Եթե ոստիկանությունը մեզ դիմում է՝ կարող ենք ասել, թե ով է ակտիվ եղել. ErevanRide-ի համահիմնադիրը՝ ինքնագլորներից տուժելու և լուծում գտնելու մասին
Երևանի մայթերով քայլելը դարձել է վտանգավոր, որովհետև մի կողմից՝ ինքնագլորներն են, մյուս կողմից՝ հեծանիվները, որոնք մեծ անհարմարություն են պատճառում: Գրանցվել են վնասվածք հասցնելու բազմաթիվ դեպքեր:
ErevanRide-ի համահիմնադիր Ալբերտ Մանուկյանից փորձեցինք ճշտել՝ ինչպիսի՞ կարգավորումներ են գործում այլ երկրներում, ովքե՞ր և որտե՞ղ կարող են վարել ինքնագլորներ, ինչպե՞ս պետք է շտկել ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքով՝ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը ենթակառուցվածքի բացակայությունն է: Սկուտերների և հեծանիվների համար առանձնացված հատվածն ընդհանրապես բացակայում է՝ հատկապես Փոքր Կենտրոնում, ինչը մեծ խնդիր է:
Նա հիշեցրեց՝ Երևանում Խուլ և համրերի մշակույթի կենտրոնի մոտ մոտ 1.5 տարի առաջ հեծանվային «դարոժկա» կար, որը հիմա հեռացրել են:
«Միջազգային փորձը հետևյալն է. հնարավորության դեպքում սկուտեր պետք է վարել ավտոմեքենաների հետ՝ փողոցում: Եթե առանձնացված հատվածներ լինեն՝ մյուս տեղերում կփորձենք սահմանափակել վարելը: Կարևոր է, որ գոնե 2-3 փողոց սարքեն, որ մարդիկ քշեն այդ տեղերով»,- մեզ հետ զրույցում ասաց Ալբերտ Մանուկյանը:
Հարցին, թե ինչպե՞ս են հասկանում՝ ի՞նչ տարիքի է տվյալ անձը, ով ցանկանում է օգտվել սկուտերից, նա պատասխանեց, որ երբ գրանցվում են, կարգավորումներում պետք է նշեն, որ 16-ից բարձր է տարիքը:
«Ու երբ այդ մարդը մեզ հետ կապ է հաստատում՝ հասկանում ենք, որ երեխայի ձայն է, հարցնում ենք, թե քանի՞ տարեկան է, երբ հասկանում ենք, որ փոքր է՝ բլոկավորում ենք: Մենակ այդ մի պատճառով ամեն օր 10 հոգուց ավելի մարդու բլոկավորում ենք: Սկուտեր վարելու համար պետք է լինել 16 տարեկանից բարձր: Մեզ մոտ սահմանափակ է նաև արագությունը. այն ավելի քիչ է դրած, քան մյուսների մոտ: Մենք 25կմժ-ից ավելի չենք թողնում, բայց կարող է մինչև 30 կմժ և ավելի գնալ: Երբ առաջին անգամ են վարում, չենք թողնում 18 կմժ-ից ավելի վարեն: Րոպեն 35 դրամ է»,- մանրամասնեց ErevanRide-ի համահիմնադիրը:
Ալբերտ Մանուկյանն անդրադարձավ նաև վարորդական իրավունք ունենալու պնդումներին՝ նշելով. «Դա քաղաքից է կախված, ոչ թե երկրից: Օրինակ, տեղեր կան, որ վարորդական իրավունք են պահանջում, որովհետև ամեն ինչ արել են. կան առանձնացված հատվածներ, և այլն: Երևանում եթե այդպես անեն՝ բիզնեսը «վարի կտան», իսկ Փոքր Կենտրոնում էլ այս այլընտրանքային լուծումը չի լինի: Ասենք, Նյու Յորքում ոչ մի բան չի պահանջվում»:
Հարցին՝ մարդկանց հարվածում ու փախչում են, գտնելու հնարավորություն կա՞, ErevanRide-ի համահիմնադիրը պատասխանեց. «Եթե ոստիկանությունը մեզ դիմում է, թե այստեղ այս ժամին ով է վարել, մենք կարող ենք ասել, թե ով է ակտիվ եղել: Բայց, եթե մեր սկուտերը գողանում են, դիմում ենք ոստիկանություն՝ ասելով, թե մեր սկուտերն այսինչ տեղն է, կարող եք գալ օգնել՝ հանենք, չեն արձագանքում օրերով: Այսինքն, փոխհամագործակցությունը չկա»:
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքնագլորները կամ սկուտերները օգտագործում են և՛ աշխատանքի գնալու համար, և՛ հաճույքի:
«Շատ են օգտագործում նաև զբոսաշրջիկները՝ քաղաքը տեսնելու համար»,- հավելեց նա:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում վարորդները նշել էին, որ Քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է իր տնօրինման ներքո գտնվող ճանապարհներն այնպես կահավորել, որ խնդիրներ չառաջացնեն քաղաքացիների համար: Պետք է համապատասխան մայթեր կամ հետիոտնի համար նախատեսված անցումներ լինեն:
«Ամբողջ աշխարհում երթևեկելի գոտիներում արգելված է դրանք վարել: Վարում են մայթերում կամ հեծանիվների համար հատկացված հատվածներում: Սակայն ՀՀ-ում մայթերը նույնիսկ հետիոտնին հարմար չեն: Մեքենա էի վարում, դրա տակ էին ընկնում, սկսեցի ոտքով քայլել՝ իմ վրայով են անցնում»,- դժգոհել էր քաղաքացիներից մեկը՝ ընդգծելով, որ Երևանը հարմարեցված չէ դրանց համար. մայթերը նեղ են, փողոցներում ավտոմեքենաներ են կայանած:
Սակայն Երևանի քաղաքապետարանից նշում են, որ իրենք լիազորություն և լծակ չունեն, Ոստիկանությունից էլ հորդորում են դիմել Կառավարություն:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի փոխանցմամբ՝ այլ երկրներում ինքնագլդորները խնդիր չեն, քանի որ հստակ կարգավորման մեխանիզմներ կան:
«Հիմնականում առանձին գծեր կան այլ երկրներում: Որոշ դեպքերում մայթերն են օգտագործել, որոշ դեպքերում՝ փողոցները: Ինքնագլդորներից օգտվողները չեն համարվում վարորդ: Հայաստանում լուծման մեխանիզմները պետք է փորձեն միասին գտնել Քաղաքապետարանն ու Ճանապարհային ոստիկանությունը»,- նշել էր Դավիթ Պեդանյանը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն օրերս խիստ մտահոգիչ վիճակագրություն էր ներկայացրել՝ հայտնելով, որ միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում: Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս՝ մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի:
Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի, կարծում եմ, պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով:
Վիճակագրական պատկերը փաստում է, որ լուրջ վտանգված են թե՛ անցորդները, թե՛ վարորդները, և թե՛ անձինք, ովքեր օգտվում են այս տեղաշարժման միջոցից»,- նշել էր Արմեն Մուրադյանը: