Երազների տեսակները
Ըստ Մալխասյանցի բացատրական բառարանի՝ երազ նշանակում է.
1. անհեթեթ, շփոթ,
2. երբեմն որոշ ու հետևողական պատկերներ ու գաղափարներ, որոնք երևում են քնած մարդուն և մնում նրա հիշողության մեջ արթնանալուց հետո,
3. անցյալի քաղցր հիշատակություն:
Մարդիկ տեսնում են զանազան երազներ, սակայն տարբեր մոտեցումներ ունեն դրանց հանդեպ: Կան մարդիկ, որոնց համար երազները չունեն ո՛չ իմաստ և ո՛չ արժեք: Երկրորդ խմբի մարդիկ ընդունում են այն գաղափարը, թե յուրաքանչյուր երազ Աստծուց ուղարկված պատգամ է մարդուն: Երրորդ խմբի մարդիկ փորձում են իմանալ տեսած երազների ճշմարիտ մեկնությունները իրենց ընտանիքի անդամների, հարևանների, բարեկամների կամ ծանոթների միջոցով:
Նախ պետք է հստակ լինի, որ յուրաքանչյուր երազ չէ, որ իմաստալից է, որովհետև կան բազմաթիվ անիմաստ երազներ, որոնք մեր կողմից նույնիսկ ծաղրանքի են արժանանում: Նաև սխալ է այն գաղափարը, թե ամեն մի երազ պատգամ է Աստծու կողմից, որովհետև կան երազներ, որոնք գալիս են Սատանայի կողմից կամ մեր ենթագիտակցության արդյունքն են:
Աստվածային երազներ
Աստվածաշնչում կան շատ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Աստված երազների միջոցով հայտնում է Իր պատգամը տարբեր ազգերի մարդկանց, լինեն նրանք Իսրայելի ժողովրդից թե այլ ազգերից: Աստվածային երազներն ունեն զանազան նպատակներ.
Արգելել մարդուն սխալ արարք կատարել: Մի ժամանակ հայր Աբրահամը հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև և ասաց իր կնոջ՝ Սառայի մասին, որ նա իր քույրն է, որովհետև վախեցավ տեղացի մարդիկ իրեն սպանեն նրա գեղեցկության պատճառով: Այդտեղի արքան՝ Աբիմելեքը, լսեց Սառայի գեղեցկության մասին և որ նա Աբրահամի քույրն է, մարդ ուղարկեց և Սառային բերել տվեց, որպեսզի լինի իր կինը: Սակայն «Գիշերը Աստված երազում երևաց Աբիմելեքին և ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունեցող կին է» (Ծննդ. 20: 3): Աստված արգելեց Աբիմելիքին սխալ արարք գործել:
Զորացնել մարդուն իր առաքելության մեջ: Իսահակի որդին՝ Հակոբը, իր հոր թելադրությամբ (Ծննդ. 28:1-2) գնաց Ասորիների Միջագետք։ ճանապարհին հասավ մի տեղ ու քնեց, երազ տեսավ, որի ավարտին Աստված իրեն ասաց. «Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ» (Ծննդ. 28:15): Աստված զորացրեց Հակոբին, ասելով, որ նրա հետ է:
Հայտնել մարդուն գալիք դժվար տարիների մասին: Փարավոնը երկու երազ տեսավ (Ծննդ. 41:1- 7), որոնք նրա խռովվության պատճառ դարձան: Երազում նա տեսավ, որ տգեղ ու նիհար յոթ երինջներ ուտում էին գեղեցիկ ու պարարտ յոթ երինջների, և չորուկ ու խորշակահար յոթ հասկեր կուլ տվեցին ընտիր ու լեցուն յոթ հասկերի։ Հովսեփ գեղեցիկը ասաց փարավոնին. «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է» (Ծննդ. 41:25), և վերջում մեկնեց երազը, որ Եգիպտոսում լինելու են յոթ բերքառատ տարիներ և դրանց հաջորդող սովի յոթ տարիներ։ Աստված երազի միջոցով զգուշացրեց փարավոնին և եգիպտացիներին սովի յոթ տարիների մասին, նաև կոչ արեց Հովսեփի միջոցով, որ յոթ բերքառատ տարիների բերքից ամբարվի հաջորդող յոթ սովի տարիների համար:
Հայտնել մարդուն մոտիկ ապագան կամ վախճանը: Եգիպտոսի փարավոնը բարկացավ և բանտարկեց իր տակառապետին ու մատակարարին սխալ արարքի պատճառով: Նույն գիշերը նրանից յուրաքանչյուրը մի երազ տեսավ և հաջորդ օրը Հովսեփին պատմեց՝ ասելով. «Երազում իմ առջև մի որթատունկ երևաց։ Որթատունկն ուներ երեք շատ կանաչ ճյուղեր և հասուն խաղողի երեք ողկույզներ։ Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճզմում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը» (Ծննդ. 40:9-11), «Ես էլ եմ երազ տեսել։ Երազիս մեջ գլխիս վրա նաշիհով լի երեք զամբյուղ կար։ Վերևի զամբյուղի մեջ կային փարավոնի համար հացթուխների պատրաստած զանազան ուտելիքներ, և թռչուններն ուտում էին գլխիս վրա գտնվող զամբյուղից» (Ծննդ. 40:16-17): Հովսեփը աստվածային իմաստությամբ մեկնեց, որ երազները նշանակում են տակառապետի ազատ արձակումը և մատակարարի մահը, որ պիտի պատահեն երեք օր հետո (Ծննդ. 40:20-22):
