Ինչո՞ւ է գործարարը հացադուլ սկսում
Երեկ համացանցում տարածվել էր «Նավասարդ Ագրո» ՍՊԸ սեփականատեր Գարիկ Նավասարդյանի նամակը, որով նա տեղեկացնում էր կալանավայրում հացադուլ սկսելու մասին։
168.am-ը փորձեց տարբեր աղբյուրներից տեղեկանալ գործարարի կալանավորման ու հացադուլ սկսելու պատճառների մասին։
Այսպիսով, 2021թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել է հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը:
Սակայն թռչնաֆաբրիկան այդպես էլ չի կառուցվում, իսկ Գարիկ Նավասարդյանը մեղադրվում է հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը հափշտակելու մեջ։ Հունիսի 2-ին «Նավասարդ Ագրոյի» հիմնադիրը, առանց ծանուցման, կալանավորվում է և Սևան քաղաքից տեղափոխվում Ստեփանակետ։
Գարիկ Նավասարդյանի փաստաբան Մասիս Մելքոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ գործարարի գլխին «սարքել են»։
«Ես բոլոր փաստաթղթերին արդեն ծանոթ եմ, եղել եմ Ստեփանակերտում, տեսել եմ քննիչի և դատավորի վերաբերմունքը։ Առանց որևէ հիմքի մարդուն կալանավորել են՝ այն դեպքում, երբ պետության և քաղաքացու միջև կնքված է պայմանագիր կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ, քաղաքացին սահմանված ժամկետում կատարել է իր պարտավորությունները՝ պետք է բերեր 120 օրական 15 հազար թև հավ, բերել է, գրավոր տեղեկացրել է՝ բերել եմ, սակայն թռչնաբուծարանը պատրաստ չէ։ Իմիջիայլոց, թռչնաբուծարանը կառուցելիս է եղել Արցախի Հանրապետության նախագահի շատ մտերիմ անձնավորություն, և ժամկետին չի պատրաստել։
Մարդը գրել է՝ 15 հազար թև հավը պահելու համար օրական կերը միայն կազմում է 350 հազար դրամ, չեն հավատացել։ Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը եկել է Հայաստան, գնացել թռչնաբուծարան, տեսել է, որ հավերը ներկրվել են, հետ են վերադարձել Արցախ, խորհրդակցել են, ու որոշել քրեական գործ հարուցել և կալանավորել Գարիկ Նավասարդյանին»,- մանրամասնեց փաստաբանը՝ նկատելով, որ մինչ օրս այդ թռչնաբուծարանը շահագործման հանձնված չէ, սակայն իր պաշտպանյալը կալանքի տակ է։
Գործարարի պաշտպանը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս թեմային առավել մանրամասն կանդրադառնան մամլո ասուլիսով։