Բաժիններ՝

Հիմա ունենք 70-75 տարեկան ուսուցիչ, որն ուզում է գնալ թոշակի՝ չեն թողնում, որովհետև ասում են՝ ո՞ւմ բերենք քո տեղը. Սերոբ Խաչատրյան

«Այս տարի, ցավոք, նախորդ տարվա համեմատ՝ 240-ով պակաս է դիմորդների թիվը, եղածների մեծ մասն էլ, արդեն ունենք նախնական տվյալները, ձախողել է երկու առարկաներից մեկի քննությունը: Կան դիմորդներ, որ երկու առարկան էլ ձախողել են: Ունենք բավականին վատ պատկեր»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր, ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրենի խորհրդական Նաիրա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ այս բացն առաջացել է տարիների ընթացքում և պետք է լրացնել:

«Բոլոնյան համակարգին երբ անցանք՝ կրկնակի մասնագիտացումը դուրս եկավ, և դա էլ է խնդիրներ առաջացնում: Մանավանդ մարզերի դպրոցներում կրկնակի մասնագիտացումներով այդ հարցը լուծվում էր, և ֆիզիկայի ուսուցիչը լրացուցիչ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում, կամ մաթեմատիկայինը՝ լրացուցիչ ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում, խնդիրն ինչ-որ չափով լուծվում էր: Մենք նորից բարձրացրել ենք այս հարցը և շատ կարևորում ենք: Միայն ինֆորմատիկայի ուսուցիչ դառնալը գրավիչ չէ այսօր շրջանավարտի համար: Ցավով պետք է նշեմ, որ նույնիսկ ինֆորմատիկա մասնագիտությամբ այս պահին ունենք զրո ուսանող: Այսինքն, առաջին կուրսի համար դիմել էր ընդամենը 2 ուսանող, ձախողել են քննությունը»,- նշեց Նաիրա Սաֆարյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ շեշտեց՝ 1997 թվականից կրթության ոլորտում է և ցավալի փաստ կարող է արձանագրել՝ 25 տարի կրթության ոլորտում կերակրել են խոստումներով:

«Ով եկել, ասել է՝ 10 տարուց այս ենք անելու, այն ենք անելու: 10 տարին անցնում է՝ ասողն էլ չկա: Նոր եկածներն ասում են՝ մենք հո պատասխանատո՞ւ չենք նրանց համար, մենք նոր բան ենք ասում՝ 10 տարուց այսպես կլինի: Ու այսպիսի փաստարկ են բերում, թե կրթության մեջ արդյունքները դանդաղ են երևում, մենք չենք կարող փոխել: 3 տարի աշխատում է՝ նախարարին հանում են, գալիս է հաջորդ նախարարը՝ ասում է, որ 1 տարում չեմ կարող, 10 տարի պետք է սպասենք: Ինչքա՞ն սպասենք: Այս նույն ձեռագրով հիմա էլ ասում են՝ մինչև 2030 թիվը սպասեք: Աշխարհի լավագույն համալսարանների թվում 4 համալսարան կունենանք և այլն, բայց ո՞նց, ո՞ւր է քո ռեսուրսը: Քո քաղաքականությունը տանելո՞ւ է դրան: Նույն դպրոցների վերանորոգումը՝ 300 դպրոց ու 500 մանկապարտեզ՝ մինչև 2026թ.: Դա ահռելի փող է պահանջում: Մենք այդ փողն ունե՞նք, թե՞ ասենք մտածում են, որ եկեք հռչակենք, հետո արդեն ընթացքում միջազգային կազմակերպություններից «կպոկենք» մի բան»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Խոսելով ուսուցիչներին վերաբերող հարցերի մասին՝ կրթության փորձագետը նշեց. «Հիմա ունենք 70-75 տարեկան ուսուցիչ, որն ուզում է գնալ թոշակի՝ չեն թողնում, որովհետև ասում են՝ ո՞ւմ բերենք քո տեղը: 20 տարի աշխատում ես, ու ոչ մի բան: Օրինակ, նախկինում եղել է վաղ թոշակի սկզբունքը, գոնե դա վերականգնվի: Զինվորականներին նայում ես՝ 20 տարի ծառայում են, հետո բարձր թոշակ են ստանում, կողքից էլ բիզնես են անում: Ուսուցիչն ի՞նչ անի: 20 տարի աշխատեց, հենց դուրս եկավ՝ մնում է սոված: Ոչ թոշակ կա, ոչ աջակցություն: Գուցե ուսուցչի առողջապահությունը լրիվ անվճար պետք է դառնա, որովհետև մարդն իր առողջությունը տալիս է ու այնպիսի աշխատավարձի դիմաց, որ դրանով հնարավոր չէ, որ բուժվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս