Մարդիկ հազարավոր դոլարներ են կորցնում, բանկերը՝ շահում. անկանխիկի վնասները, կամ՝ ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Փոխարժեքի տատանումները, կանխիկի սահմանափակման մասին օրենքը, միջազգային ու ներքաղաքական իրավիճակով պայմանավորված անորոշությունները ցնցել են անշարժ գույքի շուկան։
168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը թեև նշում է, որ անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն կա, այդուհանդերձ շուկայի վրա մեծ ազդեցություն ունեն վերը թվարկված գործոնները։
«Անկանխիկը բավականին մեծ խնդիրներ է առաջացրել գործարքների համար՝ բանկերում հերթեր, մարդիկ մեծ գումարներ են կորցնում: Կանխիկացումը 3 տոկոս է, որը բավականին մեծ գումար է կազմում անշարժ գույքի վաճառքի ժամանակ, որովհետև գներն արդեն իսկ բարձր են։ Օրինակ, 200 հազար դոլար արժեքով տուն է․ 3 տոկոսը՝ 6000 դոլար, ուղղակի բանկին են տալիս միայն կանխիկացման ժամանակ, էլ չեմ ասում՝ երբ դոլարը դարձնում են դրամ, դրամը՝ դոլար․ շուրջ 2000-3000 դոլար էլ կոնվերտացիայի մեջ են կորցնում։ Ստացվում է՝ զուտ միայն բանկային գործարքից շուրջ 10.000 դոլար կորուստ է լինում, բանկերին է գնում»,- մանրամասնեց Վահե Դանիելյանը՝ նկատելով, սակայն, որ դեմ չէ անկանխիկ գործարքներին, եթե բանկային ծառայությունները խելամիտ արժեքով արվեն, և մարդիկ չտուժեն։
Անդրադառնալով շուկայի միտումներին՝ նա նկատեց, որ առքուվաճառքի գործարքներն ակտիվ են․ բնակարանները քիչ են, գնորդները՝ շատ։ Անշարժ գույքի գործակալության տնօրենի տեղեկացմամբ՝ անգամ դեպքեր են լինում, երբ գույքի սեփականատերը, օգտվելով առկա իրավիճակից, գինն անընդհատ բարձրացնում է։
Հարցին, թե շուկայում տարեսկզբի համեմատ գնաճն ի՞նչ չափով է եղել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Տարվա սկզբից մինչև հիմա առնվազն 30 տոկոսով գնաճ ունենք և՛ վաճառքի, և՛ վարձակալության դեպքում»։
Փոխարժեքի տատանումների առնչությամբ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Վահե Դանիելյանը տեղեկացրեց՝ այն ազդում է քաղաքացիների վարքագծի վրա։
«Քանի որ դրամն արժևորվում է, դոլարը՝ արժեզրկվում, շատերը նախընտրում են գույք ձեռք բերել․ այսինքն՝ չեն հասկանում, թե ո՞ր արժույթով իրենց խնայողությունները պահեն, և նախընտրում են իրենց խնայողությունները պահել անշարժ գույքի տեսքով»,- նշեց մեր զրուցակիցը։
Նկատենք՝ պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ արձանագրել է, որ Երևանում և մարզերում անշարժ գույքը վերջին ամիսներին շարունակում է թանկանալ, իսկ գործարքների թիվը՝ աճել։ Ոլորտի մասնագետները, սակայն, նշում են՝ կանխիկի սահմանափակման մասին օրենքը, որը գործում է հուլիսի մեկից, հանգեցրել է անշարժ գույքի գների լրացուցիչ աճի։