Գլխավոր հարցերը՝ որտե՞ղ են շարունակվելու Հայաստան-Ադրբեջան հետագա բանակցությունները և որքա՞ն է շարունակվելու անորոշությունը. Ֆելգենգաուեր

Չնայած Ուկրաինայում շարունակվող ծանր ռազմական ու աշխարհաքաղաքական պատերազմին, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող իրավիճակն աշխարհի ամենաթեժ կետերից մեկն է մնում: Օրերս՝ հուլիսի 4-ին, ԵԽ նախագահ Շառլ Միշել-Իլհամ Ալիև հեռախոսազրույցից հետո նախօրեին, ըստ ՌԴ պաշտոնական Կրեմլին կայքի, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց:

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին։ Զրույցի հայ-թուրքական հատվածը ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում առկա չէր: Նկատելի է նաև, որ հաղորդագրություններում, այդ թվում՝ հայկական կողմի, չի նշվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումը, ինչն ըստ էության լիովին տեղավորվում է ադրբեջանական կողմի պահանջների և դիրքորոշումների կոնտեքստում, որ չկա ԼՂ, չկա ԼՂ հակամարտություն, քանի որ պատերազմով Ադրբեջանն այդ հարցը իբրև թե լուծել է: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Միշել-Ալիև հեռախոսազրույցից հետո Փաշինյան-Միշել կոնտակտ տեղի չունեցավ, ավելին՝ առաջիկա հայ-ադրբեջանական որևէ ձևաչափով հանդիպման պայմանավորվածություն չկա: Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել էր, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։ Ավելին, Բայրամովը նաև ասել էր, որ սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ «Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան (սահմանազատմանը) հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացը սկսելն ինքնին արդեն լավ քայլ է»,- հավելել է Բայրամովը: «Մի կետ նշեմ. մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից։ Բայց Ադրբեջանը դրսևորել է սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- նշել է Բայրամովը։

Նշենք նաև, որ այս իրադարձությունների ֆոնին ուշագրավ էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ով խոսելով տարածաշրջանի նոր ճանապարհների և, այսպես կոչված, միջանցքի մասին, նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Mehr գործակալության փոխանցմամբ, պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում աշխարհաքաղաքականության փոփոխման:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ երկիրը վարում է հարևան և տարածաշրջանային երկրների հետ կապերի խորացման քաղաքականություն՝ հավելելով, որ Հայաստան իր այցի հիմնական նպատակը Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների ամրապնդումն է: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է  ներտարածաշրջանային համագործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանն աջակցում է այնպիսի ձևաչափերի, ինչպիսին է 3+3-ը (Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը):

Շամխանին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն տևական խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում։

168.am–ի հարցին, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի շուրջ և ի՞նչ հարցեր են քննարկվում Միշել-Ալիև, Փաշինյան-Պուտին ձևաչափերում, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը պատասխանեց, որ Հարավային Կովկասում կողմերի միջև ու միջնորդների մասնակցությամբ ներկայումս քննարկվում է մի քանի խնդիր:

Ըստ նրա, դիրքերի համար իրական լուրջ գործընթացները տեղի են ունենում խոշոր խաղացողների միջև, այսինքն՝ սա դիրքային պայքար է:

«Այստեղ մեծ հաշվով բովանդակային խնդիրներ չեն, թե ինչ է քննարկվելու, ինչպես են ճանապարհները բացվելու, այստեղ խնդիրը վերահսկելն է այդ ամենը, մինչ դա տեղի է ունենում դիրքային մանր, ակտիվ, գուցե երկարատև պայքար, թե ով կտանի բանակցությունները, ով կլինի գլխավոր միջնորդը, ում հաշվի կառնեն կողմերը: Բնականաբար, կողմերը փորձում են խաղարկել իրենց նոր դերը, փորձելով անորսալի քաղաքականություն վարել ԵՄ-ի ու Ռուսաստանի համար: Այս փուլը կշարունակվի այնքան, քանի դեռ չի հանգուցալուծվել պատերազմն Ուկրաինայում: Կարևոր չէ, թե ինչ է քննարկվում Պուտինի կամ ԵՄ ներկայացուցչի հետ, կարևորը շփումների քանակն է ու հետագա քննարկումների վայրը:

Ռուսաստանի համար բարդ իրավիճակ է ստեղծված: Գլխավոր կետերից մեկն այն է, որ ՌԴ-ն չի ցանկանում մեկ այլ ճակատ, ցանկանում է հարաբերական խաղաղություն Հարավային Կովկասում, սա նշանակում է, որ հակված չէ լարումների ո՛չ կողմերի, ո՛չ այլ միջնորդների հետ, ուստի, հասկանալով, որ նման իրավիճակում բեկումները քիչ են հնարավոր, նաև չի փորձում մաքսիմալ ներուժով խոչընդոտել: Բայցև գործընթացներից դուրս չմղվելու խնդիր կա: Այս ամենը, ենթադրում եմ՝ բարդ է Մոսկվայի համար, ուկրաինական ճակատը ահռելի ռեսուրսներ է պահանջում, ուստի գոնե պետք է պահպանել մինիմալ իրողություններ», -ասաց Ֆելգենգաուերը:

Նրա խոսքով, այս հարապատկերի մեջ Ադրբեջանն ու Թուրքիան էլ իրենց շահերի վրա հիմնված քաղաքականությունն են վարում, որը ժամանակ առ ժամանակ անհասկանալի է Մոսկվայի կամ Արևմուտքի՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի համար, փորձում առավելագույն արդյունքներ ստանալ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներից Հարավային Կովկասի համար:

«Գլխավոր հարցը հիմա հետևյալն է՝ թե որտեղ են շարունակվելու Հայաստան-Ադրբեջան հետագա բանակցությունները և որքան է շարունակվելու անորոշությունը, քանի որ տպավորություն է, որ Բրյուսելը չի կարողանում արդյունավետ շարունակել իր ջանքերը, իսկ Մոսկվան չունի ռեսուրս ու այս փուլում հետաքրքրություն ակտիվ զբաղվել այս ճակատով, ուստի կա մեծ անորոշություն ապագա շփումների վայրի, միջնորդի հարցում: Սա, իհարկե, նաև վտանգներ է պարունակում ռեգիոնի համար»,- ասաց Ֆելգենգաուերը:

Տեսանյութեր

Լրահոս