Թուրքիան և Իրանը մի շարք միջկառավարական փաստաթղթեր են ստորագրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։
Թուրքիայի և Իրանի նախագահները պաշտոնական հանդիպումներից և փաստաթղթերի ստորագրումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Անդրադառնալով տնտեսական կապերին՝ Էրդողանը հիշեցրել է, որ կողմերը նախկինում առևտրի համար տարեկան 30 միլիարդ դոլարի թիրախ էին սահմանել։ «Ցավոք, համաճարակի պատճառով այս ցուցանիշը դեռ 7,5 միլիարդ դոլարի մակարդակում է։ Թուրքիան պատրաստ է ակտիվ համագործակցության Իրանի հետ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում»,- ասել է Էրդողանը։
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ նախագահ Էրդողանն ասել է, որ (Թեհրանում կայանալիք Թուրքիա-ԻԻՀ-ՌԴ եռակողմ գագաթնաժողովի ընթացքում.-խմբ) գնահատվելու է Աստանայի ձևաչափը և փորձ է արվելու ակտիվացնել այդ գործընթացը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և իրանը շարունակելու են պայքարել իրենց դեմ ուղղված այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնալիք են հանդիսանու իրենց համար:
«Կարևոր է սերտորեն համագործակցել այս չարիքի դեմ պայքարում»,- ընդգծել է նա։
Իրանի նախագահը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թուրքիայի և Իրանի միջև համատեղ արդյունաբերական ընկերությունների ստեղծման վերաբերյալ, և որ կողմերը շահագրգռված են երկարաձգել բնական գազի մատակարարման համաձայնագիրը, որի 25-ամյա ժամկետը մոտենում է ավարտին:
Ռաիսին նշել է, որ առեւտրի ցուցանիշները չեն համապատասխանում երկու երկրների տնտեսական կապերի ներուժին։
«Թեհրանն ու Անկարան 30 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ են դրել: Դրան հասնելու համար անհրաժեշտ է երեք անգամ ավելացնել ընթացիկ ցուցանիշները»,- ասել է Ռաիսին։
Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Ռաիսին նշել է, որ Իրանն ու Թուրքիան աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը։
Ռաիսին Թուրքիայի նախագահի ներկայիս այցը Թեհրան անվանել է «շրջադարձային» երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։