Կատարել մարդու խնդրանքը: Աստված Սողոմոնին երևաց գիշերվա քնի մեջ և ասաց. «Որևէ բա՛ն խնդրիր քեզ համար» (Գ Թագ․ 3:5): Սողոմոնը իմաստություն խնդրեց (Գ Թագ․ 3:9), և Տերը շնորհեց այն (Գ Թագ․ 3:12):
Հայտնել մարդուն այն, ինչ լինելու է վերջին օրերում: Նաբուգոդոնոսոր արքան իր թագավորության երկրորդ տարում երազ տեսավ (Դան․ 2:31-35): Նա կանչել տվեց գուշակներին, մոգերին, կախարդներին ու քաղդեացիներին, որպեսզի հայտնեն նրա տեսած երազը և մեկնեն այն, իսկ եթե չկարողանան, կորստի պիտի մատնվեն (Դան. 2:5): Դանիել մարգարեն Աստծու օգնությամբ կարողացավ երազը պատմել (Դան. 2:31-45) և մեկնել։ Աստված երազի միջոցով ցույց տվեց Նաբուգոդոնոսորին, թե ինչ է լինելու վերջին օրերում:
Փրկել մարդուն վտանգներից: Հերովդես արքայի օրերին, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և հարցրեցին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու» (Մտթ. 2:2): Նրանք իմացան քահանայապետներից ու ժողովրդի դպիրներից, որ հրեաների նորածին արքան՝ Հիսուս մանուկը, ծնվելու է Հրեաստանի Բեթղեհեմում՝ ըստ մարգարեության․ «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է» (Միք. 5:1): Նրանք աստղի առաջնորդությամբ հասան Բեթղեհեմ, երկրպագեցին Հիսուս մանուկին, բացեցին իրենց գանձատուփերը և ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս:
Հետո Աստված հրահանգեց մոգերին երազի միջոցով (Մտթ. 2:12), որ Հերովդեսի մոտ չվերադառնան, այլ գնան իրենց երկիր ուրիշ ճանապարհով: Աստված երազի միջոցով մոգերին ազատեց չարամիտ Հերովդեսից:
Առաջնորդել մարդուն դեպի խաղաղ նավահանգիստ: Հերովդեսի մահից հետո Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին և հրամայեց, որ նա Հիսուս մանուկի և Մարիամ Աստվածածնի հետ վերադառնա Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում (Մտթ. 2:19-21):
Սատանայական երազներ
Սատանան հպարտացավ, որովհետև ասաց. «Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին» (Ես․ 14:13-14) և ընկավ. «Բայց ահավասիկ դժոխք ես իջնելու և երկրի խորքերը» (Ես․ 14:15), սակայն չկորցրեց իր զորությունը: Նա գործում է խորամանկորեն, կռվում է բոլորի դեմ, նույնիսկ հոգեպես ուժեղների, ձգտում է բազմաթիվ միջոցներով արդարներին գցել մեղքի մեջ, ունի հազարավոր տարիների փորձառություն, հեռավոր արևելքից դեպի հեռավոր արևմուտք շարժվում է աչք թարթելու ակնթարթի նման: Նա նաև կարող է կերպարանավորվել որպես լույսի հրեշտակ. «Եվ դա զարմանալի չէ, որովհետև սատանան ինքն էլ է կերպարանավորվում որպես լույսի հրեշտակ» (Բ Կորնթ. 11:14):
Սատանան կարող է երազի միջոցով խրատներ տալ, առաջարկներ ներկայացնել կամ զգուշացումներ անել, այսպիսով նպատակ ունենալով անձին փորձել, նեղացնել, շփոթեցնել, մոլորեցնել կամ կորստի մատնել: Սատանան օձի միջոցով փորձեց մեր նախամորը՝ Եվային, գցել կասկածանքի մեջ՝ ասելով․ «Աստված ինչո՞ւ ասաց. «Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք» (Ծննդ. 3:1) և հետո ներկայացրեց իր առաջարկը՝ գեղեցկազարդ պատկերով ասելով. «Երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման» (Ծննդ. 3:5):
Մարդկային երազներ
Այն ամենը, ինչ տեսնում ենք, լսում կամ փափագում, պահվում են մեր մտքի ենթագիտակցության բաժնում և կարող են մի օր, նույնիսկ տարիներ հետո դուրս գալ երազների տեսքով: Օրինակ՝ մի երիտասարդ փափագում է ունենալ թանկարժեք ավտոմեքենա, որոշ ժամանակ հետո հավանական է, որ կտեսնի իր երազում, թե այդ մեքենան իր սեփականությունն է: Կամ մի օրիորդ սարսափ ֆիլմ է դիտում, և գիշերը դրա որոշ հատվածներ երազում տեսնելով, սարսափահար արթնանում քնից:
Երազները լինում են աստվածային, սատանայական և մարդկային:
Հասկանալու համար, թե մեր տեսած երազը որ խմբին է պատկանում, մենք զանազանելու շնորհի կարիք ունենք։
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր