«Մեթոդական առումով դա կարող է հանգեցնել ուսումնական գործընթացի որակական անկման». Դանիել Բալայան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանները միավորվելու են և ստեղծվելու է ռազմական ակադեմիա:

«Ավիացիոն համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոներ և համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար։ Այն մարդիկ, որոնք կդիմեն ՌՈւ և կընտրեն մասնագիտացումը սահմանապահ զորքերի, հետագայում, ավարտելուց հետո, նրանց վրա տարածվելու են օրենքի նույն դրույթները։ Այսինքն՝ լրացուցիչ հոդված ավելացնելու կարիք չկա, քանի որ խնդիրը կարգավորվում է արդեն իսկ մեր նախաձեռնած փոփոխությունների շրջանակներում»,- նշել է Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, և նոր պետ այդպես էլ չի նշանակվել, համալսարանը ղեկավարվում է պետի պաշտոնակատարի մակարդակով, ինչպես ԶՈՒ գլխավոր շտաբը մոտ 5 ամիս:

Որքանո՞վ է արդարացված Ռազմական և Ավիացիոն համալսարանների միավորումը, ի՞նչ խնդիրների է այն հանգեցնելու, այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը լսել է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետ Դանիել Բալայանի մասնագիտական կարծիքը:

«Կարելի է միավորել մի համալսարանի կազմում, այսինքն՝ լինի համալսարան կամ ակադեմիա, բայց երկու հաստատությունները մնան իրենց կազմով: Իհարկե, որոշակի պաշտոններ կարող են տեղափոխվել, որոշ բաժինների միաձուլումը չի խանգարի, բայց ընդհանուր «կմախքին», որը կազմակերպում է ամբողջ ուսումնական գործընթացը ու նաև ֆակուլտետներին, ձեռք տալը նպատակահարմար չէ: Մեթոդական առումով դա կարող է հանգեցնել ուսումնական գործընթացի որակական անկման: Այսինքն, բավականին լուրջ խնդիր կարող ենք ունենալ»,- ասաց նա:

Իսկ այն, որ իշխանություններն այս քայլը պայմանավորում են դիմորդների թվի նվազմամբ, Բալայանը նշեց, որ բուհերում դիմորդների թվանակի լուրջ նվազում կա, որը իր արտացոլումն է գտնում նաև ռազմական հաստատություններում: Բացի այդ, շատերը ձգտում են այսօր բարձր վարձատրվող ՏՏ մասնագետի որակավորում ստանալ:

Ըստ Բալայանի՝ իհարկե, էկոնոմիկայի տեսանկյունից դիմորդների այդքան ցածր թվի դեպքում 2 բուհ պահելը կարող է արդարացված չհամարվել:

«Խնդիրը մասնագիտական բարդությունների մեջ է: Ռազմատեխնիկական կրթության ծրագիրն էապես տարբերվում է համազորային կրթության ծրագրից»,- հավելեց նա:

Հարցին՝ պատերազմի մեջ գտնվող երկրում օպտիմալացնում են Ավիացիոն ռազմական համալսարանը, երբ մեր հակառակորդը ամեն ինչ անում է զարգացնելու իր երկրի ռազմական ավիացիան, այդ թվում՝ կադրերի պատրաստման առումով, ի՞նչ խնդիր ենք ունենալու հնարավոր պատերազմի դեպքում, Դանիել Բալայանը կարճ պատասխանեց. «Որակի: Այս ամենի արդյունքում ունենալու ենք որակի կորուստ»:

Այս համատեքստում գեներալ-մայորը հայտնեց, որ Ադրբեջանում համարժեք ռազմական ուսումնական հաստատություն կա, որտեղ ստանում են սկզբնական կրթությունը, հետագա ուսուցումն արդեն շարունակվում է Թուրքիայում:

Վերադառնալով խոսակցության բուն թեմային, ռազմական ավիացիոն համալսարանի նախկին պետն ասաց, որ ռազմական նշված համալսարանների միավորման հարցը քննարկվել է նաև նախկին իշխանությունների օրոք, անցկացվել են բազմակողմանի քննարկումներ և վերլուծություններ, և այդ քայլին չեն գնացել:

«Քանի որ ես տեղյակ չեմ պլանավորվող կառուցվածքային փոփոխություններից, իմ կարծիքը ներկա ղեկավարությանը հայտնելու հնարավորություն չեմ ունեցել»,- ընդգծեց Բալայանը՝ հավելելով, որ առանձին ռազմական ավիացիոն համալսարան պահելը մեծ ծախսեր մեր դեպքում չի պահանջել:

«Մենք բավականին հետաքրքիր ձևով ենք կազմակերպել մեր ուսուցումը, օգտագործել ենք համապատասխան զորքերի բազաները: Այսինքն, ստացվել է տանդեմ՝ ավիացիոն համալսարան և զորք: Այսինքն, պրակտիկան միասին ենք իրականացրել: Պետք է հարցին բազմակողմանի նայել և գիտակցել հետևանքները: Ուսումնական գործընթացի կազմակերման գործող ձևաչափը երկար տարիների փորձառությամբ է ստեղծվել։ Ամփոփելով՝ կարծում եմ, որ կարելի է ստեղծել մեկ ռազմական համալսարան, որի հարկի տակ կմիավորվեն երկու ռազմական ինստիտուտներ՝ գործընթացների ամբողջական կազմակերպումը թողնելով ինստիտուտների պատասխանատվության դաշտում, իսկ ընդհանուր համագործակցությունը, ապահովումը և վերահսկողությունը իրականացվի համալսարանի կողմից»,- նշեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով:

Գործում է 4 ֆակուլտետ, որից 3-ը` մասնագիտական (ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության), և 1-ը` հանրակրթական առարկաների ֆակուլտետ:

Ընդ որում, միայն ավիացիոն ֆակուլտետում 9 մասնագիտությամբ կրթություն է ապահովվում, դրանք են՝

-Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:

-Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:

-Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-Ավիացիոն սպառազինություն: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-Օդային շարժման մարտական կառավարում-ղեկապետ: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` կառավարման բակալավր:

-Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

Իսկ ՀՕՊ ֆակուլտետում 3 մասնագիտությամբ է կրթական ծրագիրը, այն է՝

-ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

-ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

Թե ինչպես է հետո այս մասնագիտությունների գծով ապահովվելու ուսուցումը, կամ ինչ է լինելու ավիացիոն համալսարանի նյութատեխնիկական բազայի հետ, ժամանակը ցույց կտա, թեպետ ինչ-որ բաներ կռահելի են:

Ի դեպ, նշենք, որ հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։

ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն անդրադառնալով, Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։

Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Տեսանյութեր

Լրահոս