Չստացվի այնպես, որ պետությունը գլխացավը բուժելու փոխարեն՝ վիզը կտրի. Բաբկեն Պիպոյանը՝ ինքնագլորների հարցը լուծելու քայլերի մասին
«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել և ամփոփել է ինքնագլոր և այլ նմանատիպ փոխադրամիջոցներ վարելու հետ փոխկապակցված պատահարների հետևանքով ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց վնասվածքով դիմած անձանց վիճակագրությունը, որը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում ստանալ խնդրի արդիականության և որոշ առանձնահատկությունների մասին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ մանրամասնում է նաև.
«Այսպիսով, սույն թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել 38 մարդու՝ հավասարաչափ արական և իգական սեռի ներկայացուցիչների:
Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, մեզ մոտ ևս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:
Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ նաև փոխադրամիջոցները վարող անձինք եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30, իսկ 32%-ը 30 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ:
Կարևոր նշանակություն ունի վնասվածքների բնույթի նկարագիրը, համաձայն որի՝ տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, իսկ մնացած 76%-ի մոտ տարբեր աստիճանի վնասվածքներ, սակայն առանց կոտրվածքի: Հոսպիտալացում պահանջվել է 2 դեպքում, մնացած բոլորը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:
Վերոնշյալ տվյալները, որոնք ներկայացնում են միայն մեկ հիվանդանոցային համալիրում գրանցված դեպքերը, ակնհայտորեն վկայում են ինքնագլորների վարելու հետևանքով առաջացող առողջապահական էական խնդիրների մասին, որոնք կարիք ունեն կարգավորման, ինչպես օրենսդրական, այնպես էլ ենթաօրենսդրական մակարդակներում»,- գրել է նա:
Նշենք, որ Երևանի «Սիզընս» այգին հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր այգու տարածքում ինքնագլորների օգտագործման արգելքի մասին:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի փոխանցմամբ՝ քաղաքացիների դժգոհությունը մեծ է, սա պայմանավորված է ենթակառուցվածքի բացակայությամբ, սակայն ոլորտն արժե զարգացնել:
«Իրականում, երբ որ դու հասկանում ես, որ քաղաքակիրթ աշխարհում ինչ-որ բան է ներդրվում, ու դու որոշում ես դառնալ դրա մասը, բայց պետությունը հասարակության հետ չի քայլում, ունենում ենք այն, ինչ ունենք: Այն, որ բիզնեսը ցանկանալու է բիզնես անել ու այլընտրանք առաջարկել՝ բնական է, և այն, որ ինքնուրույն չի կարողանալու այս խնդիրները լուծել՝ սա էլ է բնական: Սրա համար պետք է կոմպլեքս աշխատանք արվի՝ համայնքի, գործադիր, օրենսդիր մարմինների միջոցով: Այս համատեքստում մասնավոր ընկերությունը սկսում է ներդրումներ անել համայնքում՝ օրենքի հետ մեկտեղ, և դու ունենում ես ենթակառուցվածք: Իսկ եթե թողնում ես բախտի քմահաճույքին, ունենում ենք այն, ինչ ունենք: Գործ ունենք ոլորտի հետ, որն արժե երկրում ունենալ ու զարգացնել: Բայց այն իրավիճակն է, որ ասում ենք՝ չեք կարողանում կարգավորել՝ ավելի լավ է չունենանք: Չստացվի այնպես, որ պետությունը գործ անելու փոխարեն՝ գլխացավը բուժելու փոխարեն՝ վիզը կտրի: Մենք ունենք ոլորտ, որն առաջացնում է գլխացավանք, բայց հանգիստ կարող ենք այդ էֆեկտն ունենալ առանց գլխացավի, և դրա համար պետք է աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը շեշտեց նաև, որ ինքնագլորները ստիպված են վարում մայթերով, որովհետև փողոցի որոշակի հատված առանձնացված չէ հեծանվորդների, ինքնագլորների համար: Մայթերը նույնպես նախատեսված չեն դրանց համար:
«Եթե մայթով է, գոնե պետք է առանձնացված լինի, որ այս հատվածներն այլևս հետիոտնային չեն: Բայց գիտենք, որ մայթերը տեղից արդեն խայտառակ վիճակում են: Որտե՞ղ է կարելի վարել, որտեղ՝ ոչ: Այս կարգավորումները և հսկողության մեխանիզմները պետք է ունենալ: Իսկ այս պահին մի իրավիճակ է, երբ վնասն ավելի շատ է, քան օգուտը, որովհետև ինքնագլորը որպես տրանսպորտային այլընտրանք՝ դեռևս չի գործում, հիմնականում ժամանցի ձև է, սակայն մարդկանց վնասներ է հասցնում. շատ մարդիկ ունեն բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Այսինքն, չունենալով օգուտ՝ վնաս ենք տեսել: Այնինչ, պետք է տեսնենք շատ օգուտ և քիչ վնաս»,-նշեց Բաբկեն Պիպոյանը:
Ավելի վաղ զրուցել էինք նաև ErevanRide-ի համահիմնադիր Ալբերտ Մանուկյանի հետ: Նրա խոսքով՝ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը ենթակառուցվածքի բացակայությունն է: Սկուտերների և հեծանիվների համար առանձնացված հատվածն ընդհանրապես բացակայում է՝ հատկապես Փոքր Կենտրոնում, ինչը մեծ խնդիր է:
«Միջազգային փորձը հետևյալն է. հնարավորության դեպքում սկուտեր պետք է վարել ավտոմեքենաների հետ՝ փողոցում: Եթե առանձնացված հատվածներ լինեն՝ մյուս տեղերում կփորձենք սահմանափակել վարելը: Կարևոր է, որ գոնե 2-3 փողոց սարքեն, որ մարդիկ քշեն այդ տեղերով»,- նշել էր նա:
Խնդրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ իրենք լիազորություն և լծակ չունեն, Ոստիկանությունից էլ հորդորում են դիմել Կառավարություն: