա՞նք… բայց մեկ է, այդ թախիծը ներսումդ կա, հիշողությունները կան, բայց ուրախ եմ, որ իմ ընտանիքում նորից տղա երեխա ծնվեց․․․»։
Ծննդատան միջանցքում կնոջն ու նորածին որդուն սպասող հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, չկարողացավ զսպել արցունքները, երբ գրկեց կրտսեր Մխիթարին։
Բժշկական կենտրոնից Գալեյանները, նրանց հարազատներն ու ընկերները նախ ուղևորվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Մի ամբողջ 9 ամիս սպասել եմ, որ լացեմ, լավ լացեմ․․․»,- որդու շիրիմին մոտենալով՝ ասաց տիկին Աստղը։
Հերոսի հայրը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որդու ծնունդով ուրախությունն ու տխրությունը միախառնվել են․
«2 տարի սպասել եմ Մխիթարիս, որ հունվարի 17-ին պետք է տուն գար, բայց չի եկել։ 2 տարի անց փոքր Մխիթարս է լույս աշխարհ եկել․․․ Զգացողություններս չեմ կարողանում նկարագրել, 22 տարի առաջ եմ այս ապրումներն ունեցել, այն ժամանակ երիտասարդ եմ եղել․․․ Անկեղծ, փոքր Մխիթարիս չենք ունեցել, որ ցավս փարատեմ, ունեցել եմ, որ ծուխս չմարի, ու որ ընտանիքումս մի հոգի էլ պայքարող լինի մեծ Մխիթարիս արյան համար, մենք պայքարելու ենք։ Որախացել եմ, որ ընտանիքումս մի հոգի էլ է ավելացել՝ Մխիթարս է, ինքն իմ Մխիթարն է, ինձ անմխիթար չթողեց։ Մխիթարս ծնվել է, ու սա ուրիշ բան է, չեմ կարողանում այս զգացողությունը հասկանամ․․․ Սրտիս մի մասը տխուր է, մյուս մասը ուրախ է, այդ վիճակն է․․․»:
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ հուլիսի 15-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը՝ կրտսեր Մխիթարը։
Հիշեցնենք, որ 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանը զոհվել է 44 օրյա պատերազմի ընթացքում: Երբ ծանր մարտում զոհվել էր դասակի հրամանատարը, որպես դիրքի ավագ՝ Մխիթարն իր վրա էր վերցրել մարտը ու մինչև վերջ պայքարել: Մխիթարն ու իր ընկերը՝ Հայկը, զոհվել են իրենց երրորդ ընկերոջ կյանքը փրկելիս։ Երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու: Մարմնով պաշտպանում են վիրավոր ընկերոջն ու իրենց կյանքի գնով փրկում նրան:
Մխիթար Գալեյանի անունը նշված էր 2020 թվականի հոկտեբերի 3-ին հրապարակված Արցախի ՊԲ-ի ցանկում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում