Բաժիններ՝

Ինչպե՞ս դիմակայել շոգին. խորհուրդներ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շոգին դիմակայելու համար մի քանի խորհուրդ է ներկայացրել.

«Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար.

✅ խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում մի՛ մնացեք դրսում,

✅ պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,

✅ օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

✅ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,

✅ հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն,

✅ մի՛ չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,

✅ մի՛ գտնվեք չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ մի՛ մնացեք արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,

✅ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

✅ ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,

✅ հետևե՛ք, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա,

✅ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, հագնվե՛ք ջերմաստիճանին համապատասխան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս