«ՍԴ-ն, որը հանդուրժել է Վահե Գրիգորյանի վարքագիծը, չեմ կարծում, որ պետք է այլ մոտեցում դրսևորի պատգամավորների պարագայում». Ալվինա Գյուլումյան
Հուլիսի 12-ին խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էին, թե ի՞նչ գործընթաց է սկսել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, քանի որ նրա ստորագրած որոշումը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու վերաբերյալ, ինչպես տեղադրվել էր ԱԺ պաշտոնական կայքում, այնպես էլ անհետացել էր։
«Շատ հաճելի գործընթաց է սկսվել»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ քանի որ որոշումը հեռացվել է, ամեն դեպքում կլինի՞ մանդատներից զրկելու գործընթաց, ԱԺ նախագահը պատասխանել էր. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասել էր, որ ՍԴ դիմելու վերաբերյալ որոշումը կայքից հանվել է տեխնիկական պատճառներով։
ԱԺ իշխանական խմբակցությունն ի՞նչ արդյունք կունենա ՍԴ դիմելու պարագայում, արդյո՞ք Սահմանադրությամբ և ՀՀ օրենքով ամրագրված է, որ պատգամավորներն իրենց գործունեությունը կարող են իրականացնել բացառապես խորհրդարանում։
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ եթե ընդդիմադիր պատգամավորները զրկվում են իրենց մանդատներից, և նրանց ցուցակներում եղած անձինք հրաժարվում են մանդատները վերցնելուց, ապա խնդիր է առաջանում, թե այդ խորհրդարանը որքանո՞վ է լեգիտիմ։
«Եթե նախատեսված է, որ խորհրդարանում պետք է լինի առնվազն 3 խմբակցություններից բաղկացած, այսինքն՝ իշխանական և 2 ընդդիմադիր խմբակցություն, ապա այդ պարագայում դժվար կլինի ասել, թե որքանով խելամիտ կլինի իշխող ուժի կողմից նման քայլի գնալը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը։
Ըստ նրա, ՍԴ դիմելու դեպքում իշխանության շանսերը կախված են նրանից, թե ինչ հիմնավորումներ են ներկայացնելու։
«Այստեղ ՍԴ-ն պետք է կարողանա իրապես գնահատական տալ, թե արդյո՞ք առկա են հիմքեր՝ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար, հատկապես ամբողջ խմբակցությանը։ Սա արդեն ավելի շատ քաղաքական հարց է և քաղաքական դիրքորոշում։ Եթե ինքս լինեի ՍԴ դատավոր, ապա նման գործողության սահմանադրականությունը խիստ կասկածի տակ կդնեի, թե արդյոք կարելի՞ է մի ամբողջ խումբ պատգամավորների լիազորություններ դադարեցնել միայն նրա համար, որ նրանք իրենց քաղաքական պայքարի համար այլ ձև են ընտրել»,- շեշտեց Ա. Գյուլումյանը։
Այս համատեքստում նա հիշեցրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դեպքը, ով մեկ տարի շարունակ ՍԴ չէր գնում, բայց աշխատավարձ էր ստանում։
«Իշխող քաղաքական ուժը ՍԴ-ում «սրտի դատավոր» ուներ, որը մեկ տարի շարունակ ՍԴ նիստերին չէր մասնակցում, նույն այդ իշխանական պատգամավորներն ասում էին՝ հո միայն նիստերին մասնակցելո՞վ չէ ՍԴ անդամ, ինչն ավելի տարօրինակ էր, քան կարող էր լինել պատգամավորի պարագայում, քանի որ ՍԴ անդամը, բնականաբար, քաղաքական գործունեություն չէր իրականացնում։
Իշխող ուժը խնդիր չտեսավ Վահե Գրիգորյանի՝ մեկ տարի շարունակ ՍԴ նիստերին չմասնակցելու համար, սակայն խնդիր է տեսնում քաղաքական գործիչների քաղաքական գործունեության մեջ։ Հետևաբար՝ ՍԴ-ն, որը հանդուրժել է Վահե Գրիգորյանի վարքագիծը, չեմ կարծում, որ պետք է այլ մոտեցում դրսևորի պատգամավորների պարագայում»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։
Հ․Գ․ Ալվինա Գյուլումյանի հետ զրույցի ժամանակ դեռևս հայտնի չէր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշել է չդիմել ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ որոշել են ընդդիմադիր պատգամավորների հարցով ՍԴ չդիմել։